HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սլովակիայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մարտի 15-ին հրաժարական է տվել: Նրան հետևել է նաև ամբողջ կառավարությունը, քանի որ դա է պահանջում Սլովակիայի սահմանադրությունը: 

Հրաժարական տալու պատրաստակամության մասին Ֆիցոն հայտնել էր դեռ մարտի 14-ին: Սլովակիայի արդեն նախկին վարչապետի հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամով, ինչի պատճառը սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունն է:

Լրագրողին և նրա հարսնացուին սպանված էին գտել փետրվարի 25-ին Վելկա Մաչա գյուղի իրենց տանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականներ էին տվել նաև Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիլիամ Յասանը և կառավարության այլ անդամներ:

27-ամյա լրագրողի սպանությունից հետո Սլովակիայի մոտ 50 քաղաքներում մեկնարկեցին բազմահազարանոց բողոքի ակցիաներ: Ցուցարարաները պահանջում էին կառավարության հրաժարականը, ինչն ի վերջո տեղի ունեցավ: 

Յան Կուցիակը հետաքննում էր իտալական «Նդրանգետա» ('Ndrangheta) հանցավոր խմբի և Սլովակիայի կառավարության միջև կապերը: Ըստ լրագրողի պատմությունների՝ կալաբրիական մաֆիայի ներկայացուցիչները Սլովակիայի արևելքում տիրացել էին Եվրամիության տրամադրած գյուղատնտեսական սուբսիդիաներին, ինչին առնչություն են ունեցել նաև Ռոբերտ Ֆիցոյի կառավարության անդամները:

Ֆիցոյի կառավարության հրաժարականից հետո նրա տեղակալ Պետեռ Պելեգրինիին հանձնարարվել է նոր կառավարություն ձևավորել: 

լուսանկարը՝ Stephanie Lecocq/EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter