HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշ հերոսներ

Եթե սերունդների միջեւ, մեծամասնության ու փոքրամասնության միջեւ, ուժեղի ու թվացյալ թույլի միջեւ բացակայում է երկխոսությունը, սկսվում է պայքարը հողմաղացների դեմ։ Եվ հակառակը՝ բավական է սկսես խոսել դիմացինիդ հետ, հասկանում ես, թե ինչքան նման եք իրար, նույնիսկ եթե առաջին հայացքից աչք են ծակում հե՛նց ձեր տաբերությունները։ Ու հանկարծ պարզ ընկալում ես, որ անկախ նրա ֆիզիկական ու մտավոր հատկանիշներից, անկախ սեռական ու գենդերային հակումներից, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից եւ մնացած, իրականում ոչինչ չնշանակող տարբերություններից, դուք՝ դու եւ նա, ունեք նմանատիպ վախեր ու երազանքներ, մանկության հիշողություններ ու սպասումներ ապագայից, երջանկության ու դժբախտության պատկերացումներ ու ձգտումներ, որոնք իրականացնելու համար ճիշտ կլիներ միավորել ուժերը՝ փոխանակ միմյանց գոյությունն ատելությամբ ու անհանդուրժողականությամբ թունավորելու։

Իրականության եւ երեւակայության խախուտ սահմանը

Մանկությունից գիտե՞ք ինչ եմ հիշում, որ լամպի լույսին եմ նայում դեղին ալմաստի միջով։ Ուսումնասիրում եմ։  Չգիտեմ՝ ինչ ալմաստ է։ Իսկական, դեղին ալմաստ է, մայրս է տվել։ Երեւանում ենք ապրում ու ես մեկ տարեկան եմ։ Հիմա 39 տարեկան եմ, ու մանկությունից հենց այդ պահն է տպավորվել հիշողությանս մեջ։ Շատ բան չեմ հիշում, իսկ դա հիշում եմ։ Ալմա՞ստը։ Չգիտեմ՝ ինչ եղավ։ Մայրս մահացել է։ Փոքրիկ դեղնոտ քար էր․ հիշում եմ, թե ոնց էի դրա միջով նայում լամպերի լույսին, հեռուստացույցի էկրանին․ ամեն տեղ հետս ման էի տալիս, խաղում էի։

Չորս տարի է՝ Հայաստանում եմ։ Հորս հետ եկանք։ Հիմա ինքը Երեւանում է ապրում։ Ես սկզբում մի չորս ամիս Վարդենիսի հոգեբուժարանում էի, հետո հոգեբանը երաշխավորեց, եւ տեղափոխվեցի Սպիտակի խնամքի տուն։ Հիմա այստեղ եմ։

Մինչ այդ էլ Վրաստանում եմ ապրել։ Մորս հետ։ Այնտեղ գնացի ռուսական դպրոց, իսկ տասնչորս տարեկանում տեղափոխվեցինք Մոսկվա։ Հայրս մնաց Երեւանում․ ես մամայի հետ էի։ Այնտեղ դիմեցի բժշկական ուսումնարան, ավարտեցի այն, ընդունվեցի Կոմսոմոլի բարձրագույն դպրոց՝ հոգեբանի մասնագիտությամբ, սովորեցի մի երեք տարի, հետո մեր ընտանիքի ֆինանսական վիճակը վատացավ։ Փոքր բիզնեսով էինք զբաղվում, ես տարբեր իրեր էի բերում, մայրս վաճառում էր։ 2000-ի սկզբներին արդեն գումար ընդհանրապես չմնաց, ու ստիպված թողեցի ուսումս։

Հետո ընկերս՝ հույն Անժելան, առաջարկեց մեկնել Հնդկաստան, տոմս գնեց ինձ համար, վիզա հանեցի ու 2000-ականների սկզբին թռա Հնդկաստան՝ երեք ամսով։ Չգիտեմ՝ ինչու հատկապես Հնդկաստան։ Էդպե՛ս ուզեցի։ Այդ տարիքում Օշո էի լսում, տարբեր բաներ, միս չէի ուտում, ընդհանրապես ոչ մի տեսակի միս չէի ուտում։ Հետո մի պահ զգացի, որ երբ միս չեմ ուտում, սկսում եմ ուտել մարդկանց։ Փոխաբերական իմաստով, իհարկե։ Մի խոսքով, գնացի Հնդկաստան ու հայտնվեցի Բոմբեյի փողոցներում՝ ընդամենը մի կարմիր՝ ո՛չ այն է կանացի, ո՛չ այն է տղամարդու հագուստով ու մի շիշ ջրով։ Տասնչորս օր ու գիշեր թրեւում էի Բոմբեյի փողոցներում, հետո կորցրի նաեւ այդ մի շիշ ջուրը։ Կանգնեցի, կանգնեցի, հետո հանկարծ հագուստս հանելու ու մի կողմ նետելու սուր ցանկություն ունեցա։ Հանեցի, լրիվ մերկ կանգնեցի փողոցում մի երեք րոպե, հետո նորից հագա ու շարունակեցի ճանապարհս։ Ու, պատկերացնո՞ւմ ես, վրաս որեւէ մեկն ընդհանրապես ուշադրություն չդարձրեց։ Ոնց քայլում էին, այդպես էլ շարունակեցին անցնել-գնալ կողքովս։

Հետո վերադարձա Մոսկվա, դե հետդարձի տոմսը նախօրոք ունեի, ու երբ այստեղ փորձեցի փողոցում մերկանալ, ինձ բռնեցին ու տարան հոգեբուժարան։ Քանի դեռ ես հոգեբուժարանում էի, մայրս մահացավ, ու դրանից շատ չանցած` քույրս ինձ հոգեբուժարանից վերցրեց, որ տունը վաճառենք ու գումարը կիսենք։ Գումարի իմ մասով ես գնացի Մոսկվայի մերձակայքում ապրելու, իսկ ինքը մնաց Մոսկվայում։

Հետո որոշեցի ընդմիշտ մեկնել Աֆրիկա՝ զուլուսների մոտ։ Այդ շրջանում ամենից շատ զուլուսների մշակույթով ու պատմությամբ էի տարված։ Իրենք հետաքրքրիր ֆենոմենալ մարդիկ են, ոչնչից չեն վախենում։ Ցեղախումբ է, որն ապրում է ամբողջ Աֆրիկայի տարածքով մեկ՝ Զամբիայում, Նամիբիայում, Տանզանիայում։ Ուզում էի իրենց հետ ապրել, այնպես որ վաճառեցի տունս Մոսկվայի մերձակայքում, վաճառեցի ինչ ունեի-չունեի ու մեկնեցի Նիգերիա։ Զուլուսները հետաքրքիր մշակույթ ունեն՝ իրենց լեզվում անգամ կենսաբանական ու հոգեբանական տերմիններ կան։ Լեզուն, ճիշտ է, չհասցրի սովորել, բայց անգլերենով շփվում էինք եւ ինձ այդ մասին պատմում էին։ Բայց նրանց հետ երկար չհաջողվեց ապրել, ինձ հայտնաբերեց փրկարարական օպերացիան եւ առանց իրերի արտաքսեց Մոսկվա։ Գիտե՞ք ինչպես ինձ գտան։ Տուրիստական ֆիրման տեղեկացրել էր, որ չեմ վերադարձել, վերադարձի տոմսս չեմ օգտագործել, այլ մեկնել եմ ինչ-որ տեղ, եւ իմ հետեւից փրկարարներ էին ուղարկել՝ զենքով, մեքենաներով, սրանք էլ եկան ու ինձ գտան։ Ես, ճիշտ է, փորձում էի հակառակվել, ասում էի, որ ուզում եմ մնալ, բայց փրկարարների ղեկավարն ասաց՝ տեսնո՞ւմ ես այս մարդկանց, նրանք շատ ուժեղ են եւ միեւնույն է՝ քեզ կստիպեն ենթարկվել։

Այդպես նորից հայտնվեցի Մոսկվայում՝ առանց իրերի, առանց ապրելու տեղի, եւ ինձ նորից տեղափոխեցին հոգեբուժարան։ Քանի որ ինձ հայտնաբերած ոստիկանները ինչ-որ անօրինական ճանապարհներով տեղեկացել էին, որ հաշվառված եմ հոգեբուժարանում, շտապօգնություն կանչեցին։ Ինձ տեղափոխեցին հոգեբուժարան, հետո հայրս ինձ տեղավորեց մասնագիտացված հատուկ կլինիկայում՝ Պետերբուրգում, որ կարողանամ հաշմանդամության թոշակ ստանալ։ Երեւի մտածեց՝ քանի որ մերկացել եմ, հաշվառման եմ կանգնել հոգեբուժարանում, քանի որ ինձ դիագնոզ է դրվել, ճիշտ կլինի ինձ համար թոշակ ձեւակերպել։ Դիագնո՞զը։ Ընդհանուր հիվանդություն։ Այդպես գրվեց բժշկական փաստաթղթերում, երբ առաջին անգամ Մոսկվայում կլինիկա ընկա։ Շիզոֆրենիայի մասին այնտեղ ոչինչ չկար գրված։ Իսկ երբ արդեն երկրորդ անգամ պառկեցի հիվանդանոց Սանկտ-Պետերբուրգում, այնտեղի բժիշկը գրեց՝ շիզոֆրենիա։

Կին էլ եմ ունեցել, մոտավորապես քսանութ տարեկան էի երեւի։ Իհարկե, քաղաքացիական ամուսնություն էր։ Զինա էր անունը։ Վատ մարդ չէր, երեւի սիրում էի իրեն, բայց երբ մեկնեցի Հնդկաստան, բաժանվեցինք, եւ ինքը ուրիշին գտավ։ Տանը, որտեղ ապրում էինք, մայր կար, տատիկ, ես այնտեղ մի քիչ ապրեցի, հետո այլեւս չկարողացա։ Աղջիկ ունենք։ Փորձել եմ կապ հաստատել հետները. չեն պատասխանում։ Ո՛չ մայրը, ո՛չ աղջիկս։ Արդեն 11 տարեկան կլինի, ի դեպ, տանն է ծնվել, ծննդատուն չենք գնացել։ Կանչել ենք հեգեւոր տատմեր, որպեսզի երեխան տարբեր հոգեբանական տրավմաների չենթարկվի, որոնց երեխաները սովորաբար ենթարկվում են ծննդատներում։ Որտեղից գիտե՞մ։ Մասնագիտությամբ հոգեբան եմ, չէ՞։ Բոլոր ծննդյան տրավմաները այդ ժամանակներից են գալիս։ Ծննդատներում ո՞նց է՝ չեն թողնում, որ երեխան ինքնուրույն շնչի, այլ խփում են հետույքին։ Սա ճիշտ չէ։ Երեխան ինքը պիտի սկսի շնչել։ Հետո պորտալարը արագ կտրում են։ Իսկ պտղապարկը պիտի երեխայի մոտ լինի առնվազն մի երեք ժամ, քանի դեռ չի դադարել տրոփել այդ ամբողջ համակարգը։ Դա հաստատ է։

Տան վաճառքից մի քիչ գումար էր մնացել։ Եվ ես երկրորդ անգամ մեկնեցի Հնդկաստան։ Այնտեղ ապրեցի մեկ տարի, որից վեց ամիսն անցկացրի Դելիի խիստ ռեժիմի բանտերից մեկում։ Անունը դրեցին վիզային ռեժիմի խախտում, չնայած ես ոչ մի օրենք չէի խախտել։ Բանտային հոգեբանը կին էր։ Նա ինձ լիարժեք առողջ համարեց եւ ուղարկեց ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հաստատություն։ Չեմ կարծում, որ հնդիկ հոգեբանները ինչ-որ բանով զիջում են մերոնց։ Ինչո՞ւ, այդ դեպքում, ինքն իմ մոտ ոչ մի շեղում չգտավ։

Բանտում վտանգավոր էր։ Բանտարկյալների հետ շփվում էի իմ թերի անգլերենով։ Հիմնականում կոնֆլիկտներ չէի ունենում, բայց երբեմն պատահում էր։ Ինչու էր ինձ անընդհատ ձգում Հնդկաստա՞նը։ Հասկանո՞ւմ ես, ախր դա Ռաբինդրանատ Թագորի, Ռամանա Մահարիշիի, Օշոյի հայրենիքն է։ Հետաքրքիր է, չէ՞։ Տանը նստած գրքեր կարդալը այն չէր, ուզում էի ոտաբոբիկ քայլել այդ հողի վրայով, տեսնել Հնդկական օվկիանոսը, լողալ այնտեղ։ Այո, բավականին լավ լողալ գիտեմ։ Մի անգամ լիալուսնի ժամանակ մի ամբողջ գիշեր լողացի Հնդկական օվկիանոսում։

Դե, բժիշկ չդարձա․այնքան էլ լավ չեմ սովորել, դասերին չէի հաճախում։ Երբ սովորում էի՝ այն երեք տարիները, զեկույցներ էի գրում, ռեֆերատներ, բոլոր դասախոսներին գրածներս շատ դուր էին գալիս, ձեռքները բռնած՝ ցույց էին տալիս մյուսներին, գովում էին, ասում էին՝ նայեք ինչ լավ աշխատանք է գրել։ Բայց դասերից հաճախ բացակայում էի։ Չէի հաճախում։ Խելքս հերիքում էր, բայց ծուլություն էի անում։ Չգիտեմ՝ ինչո՞ւ։ Հիմա որ հանկարծ որոշեմ նորից սովորել, ավելի լավ կսովորեմ։ Հետո Պուտինը եկավ իշխանության՝ 1999-2000 թվականներին, բոլոր մանր առեւտրականներին սկսեց նեղել։ Սովորելը ընդհանրապես թողեցի։ Հետո մայրս մահացավ․ սիրտն էր, շատ էր ծխում։ Հիմա էլ ես եմ շատ ծխում։ Չեմ խմում, բայց շատ եմ ծխում։ Սեւ թեյ եմ սիրում խմել։ Մեռնելուց չեմ վախենում։ Ինչքա՜ն վտանգավոր բաներ կան՝ ծխախոտը, սուրճը, թեյը։ Բոլորից չես փախչի։

Պետերբուրգում, մոտավորապես երեսուն տարեկան էի, մի երեք անգամ սեփական կամքով հիվանդանոց պառկեցի։ Եվ, ի վերջո, ինձ տվեցին անժամկետ հաշմանդամության կարգ եւ թոշակ նշանակեցին։ Եթե Հնդկաստանում լինեի, այդ թոշակով նորմալ կկարողանայի ապրել։ Այնտեղ ամեն ինչ շատ էժան է։ Ճի՛շտ ես, էլի Հնդկաստանն է մտքումս։ Ես կգնամ Հնդկաստան ու երեւի էլ չեմ վերադառնա։ Հա՛, երազա՜նք է Հնդկաստան գնալը։ Այնտեղ մի ընկեր ունեմ, համացանցով եմ ծանոթացել, առաջարկում է իր տանն ապրել, իսկ թոշակը կծախսենք սննդի ու ծխախոտի վրա։

Չեմ վախենում, որ ինձ կխաբեն, աչքերս բաց են, ու ամեն ինչ տեսնում եմ. Չետանը լավ մարդ է, իդեալական չէ, բայց լավ մարդ է․ մենք շփվում ենք։ Ա՛յ, որ հասնեմ Հնդկաստան, այնտեղ անգամ սատանան գլուխը կկոտրի, բայց ինձ չի գտնի։ Երկու միլիարդ հինդուսների մեջ որպեսզի մարդ գտնես, չգիտեմ ով պիտի լինես, այնտեղ ո՛չ անձնագրեր, ո՛չ անուններ, ո՛չ գերեզմանի համարներ կարելի է գտնել։ Կգնամ, կկորեմ անծայրածիր հնդկաստաններում, էլ ոչ ոք չի գտնի ինձ։ Հնդկաստանն ինձ շատ է համապատասխանում՝ հեգեւոր պլանում։

Հայրս չի աշխատում, թոշակառու է։ Երբեմն այցելում է։ Ո՛չ շատ հաճախ։ Երբ կարոտում եմ, զանգում եմ։ Ճիշտ է՝ ինքն ինձ չի ընդունում այնպիսին, ինչպիսին կամ։ Իսկ ես չեմ ուզում փոխվել։ Ինքս ինձ այսպիսին դուր եմ գալիս։ Ճիշտ է, ինքը հայրս է, երեւի իմ լավն է ուզում, փորձում է օգնել, բայց ինձ դա հիմա պետք չէ։ Չեմ ուզում կոնկրետ որեւէ բանի ձգտել, ինչ-որ բան դառնալ, թռչել սովորել, ջրի տակ շնչել սովորել եւ այլն եւ այսպես շարունակ։ Պարզել հավերժական կյանքի գաղտնիքը։ Այդ ամենն ինձ համար չէ՛։ Չնայած, գիտե՞ս, պահ է եղել, որ մտածել եմ՝ ի՜նչ լավ կլիներ հավերժական կյանք ունենալ։ Բայց հետո հասկացել եմ, որ կձանձրանայի։ Երեւի։

Ուրիշ բարեկամներ էլ ունեմ։ Մեծ եղբայր, որը Կրասնոդարում է ապրում՝ Տիգրանը։ Մեր մայրերն են տարբեր։ Վերջերս զանգել էր։ Շատ ուրախացա։ Հորաքույր ունեմ՝ Մարիցան, աթեիստ է։ Իր հետ էլ եմ հեռախոսով կապ պահպանում։ Ուրիշ հորաքույրներ էլ ունեմ՝ Կարինան, Գայանեն։ Իրենց հետ էլ հեռախոսով եմ շփվում։ Մեկ-մեկ ես եմ զանգում, մեկ-մեկ իրենք են զանգում, ուզում են իմանալ՝ ոնց եմ ապրում։

Առաջին սե՞րս։ Իռա էր անունը։ Մոսկվայում էր։ Ես քսանհինգ-քսանվեց տարեկան էի երեւի։ Դպրոցում էլ՝ առաջին դասարանում, մի ռուս աղջիկ կար՝ Օկսանան, իրեն էի սիրահարվել։ Վրաստանում էինք ապրում այդ ժամանակ։ Հետո ընտանիքով մեկնեցին ինչ-որ տեղ։ Կարծեմ` Մոնղոլիա։ Իսկ Իռան ամուսնացել է։ Երեխաներ ունի։ Մի պահ Ֆեյսբուքում գրանցվեց, շփվում էինք, հետո փակեց էջն ու իր հետ կապը կորցրի։ Երեւի Ֆեյսբուքը դուրը չէր գալիս։

Ես իրականում այդքան էլ դյուրահավատ մարդ չեմ, չեմ վստահում էլեկտրոնային փողերին, բանկային քարտերին ու Ֆեյսբուքին՝ հատկապես, բայց դե, ցավոք, օգտվում եմ։ Արդեն մի երեք տարի է։ Չգիտեմ էլ՝ թե ինչու։ Կոմպրոմի՞ս է, ինչ է։ Ֆեյսբուքի ու մնացած ամեն ինչի միջեւ, որ ավելի վտանգավոր են։

Իմ բախտը բերում է՝ միշտ լավ մարդկանց եմ հանդիպում։ Դեռ չի եղել, որ ինձ խաբեն։ Սոցիալական մի ցանց կա՝ «Դարքնեթ», այնտեղ այցելուները անանուն են շփվում։ Մի անգամ հանդիպեցինք այդ կայքի այցելուների մի խմբի հետ։ Մի տասնհինգ հոգի կլինեինք, եւ բոլորը նորմալ մարդիկ էին։ Համենայն դեպս՝ ինձ համար։ Անգամ Տարո քարտերով գուշակող մի կին կար. իմ մասին էլ հետաքրքիր բաներ ասաց, հիմա չեմ հիշում կոնկրետ թե ինչ, օրինակ, որ ես իմաստուն եմ։

Իսկ Չետանը գինու առեւտրով է զբաղվում։ Ընտանիք ունի։ Չգիտեմ՝ իր ինչին է պետք հայաստանցու հետ ընկերություն անելը։ Հնդիկ է, էլի։ Երեւի հնդիկները բոլորն են այդպիսին։ Ժամանակին ինքն էլ է Օշոյի գաղափարախոսությամբ տարված եղել։ Կարծում եմ՝ ուղղակի աշխարհը լիքն է բարի մարդկանցով։

Այստեղ ինձ Վարդենիսի հոգեբուժարանի հոգեբան Անժելան ուղարկեց։ Կանչեց ու ասաց՝ Վահա՛գն, տեսնում եմ, որ դու որեւէ լուրջ խնդիր չունես, ուզում եմ երաշխավորել, որ քեզ Սպիտակի խնամքի տուն տեղափոխեն։ Այդպես էլ արեց, ինչի համար իրեն մեծ շնորհակալություն։ Ի դեպ, էնպես է ստացվել, որ իմ կյանքում երկու Անժելաներ են լուրջ դեր խաղացել։ Մեկն ինձ ուղարկեց Հնդկաստան, մյուսը՝ Սպիտակի խնամքի տուն։ Այն Անժելայի հետ, որն ինձ Հնդկաստան գնալու համար փող էր տվել, հիմա էլ շփվում ենք, ինքն ինձ վերջերս գրել էր, որ էլի Հնդկաստան է գնում, այս անգամ՝ Կալկաթա։ Շատ եմ ափսոսում, որ հնարավորություն չունեմ իր հետ մեկնելու, բայց ասացի, որ մի օր անպայման կգնանք միասին։

Դե, այս անգամ ավելի խելամիտ կլինեմ։ Առաջին անգամ դեսանտի պես ինքնաթիռի դուռը բացեցի ու հայտնվեցի Հնդկաստանում։ Իջա ու իջա, առանց իրերի։ Նիրվանայի փնտրտուքներում։ Դաունշիֆթեր։ Այդպես անվանեցին ինձ դեսպանատանը, երբ այնտեղ հասա բառացիորեն մերկ, որովհետեւ ճեպընթաց գնացքում, ընթացքի պահին հանել էի հագուստս ու պատուհանից դուրս նետել։ Դա ինչ-որ ագրեսիայի է նման դեպի հագուստը։ Հանում ու նետում էի պարբերաբար։ Այ դա էր իմ սխալը, որ այդ անգամ դուրս էի նետել գնացքի պատուհանից։ Պետք էր պահել ու հետո նորից հագնել, բայց հագուստս արդեն չկար, ու հայտնվեցի մերկ՝ Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատանը։

Ստացվում է, որ իրոք սկսեցի զրոյից, բառիս բուն իմաստով։ Այնպես չէ, որ մերկանալով ծաղրում էի ինչ-որ մեկին։ Դե մերկ մարդ էր՝ եկավ, գնաց։ Ի՞նչ կա որ։ Բայց վերջ, դա արդեն հաղթահարել եմ։ Էլ չեմ մերկանա։ Հատկապես, որ Սպիտակում ցուրտ է, ո՛չ Հնդկաստանի նման շոգ։ Հնդկաստանում, ի դեպ, էլի կային մերկ ման եկող մարդիկ։ Մի հոգեւոր հովիվ կար, որ երբեք ոչ մի հագուստ չէր կրում։ Բայց հիմա որ գնամ Հնդկաստան, այլեւս մերկանալու ո՛չ ցանկություն կունենամ, ո՛չ էլ ժամանակ։ Զբաղված եմ լինելու։ Չիտանը համակարգիչներից լավ գլուխ է հանում, պիտի խնդրեմ, որ ինձ էլ սովորեցնի սպառողական մակարդակից ավելի բարձր ինչ-որ բան՝ ծրագրավորում, օրինակի համար։ Շատ պատճառներ կան, որ ուզում եմ Հնդկաստան գնալ։ Բոլորը չեմ կարող թվել։

Սպիտակի Խնամքի տանն ինձ լավ եմ զգում։ Պարզապես, եթե երեկոյան դուրս գամ մենակ ման գալու, ինձ մի քանի անգամ կարող են հարցնել, թե ազգությամբ ո՞վ եմ, որովհետեւ հայի նման չեմ, ում ասես նման եմ, բացի հայից։ Մինչեւ վերջերս նաեւ մորուք էի պահում։ Հետո սափրեցի, բայց որոշել եմ քառասուներեք-քառասունչորս տարեկանից հետո արդեն հիմնական մորուք ունենալ։

Բանդանան էլ կապում եմ, որ մազերս բիզ-բիզ չկանգնեն։ Ձեւեր չեմ թափում, կերպար չի։ Ֆունկցիոնալ բան է։ Տարբերակ եմ գտել՝ մազերիս դեմ պայքարելու, ինչ-որ կերպ կապելու։ Չգիտեմ՝ հայրս ու մայրս հայ են, բայց դիմագծերիս մեջ ինչ-որ գնչուական բան կա։ Կարծում եմ՝ թափառելու սերս էլ գնչուական է։

Համակարգիչներից այստեղ բոլորից լավ եմ գլուխ հանում, բայց դա բավական չէ։ Փակ աչքերով կարող եմ համակարգիչը քանդել ու հավաքել, եթե ինչ-որ բան վառվել է, չի աշխատում, պետք է փոխել։ Էդպես։

Երեւանը սիրում եմ։ Առհասարակ մեծ քաղաքներ եմ սիրում։ Մոսկվան։ Բոմբեյը։ Օվկիանոսային քաղաք է, այնտեղ մեծ մասամբ զով է լինում։ Մեծ քաղաքներում կարող ես կորել մարդկանց մեջ։ Բայց ես արդեն ինչքան պետք է՝ կորել եմ իմ կյանքում։ Էլ չեմ ուզում։ Ես կարողանում եմ իմ եսը պահպանել անգամ մեծ քաղաքներում։

Իսկ, ա՛յ, Ամերիկա չեմ ուզում գնալ։ Ընկերս եղել է, ասում է, որ այնտեղ ծխողների հետ լավ չեն վարվում։ Ամեն քայլափոխի արգելքներ են։ Եթե ծխելիս փողոցում բռնում են, պետք է տուգանք մուծես։ Կարելի է, իհարկե, ծխելը թարգել։ Բայց դա ամերիկյան տարբերակ է՝ ինչ-որ բան թարգելը։ Իրենք ասում են՝ եկեք սկզբում թողնենք ծխելը, հետո խմելը կթողնենք, հետո պոմիդոր ուտելը կթարգենք, հետո՝ մեղր ուտելը, իսկ ավելի ուշ գուցե նաեւ հագուստը կրե՞լը թարգենք։ Ի՞նչ իմանաս։ Իսկ ես որոշել եմ՝ էլ չեմ մերկանալու։ Չէ՛, չէի գնա Ամերիկա, մի խոսքով։ Հնդկաստան կգնամ, հետո էլ գուցե ուրիշ ինչ-որ տեղ գնամ։ Բայց՝ ո՛չ Ամերիկա։

Իսկ առայժմ սպասում եմ, որ գարունը գա։ Ազատ ժամանակ խնամքի տան շրջակա հողը բնակիչներով մշակել ենք, ծաղիկներ ենք տնկել։ Պատկերացնում եմ, որ գարունը գա ու ծաղիկները ծաղկեն, շուրջն ինչքա՜ն է գեղեցկանալու․․․  

Ռուզաննա Ազիզյան, Ստելլա Գեւորգյան

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ

Լուսանկարներում Վահագն Պետրոսյանն է

Այս շարքում տե՛ս նաեւ Առաջ նայելու քաջությունըԵրջանկության եւ ցավի արանքում

Քանի դեռ ամեն ինչ լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter