HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան հարցը և «համաշխարհային դեմոկրատիայի» կեղծիքը. մաս 2

Նախորդ շարադրանքում տեսանք, որ Ղարաբաղի հարցում «միջազգային հանրության» մոտեցումը, և հատկապես խնդրի ակտիվացման ներկա փուլը հիմնավորվում է «պոպուլյար առաջնորդը պարտավոր է իրացնել ոչ պոպուլյար քայլեր, հենց որովհետև պոպուլյար է» պարադոքսալ բանաձևով: Տեսանք, նաև, որ հակառակ այն բանի, որ այս բանաձևը խախտում է ոչ միայն տրամաբանության, այլև բարոյականության բոլոր կանոնները, այն այսօրվա աշխարհում ընկալվում է գրեթե որպես ժողովրդավարության էտալոն:

Կարող է թվալ, որ այս պատկերացումը մի պատահական սխալմունք է, մի թյուրիմացություն, բայց իրականում այն բխում է թե՛ ներկայացուցչական դեմոկրատիայի, թե՛ հատկապես միջազգային քաղաքականության էությունից:

Ներկայացուցչական համակարգում, որում անվանապես հռչակված է ժողովրդի իշխանություն, ժողովրդի՝ այսինքն՝ կուսակցություններից և այլ վերնախավային կազմակերպված խմբերից դուրս եղած քաղաքացիների, իրական քաղաքական ազդեցությունը սահմանափակվում է ընտրական գործընթացներով: Առավել ևս այդպես է մերի պես՝ գերազանցապես աղքատ և չկազմակերպված հանրությունում, որտեղ մի կողմից դեռևս նախորդ դարի սկզբից քայքայված են հանրային ինքնակազմակերպման ավանդական ձևերը՝ գյուղական համայնք, եկեղեցական համայնք, համքարություններ և այլն, իսկ մյուս կողմից չեն գործում կամ թույլ են արդիականները՝ արհմիություններ, ՀԿ-ներ (եղածները կախված են գրեթե բացառապես արտաքին ֆինանսավորումից և օրակարգերից):

Քանի որ ժողովրդական իրական, ոչ հռչակագրային մասնակցությունն իշխանությանը սահմանափակվում է ընտրություններով, ապա քաղաքականությունը բնականից նույնանում է քարոզչությանը, ավելի նեղ իմաստով էլ՝ «փիառ-ին»: Կուսակցությունները և այլ քաղաքական կազմակերպված խմբերը, որոնք իբր պետք է ներկայացնեն ժողովրդական տարբեր խավերի շահերը, նույնիսկ, եթե ձգտեն էլ իրապես ներկայացնել դրանք, գործնականում կախված են ոչ այնքան աղքատ և անկազմակերպ ժողովրդական զանգվածներից, որքան ներսի և դրսի հզոր ռեսուրսային կենտրոններից, և անհրաժեշտաբար սպասարկում են դրանց շահերը: Սա ոչ թե ինչ-որ շեղում է նորմայից, այլ ներկայացուցչական համակարգի բնական ներքին միտում, որը կարող է սահմանափակվել միայն, եթե հանրությունը բավականաչափ ուժեղ և ինքնակազմակերպված լինի: Հայաստանի դեպքում այս միտումը խախտվում է միայն այն պահերին, երբ շնորհիվ մեր ազգային քաղաքական ավանդույթի, ծավալվում են հզոր զանգվածային հրապարակային շարժումներ:

Պատահական չէ, որ այս համակարգում ամենաուժեղ քաղաքական հայհոյանքներից համարվում է «պոպուլիզմը», այսինքն՝ բառացի թարգմանած՝ ժողովրդականությունը: Ասում են՝ «նա ուզում է ժողովրդին դուր գալ», «ժողովրդին հաճո լինել» գրեթե միշտ բացասական երանգով, կարծես ժողովրդի իշխանություն հռչակած համակարգում կարող է ավելի նորմալ բան լինել, քան «ժողովրդին հաճո» լինելը: 

Որպեսզի մի կերպ խուսափեն այս ճչացող հակասությունից, հայերենում փորձում են պոպուլիստ բառը թարգմանել որպես «ամբոխահաճո», իբր կա ժողովուրդ և կա ամբոխ: Իրականում սա շատ միամիտ փորձ է: Նախ՝ ոչ ոք չի կարող գիտական, տրամաբանական սահմանում-տարանջատում դնել ժողովուրդ և ամբոխ հասկացությունների միջև, եթե, իհարկե, բառախաղերով չզբաղվի: Երկրորդ և ավելի կարևոր՝ պոպուլիզմ նշանակում է հենց ժողովրդականություն, ինչպես պոպուլյարը՝ ժողովրդական, ժողովրդականություն վայելող և ոչինչ ավելին: Անգլալեզու գրականության մեջ, օրինակ, ռուսերեն «նարոդնիկ» բառը հենց որպես պոպուլիստ են թարգմանում: «Ամբախահաճոն» ընդամենը մի երկրորդական-երրորդական երանգ է, որը չի կարող փոխարինել բուն իմաստին, ոչ էլ առավել ևս՝ թաքցնել այն: Էլ չասած, որ ամբոխահաճո գիտական եզր չի կարող լինել «բնության մեջ», ոչ ոք չի կարող տալ նման գեղարվեստական, քնարական զեղման գիտական սահմանումը: Նույնիսկ ոչ գիտական, զուտ քաղաքական լեզվի մեջ զավեշտալի է նման քնարականությունների լուրջ օգտագործումն ու լուրջ ընդունումը:

Բայց «ոչ պոպուլյար ռեֆորմների» խնդրի էությունը միայն այսքանը չէ:

Ժողովրդական մեծ աջակցություն վայելող առաջնորդից «ոչ պոպուլյար» քաղաքականության սպասելիքը, նույնիսկ՝ պահանջը, «միջազգային հանրության» կողմից ունի կարևոր սիմվոլիկ նշանակություն: Դա յուրահատուկ ոչ պաշտոնական տուրք է, հավատարմության հավաստիացում, ենթակայության, «փոքր եղբոր», «լսող բալայի» կարգավիճակի հաստատում աշխարհակարգին:

Խնդիրն այն է, որ ցանկացած հեղափոխություն, այսինքն՝ զանգվածային հրապարակային շարժմամբ և ժողովրդական ինքնակազմակերպմամբ ծավալված քաղաքական պայքար, իր մեջ միտում և ներուժ ունի՝ բարձրացնելու տվյալ երկրի ինքնիշխանության չափը, տվյալ երկրի ոչ պաշտոնական կարգավիճակն աշխարհակարգում դեպի բարձրը փոխելու:

Ժողովրդական ալիքի և ժողովրդական կազմակերպվածության վրա հենվող քաղաքական առաջնորդը բնականաբար կարող է բարձրացնել իր կշիռն արտաքին հարաբերություններում, վարել առավել անկախ և ինքնիշխան քաղաքականություն: Դա ինքնին մարտահրավեր է միջազգային համակարգին, նույնիսկ եթե խոսքը ոչ ամենահզոր և մեծ երկրի մասին է, քանի որ փոխում է կայացած բալանսները, սահմանները, ավելացնում է համակարգի ընդհանուր անկանխատեսելիությունը:

Միջազգային ասպարեզում կարգավիճակ փոխելու համար բավական չէ միայն ներքին պայքարում հաղթել և ունենալ սեփական ժողովրդի աջակցությունը, պետք է հավելյալ պայքարել հենց արտաքին ասպարեզում՝ հաստատելու համար արտաքին հարաբերություններում ներքին նոր իրողություններ, սեփական ժողովրդի իրավունքների նոր չափ: Կենցաղային լեզվով ասած՝ ներսում «տղա լինելը» դեռ բավարար չէ, պետք է նույն կարգավիճակն ապացուցել նաև դրսում, արտաքին պայքարով: Հաջող պայքարի դեպքում նոր կարգավիճակն ընդունվում է «աշխարհի կողմից», բայց ձրի դա երբեք չի տրվում: Մեծ և փոքր հեղափոխություններ իրականացրած բոլոր ժողովուրդներն էլ՝ սկսած Ֆրանսիայից և Ռուսաստանից, ավարտած՝ Չինաստանով և Իրանով, անցել են այդ ճանապարհը: Մեր դեպքն, իհարկե, շատ ավելի համեստ է, և սպասվելիք պայքարն էլ, համապատասխանաբար, ավելի քիչ զոհողություններ պահանջող, բայց օրինաչափությունը մնում է ուժի մեջ:

«Ոչ պոպուլյար» քաղաքականության ակնկալիքը յուրահատուկ փորձաքար է այս պայքարում: Արդյո՞ք ժողովրդական ալիքով, ժողովրդական վստահություն վայելող կառավարությունը պատրաստվում է շարունակել հենվել ներքին ռեսուրսի՝ համախմբած ժողովրդի վրա, արդյո՞ք պատրաստվում է առաջ տանել ժողովրդական, հեղափոխական օրակարգը, թե՞ պատրաստ է ընդունել դրսում ձևակերպվող «ոչ պոպուլյարը»՝ ոչ ժողովրդականը, և այդպիսով փաստացի փոխել իր իշխանության, ուժի, լեգիտիմության հենարանը՝ ներքինից դեպի արտաքին: Այստեղ կա ընտրություն՝ իշխել որպես սեփական, համախմբված ժողովրդի ներկայացուցիչ, կա՞մ որպես «համաշխարհային վերնախավի» լիազոր «տեղանքում»՝ «միջազգային հանրության» կրտսեր եղբոր կարգավիճակով:

«Ոչ պոպուլյարի» մեջ կարող են մտնել տարբեր խնդիրներ, կարևորը, որ դրանք բոլորն էլ ձևակերպվում են որպես արտաքին պահանջներ, ինչ-ինչ չափանիշներին համապատասխանելու կանոններ, ինչ-ինչ՝ իբր անհրաժեշտ, «համարձակ» քայլեր:

«Համարձակ» բառն այստեղ պատահական չէ, այլ առանցքային, բանալի հասկացություններից է: «Համարձակ» տվյալ դեպքում նշանակում է «համարձակվել» գնալ սեփական հանրության դեմ, հանրային կարծիքի դեմ, «կոտրել կարծրատիպերը»: Դրա փոխարեն՝ որպես «գերազանցիկ աշակերտ»՝ ստանալ «մեծերի» խրախուսանքը: Համաձայնելով այս տրամաբանությանը՝ որևէ կառավարություն փաստացի համաձայնում է, որ ինքը ներկայացնում է ոչ թե իր հանրությանն ու իր ժողովրդին, այլ մաս է կազմում համաշխարհային վերնախավի՝ կրտսեր եղբոր կարգավիճակով: Հենց այս իմաստով էլ սա հավատարմության երդում է, ենթակայության նշան, կարևոր սիմվոլիկ գործողություն: Նույնիսկ կարևոր չէ, թե հատկապես ո՛ր հարցում է կառավարությունը համաձայնելու, կարևորն ընդունվի այդ հայեցակարգը որպես այդպիսին:

Պատահական չէ նաև, որ այս շրջանակում օգտագործվում է «կանխատեսելի» բնորոշումը: Լավ կառավարությունը, «ժողովրդավարականը» պետք է լինի «կանխատեսելի»: Ո՞վ է անկանխատեսելի: Ինքնիշխանություն ունեցողը, ինքնակալ, ինքն իր վրա հենված որոշումներ ընդունողը: Նման ինքնիշխան կառավարոթյունը կարող է հենվել թե՛ ժողովրդական լայն աջակցության վրա, թե՛ այլ ներքին ռեսուրսի, ասենք, ուժային կառույցների վրա, բայց երկու դեպքում էլ նա «կանխատեսելի չէ»՝ այսինքն՝ ենթակա չէ արտաքին փափուկ կառավարման, և ինքնուրույն է իր որոշումներում:

Միասնական, համախմբված, հեղափոխական ժողովուրդը միշտ էլ անկանխատեսելի է: Պատահական չէ, որ, որպես կանոն, որևէ միջազգային բարձրագույն մակարդակի վերլուծություն ի զորու չէ կանխատեսել հեղափոխությունները, զանգվածային շարժումներն ու դրանց արդյունքները, նաև՝ ընդհանրապես ժողովուրդների վարքը, օրինակ, պատերազմների դեպքում: Հայկական հեղափոխությունը նույնպես անկանխատեսելի էր ոչ միայն ներսի, այլև առավել ևս դրսի հայացքի համար (ինչպես անկանխատեսելի էր 1988-ի շարժումը և Ղարաբաղյան պատերազմի արդյունքը, 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հանրության վարքը՝ պատերազմը սանձազերծողների համար և այլն): Հենց այդ անկանխատեսելիությունն էլ՝ սպոնտանությունը, ինքնաբուխ բնույթը ժողովուրդների ինքնիշխանության հիմքն է և աղբյուրը:

Օրինակ, անկանխատեսելի գործոնի էր վերածվել Հայաստանի նոր կառավարության մեջ համեստ, բայց կարևոր պաշտոն զբացեղրած Արթուր Գրիգորյանը: Նա այդպիսին էր դարձել շնորհիվ իր ինքնուրույնության: Արթուրին պաշտոնից հեռացնելը այլ բան չէր, քան զիջում միջազգային խոշոր կապիտալի շահերին, քանի որ Արթուրի քաղաքականությունը, հատկապես հանքարդյունաբերական ոլորտում, անկանխատեսելի էր, բխում էր սեփական, ինքնիշխան որոշումներից և սկզբունքներից: Նրա պաշտոնազրկումը «ոչ պոպուլյար» քայլերի շարքից է, որին գնաց այսօրվա կառավարությունը՝ ի հավաստիացում սեփական հավատարմությանը աշխարհակարգին և «ոչ պոպուլիզմին»: Սա կարող է դառնալ հայկական պետության նոր օտարացման սկիզբը սեփական ինքնիշխանության աղբյուրից, եթե չգիտակցվի խնդրի առկայությունը:

Վերադառնալով Ղարաբաղի հարցին:

Այն կերպով, որով դա դրվում է նոր իշխանության առաջ «միջազգային հանրության» կողմից, սա տիպիկ «ոչ պոպուլյար», «հակապոպուլիստական», «համարձակ» քաղաքականության առաջարկ է: Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը չի ձևակերպել Ղարաբաղյան հարցի առաջնահերթ լուծման պահանջ, այն էլ ռուսական կամ բազմազգ խաղաղապահ զորքի տեղադրման պայմանով կոնֆլիկտի գոտում՝ ո՛չ հեղափոխության ընթացքում, ո՛չ դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ: Նմանապես իշխող ուժը նման խոստում չի տվել ժողովրդին ո՛չ հեղափոխության ժամանակ, ո՛չ էլ ընտրությունների ընթացքում: Նա միայն խոստացել է միշտ տեղյակ պահել և որևէ տարբերակ վերջնական ընդունել միայն մեծամասնության համաձայնությամբ:

Սակայն ընտրությունների ավարտից ի վեր «միջազգային հանրությունը» դնում է այս հարցը Հայաստանի նոր կառավարության առաջ: Գիտակցելով նաև, որ սա Հայաստանի ժողովրդական օրակարգի առաջնահերթ հարցը չէ: Հեռացող ամերիկյան դեսպանն անցյալ տարի հրապարակավ հաստատեց, որ Հայաստանի մեծամասնությունը դեմ է կարգավորման առաջարկվող տարբերակին՝ «հողեր խաղաղության դիմաց»: Իրականում ոչ թե խաղաղության՝ այլ «խաղաղապահ զորքի տեղադրման» դիմաց, որովհետև դրա արդյունքում խաղաղության հաստատվելը ոչ ոք չի ապացուցել և չի կարող ապացուցել:

Բայց սա ոչ թե պատահական հայտարարություն էր, այլ «կարգավորման» գործընթացի մշտական փիլիոսփայության բացահայտում: Ըստ այդմ՝ կան իրար հետ անիմաստ պայքարի բռնված երկու «վայրենի», «չհասկացող» ժողովուրդներ, որոնք չեն գիտակցում իրենք իրենց իսկ շահը, և դրա փոխարեն ու դրա պատճառով իրական գիտակցությունը մարմնավորված է «միջազգային միջնորդների» ինստիտուտով: Կա վայրի, անկանխատեսելի «տեղանք», որը պետք է մշտապես հսկվի, լուսավորվի, կարգավորվի «աշխարհի» կողմից: Քաղաքական ուժերն ունեն ընտրություն՝ լինել իրենց «վայրի տեղանքի» ներկայացուցիչները, և այդ դեպքում որակվել որպես պոպուլիստ, հաճախ՝ «ավտորիտար», կա՞մ լինել «աշխարհի» լիազորը, «նայողը» «տեղանքում»՝ օտարված սեփական հողից և ստանալ «համարձակի», «խիզախի», «սիրելի որդու» տիտղոսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter