HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքի շուկայի տնօրենն ու տեսուչը կաշառքի գործով դատապարտվեցին 4 տարվա ազատազրկման

Երեկ Ախալցխայի շրջանային դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանին և գլխավոր տեսուչ Մերուժան Հովհաննիսյանին:  Այս մասին «Հետք»-ին հայտնեց Մերուժան Հովհաննիսյանի եղբայրը՝ Սիփան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ երկուսին էլ մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ կոմերցիոն կաշառք, որը կատարվել է մեկից ավելի անձանց կողմից:

Կաշառքի մասին հաղորդում տվող Մամուկա Գելաշվիլին Ֆինանսական ոստիկանության աշխատակից է եղել, և, ըստ նրա ցուցմունքի, ցանկացել է Ախալքալաքի շուկայում տեղ վերցնել` բիզնես անելու նպատակով: Դրա համար 1000 լարի է տվել Մերուժան Հովհաննիսյանին, ով պայմանագիր չի կնքել իր հետ և ՀԴՄ կտրոն չի տրամադրել:

Մերուժան Հովհաննիսյանը ձերբակալվել էր 2018թ. մայիսի 16-ին, իսկ Արարատ Սահարյանը՝ մայիսի 21-ին: Վերջինս մեկ ամիս անց 10 հազար լարի գրավի դիմաց ազատ էր արձակվել, և նրան դատավճռի հրապարակումից անմիջապես հետո կրկին ազատազրկել են:  

Մերուժան Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում և քաղաքական բանտարկյալ է համարում: Նա նամակով դիմել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Նշել էր, որ քաղաքական սադրանքի զոհ է` նախկին իշխանությունների ակտիվ ներգրավվածությամբ, ովքեր, նպատակ ունենալով «Վրացական երազանքին» վարկաբեկել, փորձ են արել դա իրականացնել կուսակցության նախկին և ներկա հավատարիմ ակտիվիստի ձեռքով:

Մերուժան Հովհաննիսյանի եղբայրն ասում է, որ անպայման բողոքարկելու են Ախալցխայի դատարանի վճիռը, քանի որ համարում են, որ մեղադրանքները շինծու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter