HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմնի պաշտոնաթող ղեկավարը` իր ազատման, բնապահպանական ոլորտի և համակարգային կոռուպցիայի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է Ամուլսարի հանքավայրը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ մասին փետրվարի 12-ին հանրային հաշվետվություն ներկայացնելիս ասաց Արթուր Գրիգորյանը:

Նա տեսչական մարմնում իր յոթամսյա գործունեության մասին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց` հիմնական շեշտադրումներ կատարելով հանքարդյունաբերության, Սևանա լճի, Արտեզյան ավազանի, անտառների և տեսչական մարմնի գործունեությանը: Անդրադարձավ նաև իր ազատման հարցին:

Ազատման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակում, երբ նրան հարց են ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկության մասին, ասել է, որ բնապահպանական տեսչության աշխատանքը բավարար և արդյունավետ չի գնահատել։

«Իմ կառավարությունում ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկություն պիտի կապված լինի նրա աշխատանքի արդյունավետության հետ։ Եթե արդյունավետությունը ինձ գոհացնում է, պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել։ Եթե չի գոհացնում, նա չի շարունակում պաշտոնավարել։ Եվ ես այս առումով վերջին ամիսների մեր աշխատանքը՝ նաև բնապահպանական տեսչության աշխատանքը, մեր հռչակած քաղաքական սկզբունքների տրամաբանության մեջ, որ հանքարդյունաբերությունը․․․ և ընդհանրապես մենք գնում ենք․․․ էկո-Հայաստանի ռազմավարությամբ և պիտի ամենաբարձր բնապահպանական չափանիշներին համապատասխանեցնել մեր միջավայրը, այդ թվում հանքարդյունաբերության,- epress.am-ի փոխանցմամբ` նշել է վարչապետը,- և բոլոր գործընթացները պետք է այդ ուղղությամբ գնան, որպեսզի աշխատանքը լինի առավել արդյունավետ»:

«Վարչապետի ասածը ես չեմ կարող մեկնաբանել, ի վերջո կստացվի այն արտահայտությունը, թե` ապացուցիր, որ ուղտ չես: Գուցե դա դիվանագիտական պատասխան էր»,- նշում է Ա. Գրիգորյանը:

Նախկին պաշտոնյան նշեց, որ ամենևին չի ուզում որևէ կերպ իր գործոնն օգտագործվի նոր ձևավորված իշխանության արդյունավետությունը քարկոծելու համար:

Ամեն դեպքում, պաշտոնը ստանձնելուց առաջ ստացված առաջարկի քննարկման ժամանակ հստակեցվել է, որ որևէ քաղաքական միջամտություն իր գործունեությանը չի լինելու: Գրիգորյանը նշում է, որ, իսկապես, միջամտություն չի եղել գործունեության ընթացքում, սակայն և գործունեությունը երկար չի տևել:

Այդուհանդերձ, Արթուր Գրիգորյանը կարծում է, որ նոր կառավարություն ձևավորած անձինք կառավարություն չեն եկել բնապահպանական խիստ քայլեր իրականացնելու համար, նրանք ունեն նաև այլ նպատակներ: Մինչդեռ ինքը, որպես տեսչության ղեկավար, կոշտ բնապահպանական պատկերացումներ է ունեցել, ինչը գուցե դուր չի եկել և հավասարակշռված չի գնահատվել նոր կառավարության կողմից: Եվ գուցե իր չափանիշնները չեն համապատասխանում վարչապետի պատկերացումներին: «Ավելի լավ չի լինի հիմիկվանից խոսել քաղաքական ուղղվածության փոխոխության մասին»,-ավելացնում է տեսչական մարմնի նախկին ղեկավարը:

Ամեն դեպքում, Գրիգորյանը կարծում է, որ ինքն առաջնորդվել է բացառապես օրենքի շրջանակներում և դրանից բխող պահանջներից:

Ստուգումները` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Այդ համատեքստում ստուգումներ են իրականացվել մետաղական երեք հանքավայրերում` Ամուլսարում (դեռ չի շահագործվում), Ազատեկի ոսկու հանքավայրում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Բոլոր տեղերում ստուգումներն անցկացվել են խստորեն և մանրակրկիտ:

4,5 ամիս են տևել Զանգեզուրի ՊՄԿ-ում, որովհետև այս կոմբինատը երկրում մետաղական հանքարդյունաբերության 90 %-ն է ծածկում: Ստուգումների ընթացքում երկու անգամ ջրի փորձանմուշներ են վերցվել, դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի իրենց լաբորատորիան օգտագործեն` փորձանմուշների ճշգրիտ, անսխալ և հավաստի արդյունքներ ունենալու համար: Լավագույն մասնագետների հետ են համագործակցել, քանի որ տեսչական մարմինը նեղ մասնագիտական ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ չունի: Խորհրդատվություն են ստացել տարբեր ոլորտների համապատասխան մասնագետներից: Երկար քննարկումներ են ունեցել ԳԱԱ-ի մասնագետների հետ: Մանրակրկիտ աշխատանք է իրականացվել: Պոչամբարի և հարակից տարածքի հողերի վերաբերյալ տեղեկություններ են ստացվել:

Այլ մանրամասներ ստուգումների մասին Գրիգորյանը չնշեց, քանի որ դրա իրավունքը չուներ. տեսչական մարմնի ստուգան արդյունքները դեռ չեն հրապարակվել, և ինքն արդեն ազատված է պաշտոնից:

«Քաջարանի մասով ուզում եմ շեշտել, որ ամբողջությամբ պատասխանատվությունն ընկած է այն մարդկանց վրա, ովքեր ազդել են տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկության վրա,- նշեց Արթուր Գրիգորյանը և շարունակեց,- շատ ափսոսում եմ, որ որքան հապճեպ ազատեցին տեսչական մարմնին, այնքան արագ նոր ղեկավար չի նշանակվում»:

«Արմօյլ»-ի մասին

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն այսօր հանրային հաշվետվության ժամանակ նաև պատմեց, որ Եղվարդի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի շուրջ ստեղծված իրավիճակում առաջին օրվանից մինչ իր աշխատանքի վերջին օրն անընդհատ լարվածության մեջ են եղել:  

2018թ. մայիսից «Արմօյլ»-ի շուրջ պրոցեսներ են ընթացել, իսկ ինքը նշանակվել է հունիսին: Տեսչական մարմնի հարցմանը, թե արդյոք «Արմօյլ»-ի գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ-ի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը սկզբից չի պատասխանել, հետո` պատասխանել է, որ դեռևս պարզ չէ:

Բնապահպանության նախարարությունն էլ պատասխանել է, որ «Արմօյլ»-ի նախագիծը հետ է ուղարկվել լրամշակման: Միաժամանակ` չի հստակեցրել, թե արդյոք ՇՄԱԳ եզրակացության անհրաժեշտություն եղել է, թե ոչ:   

«Արմօյլ»-ը տեսչական մարմնին թույլ չի տվել մուտք գործել ընկերություն և ստուգումներ իրականացնել: Իսկ տեսչությունը տուգանել է ընկերությանը 250 հազար դրամով: Տեսչական մարմինը դիմել է ոստիկանությանը իրենց գործունեության խոչընդոտը վերացնելու նպատակով, սակայն ոստիկանությունից պատասխանել են, որ քրեական հանցագործության նախանշաններ չկան, հետևաբար, այդ հարցն իրենց լիազորությունից դուրս է:

Ավելի ուշ ԲՆ-ն պատասխանել է, որ «Արմօյլ»-ի նախագիծը ենթակա է ՇՄԱԳ-ի, և դրանից հետո որոշում են կայացրել` դադարեցնել «Արմօյլ»-ի գործունեությունը:  

Արթուր Գրիգորյանը նշում է, որ տեսչական մարմինը մեծապես կախված է այլ մարմինների որոշումներից: Այսինքն` տվյալ դեպքում էներգետիկայի և բնապահպանության նախարարությունները չեն հստակեցրել իրենց դիրքորոշումները, ինչի հետևանքով տեսչությունը ստիպված է եղել իր նախնական որոշումը կասեցնել: Հետո միայն պարզ է դարձել, որ նախագիծը ենթակա է եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման:

Անտառների մասին

Արթուր Գրիգորյանը պատմեց, որ անտառների վերահսկողությունը ևս պատշաճ չի իրականացվում: Օրինակ` Կապանի անտառտնտեսությունում ստուգումներ են իրականացրել և 380 ապօրինի հատված ծառ հայտնաբերել, ևս 20 հազար` օրինական հատված ծառ: Սակայն հարց է առաջանում, թե արդյոք օրինական հատումները համապատասխանում են իսկապես օրենքով սահմանված պահանջներին: Կնքված ծառերը ևս չեն նշանակում, որ դրանք կնքվել են օրինական պահանջների համապատասխան: Ինչպես իմանալ, թե ինչու է հատվել տվյալ ծառը: Արթուր Գրիգորյանը նկատում է, որ անտառտնտեսությունները որքան շատ հատատեղ են տրամադրել, այնքան մեծ է եղել իրենց աշխատավարձի ֆոնդը: Օրինակ բերելով Լալվարի անտառտնտեսությունում հայտնաբերված հազարավոր ապօրինի հատված ծառերը` Գրիգորյանը հարց է տալիս, թե ինչպես կարող էր այդ քանակությամբ ապօրինի ծառեր հատվել, իսկ պաշտոն զբաղեցնող անձինք չիմանային այդ մասին:

Այս խնդիրը լուծելու համար տեսչական մարմինը սկսել է նոր տեխնոլոգիաների` անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկողություն իրականացնելու մասին մտածել, սկզբից ֆիքսել եղածը, այնուհետև պարբերաբար ստուգել իրավիճակը այդ սարքերի միջոցով, ինչը հնարավորություն կտա հաշվարկել նաև կրած վնասները:

Կենդանական աշխարհի մասին

Կենդանական աշխարհն ամենաբաց ոլորտն է, այստեղ բարձիթողի վիճակ է տիրում: Անտառներում, դաշտերում և այլ վայրերում որևէ հսկողություն չկա կենդանական աշխարհի նկատմամբ: Այսպես է վերլուծում իրավիճակը Արթուր Գրիգորյանը: Փոխարենը Հայաստանում 30-50 հազար զինված մարդ կա, որոնք Որսորդմիությանն են անդամագրվում, որ զենք ստանան: Որսորդմիությանը կից խանութում վաճառվում են որսորդական պարագաներ: Որսորդմիությունը որևէ պատասխանատվություն չի կրում այդ զենք կրողների վարքի ու գործունեության վերաբերյալ: Այս մասով տեսչությունը մեծ ռիսկի առաջ է կանգնել, երբ հասկացել է, որ հնարավոր չէ դրանց վերահսկել: Այդ պատճառով ստեղծել են մեխանիզմ, և համագործակցության են հրավիրել Որսորդմիության անդամներին. մշակել են ստուգաթերթ, պետք էր արդեն փորձարկել այն:

Տեսչական մարմնի մասին

Արթուր Գրիգորյանն ասում է, որ իր ղեկավարման շրջանում տեսչությունը որդեգրել էր մի գործելաոճ` արմատական, մետաստազներով վեր հանել բոլոր խնդիրները: Քանի որ տեսչական մարմինը վարչական մարմին է, այն իր ստուգումներն իրականացնելիս առաջնորդվում է օրենսդրության նորմերին համապատասխան: Խախտումն արձանագրել են, նյութերն ուղարկել են գերատեսչություն` թույլտվությունը վերանայելու պահանջով, ինչն էլ իրենց մոտ սովորաբար խնդիրներ է առաջացրել:

Արթուր Գրիգորյանը շեշտեց, որ տեսչական մարմինը հսկողություն չի իրականացնում, չի գնում տեսնելու` ձուկը Սևանից բռնում են, թե չէ, այլ տեսչությունը վերահսկողություն է իրականացնում հսկողի նկատմամբ, և այս առումով տեսուչներն արտակարգ են աշխատել այս յոթ ամիսներին, և դա է պատճառը եղել, որ տեսուչներն անընդհատ խնդիրներ են ունեցել «Սևան ազգային պարկի» հետ:

Այլ կերպ ասած` տեսչական մարմինն է վերահսկում կառավարության այս կամ այն մարմնի գործունեությունը: Ունի լայն լիազորություններ, որոնք փոխկապակցված են այլ գերատեսչությունների գործունեության հետ:

Տեսչական մարմնի նախկին ղեկավարը պատմեց, որ տեսչության աշխատակիցներն անգամ համազգետ չունեն, գրասենյակի և համակարգչի խնդիր ունեն: Որ ընկերությունում ստուգումներ են իրականացրել, այդ ընկերություններից են խնդրել համակարգիչ տրամադել իրենց գործունեության համար:

Տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ հուշագրեր են ստորագրել իրենց անձնակազմի վերապատրաստման, գործիքակազմի համալրման, նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակով:

ՏԵսչական մարմնի աշխատակազմի` 4 տարբեր շենքերում գտնվելն իր հերթին կարգուկանոնի խնդիր է առաջացրել, և, ի վերջո, այդ հարցն էլ է լուծում ստացել:

Այսինքն, ըստ Գրիգորյանի, ծանր ստուգումներին զուգահեռ հզորացվում էր տեսչական մարմինը: Գրիգորյանը համոզված է, որ տեսչական մարմինն այն մակարդակին էր բերվել, որ չէր կարող որպես հպատակ կառույց գործել, այլ վերահսկում էր տարբեր կառույցների ու դրանց ստորաբաժանումների գործունեությունը:

Արթուր Գրիգորյանը վստահ է, որ այս յոթ ամիսներին հասել էին խնդիրների արմատներին, ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր հարուցող գործոններին, կպել էին դրանց արմատներին: «Գերակշիռ մասով նույն մարդիկ իրենց տեղում են մնացել, երևույթը չի կորել»,- նշում է Գրիգորյանը: Նա, սակայն, վստահ է, որ համակարգային այդ երևույթները ևս հնարավոր է վերացնել:

Արթուր Գրիգորյանն անդրադարձավ նաև Սևանա լճի և Արտեզյան ավազանի խնդիրներին:

Հանդիպմանը ներկաներին հետաքրքրում էր, թե ինչ է լինելու վարչապետի հրահանգով ստեղված աշխատանքային խմբի գործունեության հետ: Արդյոք այն շարունակելու է իր գործունեությունը` մետաղական հանքերի ուսումնասիրման ոլորտում, թե դադարեցնելու է: Արթուր Գրիգորյանը վստահեցրեց, որ այն շարունակվելու է, քանի որ աշխատանքային խմբի ստեղծման վարչապետի որոշում կա, հետևաբար չի կարող չշարունակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter