
Բաբկեն Թունյան. «Կառավարության ծրագիրն իդեալական չէ, սակայն չափելի տվյալներ կան»
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն իդեալական չէ, և որ իդեալական ծրագրեր չկան: Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի՝ ծրագիրը կարող էր իր մեջ ավելի շատ թվեր պարունակել, սակայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված 11-կետանոց առաջարկը, Բաբկեն Թունյանը անիրատեսական համարեց՝ ընդգծելով, որ ինքը այդպիսի ծրագիր չի տեսել երբևէ և խիստ կասկածում է, որ որևէ կառավարություն կարող է այդպիսի ծրագիր ներկայացնել:
Մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորը, այնուամենայնիվ, նշեց, որ կառավարության ծրագրում առնվազն 5 չափելի թիրախ կա.
«Դա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն է՝ առնվազն 5 տոկոսով: Ուզում եմ պարզաբանել՝ սա իրակա՞ն աճն է, թե՞ անվանական: Խոսքը իրական աճի մասին է, և եթե գնաճն էլ հաշվի առնենք, աճը կլինի 5-9 տոկոս՝ կախված գնաճի ծավալներից: Ըստ որոշ հաշվարկների, որն արվել էր նախորդ իշխանությունների օրոք, Հայաստանի Հանրապետության համար տնտեսական աճի յուրաքանչյուր 1 տոկոսը աղքատության մակարդակը նվազեցնում է 0,3 տոկոսային կետով: Այսինքն՝ 5 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, աղքատության մակարդակը կնվազի 1,5 տոկոսային կետով»,- ասաց Թունյանը՝ հիշեցնելով, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է եղել՝ աղքատության նվազում 10 տոկոսով և գործազրկության նվազում 5 տոկոսով.
«Դա կառավարության ծրագրում տեղ չի գտել, սակայն մնում է մեր քաղաքական թիմի խոստումը: Այսինքն՝ եթե վաղը դա իրականություն չդարձավ, նույն խստապահանջությամբ այդ ցուցանիշների համար են պատասխան պահանջելու»,- ընդգծեց պատգամավորը:
Բաբկեն Թունյանը անդրադարձավ նաև կառավարության ծրագրի այն դրույթին, որ արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասցնել 43-45 տոկոսի, և հակադարձեց այն տնտեսագետներին, ովքեր կարծում են, որ հնարավոր չէ այսօրվա 22-23 տոկոսից հասցնել այդ թվին.
«Ըստ էության, այդ մարդիկ ուշադիր չեն կարդացել այդ ցուցանիշի մասին, քանի որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների արտահանմանը, որն 2017 թվականին 37 տոկոս էր կազմում: 2018-ի արդյունքները դեռ չկան, բայց կարծում եմ՝ 38-40 տոկոսի միջակայքում կլինի»,- ասաց Թունյանը:
Հակադարձելով այն պնդումներին, թե կառավարությունը, չափելի ցուցանիշներ չդնելով, փորձում է խուսափել պատասխանատվությունից, պատգամավորն ասաց, որ իր նշած դրույթները բավարար են հինգ տարի հետո կառավարության գործունեությունը նորմալ գնահատելու համար:
«Բայց այդ պատասխանատվությունը առաջին հերթին ժողովրդի համար է, որի մեծամասնությունը ո՛չ կառավարության ծրագիրն է կարդացել, ո՛չ կարդալու է, ո՛չ էլ հետո նայելու է, թե տնտեսական ինչ ցուցանիշներ եղան: Այդ մարդիկ սպասում են, որ իրենց կյանքը լավանա: Եթե լավացավ, հետո այս թիմին նորից քվե կտան, չի լինի՝ չեն տա: Եթե մենք հավատում ենք, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ են լինելու, նշանակում է պատասխանատվության հարցը փակված է»,- ասաց պատգամավորը:
Այնուհետև Բաբկեն Թունյանը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այն պնդմանը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճիշտ աշխատելու դեպքում կարող է նվազեցնել գազի գինը 30 տոկոսով.
«Գազի գնի 30 տոկոսանոց էժանացում անհնար է: Եթե դուք ուզում եք, ընդմիջմանը կարող եք մոտենալ և ես երկու րոպեի ընթացքում ցույց տամ, որ թվաբանորեն դա տեղի ունենալ չի կարող այն պայմանագրերի հիման վրա, որոնք մենք ունենք, և այն գազի գնի դեպքում, որով մենք սահմանին գազ ենք ստանում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Բաբկեն Թունյանը իր ելույթն ավարտեց լավատեսական խոսքերով՝ նշելով, որ կառավարության հանդեպ ժողովրդի վստահությոնը, կառավարության լեգիտիմությունն ու կամքը բավարար պայմաններ են ակնկալվող առաջընթացն արձանագրելու համար:
Մեկնաբանել