
Մանվել Գրիգորյանի գրավի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի վաղը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 27-ին:
Գրիգորյանի պաշտպաններն ինքնաբացարկի հիմքերի մասին չեն բարձրաձայնում, սակայն նախկինում բազմիցս դժգոհություն են հայտնել՝ կապված այն հանգամանքի հետ, որ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ գործերը մշտապես մակագրվում են Մարինե Մելքոնյանին, և վերջինս մշտապես որոշում է, որ կալանքի համար հիմքեր կան: Կարելի է ենթադրել, որ այս անգամ ևս ինքնաբացարկի հիմքում դրվել է վերը նշված հանգամանքը:
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասել է, որ իրենք՝ պաշտպաններն այնքան են գրավի միջնորդություն ներկայացնելու, մինչև այն Մելքոնյանը չքննի:
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրա գործի նախաքննությունն ավարտվել է, պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար:
Լուսանկարում՝ ձախից՝ դատավոր Մարինե Մելքոնյանը, աջից՝ Մանվել Գրիգորյանը
Մեկնաբանել