HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Նազենի Ղարիբյանը հեղինակազրկում է Կարապետյանին»․ փաստաբանի արձագանքը

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի փաստաբանը պնդում է, որ իր վստահորդի իրավունքները խախտվել են, եւ որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը զրպարտում է նրան։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին մշակույթի նախարարը հրաման է արձակել Գայանե Կարապետյանին «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատելու մասին, իսկ Կարապետյանը պնդում է, որ իրեն չեն ծանուցել ազատման մասին, եւ որ ամեն ինչ անօրինական է։ Կարապետյանը չի լքում թատրոնի տարածքը։ Ավելին, այնտեղ բնակվում են նաեւ նրա շները։ Նա ասում է, որ տարիներ շարունակ ներդրումներ է արել շենքում, եւ տարածքը պետք է գոնե մի 10-15 տարի էլ մնա իր տիրապետության տակ։

Մշակույթի նախարարությունը փորձում է Կարապետյանին հանել տարածքից։ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից աշխատանքից ազատված Կարապետյանը նաեւ հրաժարվում է հանձնել ՊՈԱԿ-ի կնիքը, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր։

Նախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն, իսկ Գայանե Կարապետյանը դատական հայց է ներկայացրել գերատեսչության դեմ։

Գայանե Կարապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշխեն Դաշյանը համարում է, որ Նազենի Ղարիբյանի կողմից շարունակաբար խախտվում են իր վստահորդի իրավունքները։ Ըստ Դաշյանի՝ Կարապետյանը կանգնած է իր դատական պաշտպանության իրավունքի խոչընդոտման, հանրային բացասական կարծիքի ձեւավորման եւ հեղինակազրկման առաջ։

«Գայանե Կարապետյանն  իր ամուսնու՝ ռեժիսոր եւ դերասան Ռաֆայել Գրիգորյանի հետ 8 տարի առաջ հրավիրվել է Հայաստան, հաղթող է ճանաչվել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր հաստիքի համալրման նպատակով Մշակույթի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում եւ նշանակվել այդ կառույցի տնօրեն։

Իր աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Գայանե Կարապետյանը 2018թ դեկտեմբերի 28-ը գտնվել է աշխատանքի մեջ եւ իր աշխատանքային պարտականություններն իրականացրել սահմանված կարգով։

Մինչդեռ նույն օրը երկու հրաման է արձակվել՝ Գայանե Կարապետյանին ազատելու եւ տնօրենի հաստիքին այլ անձ նշանակելու վերաբերյալ։

Առանց օրենքով սահմանված հիմքերի Գայանե Կարապետյանին ազատելու վերաբերյալ հրաման է արձակվել այն օրը, երբ դեռ անձն իրավունք ուներ գտնվելու իր աշխատանքի մեջ եւ իրականացնելու իր պարտականությունները։

Ավելին, դեռեւս Գայանե Կարապետյանի ազատման հրամանը ուժի մեջ չմտած՝ նոր հրաման է արձակվել»,-ասում է Աշխեն Դաշյանը։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կարապետյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէր կարող լուծվել նախքան պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, ինչպես նաեւ մինչեւ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը չէր կարող ընդունվել որեւէ անհատական իրավական ակտ՝ պաշտոնին նշանակելով նոր տնօրենի։ Դա, ըստ նրա, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտում է։

Նազենի Ղարիբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, որ Գայանե Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին ծանուցել են պատշաճ կերպով։ «Ծանուցումն իրականացվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ «Mulberry» համակարգով, եւ դա համարվում է շատ ավելի ծանրակշիռ ծանուցում, քան փոստով ծանուցումն է»,-սա մեջբերում է Ղարիբյանի խոսքից։ Աշխեն Դաշյանն այլ բան է պնդում։ Ըստ նրա՝ նախարարությունը հրաժարվում է տրամադրել Գայանե Կարապետյանին աշխատանքից ազատելու հրամանը՝ «փորձելով այդ կերպ քողարկել պետական մարմնի կողմից թույլ տրված կոպիտ խախտումները»։

Հիմա դատարանը նախարարությունից պահանջել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, ազատման հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցներ։

«Գայանե Կարապետյանը դիմելով դատական պաշտպանության՝ լիահույս էր, որ դատական գործի առկայության պարագայում Նազենի Ղարիբյանի կողմից կդադարեցվեն հրապարակային զրպարտող, վիրավորական հայտարարությունները,  եւ վեճը կլուծվի դատական կարգով։ Կարապետյանը որեւէ հակաիրավական գործողություն չի իրականացրել։ Նրա օրինական պահանջն է՝ պետական մարմնից ստանալ այն հրամանը, ըստ որի ինքն ազատված է աշխատանքից։ Սակայն ստանալու փոխարեն պարբերաբար հանդիպում է պետական մարմնի կողմից հեղինակզրկման, լիազորությունների սահմանազանցման, դատական վարույթի համար արհեստական խոչընդոտների իրականացման գործողությունների։

Աշխատանքից ազատման հրամանը իրավաչափ է, թե ոչ՝ միայն հնարավոր կլինի դատական վարույթի շրջանակներում պարզել, վեճն իրավասու է քննել միայն դատարանը։

Մինչդեռ Մշակույթի նախարարությունը, ի դեմս Ղարիբյանի, շարունակում է այդ վեճը հասու դարձնել հանրությանը տարբեր լրատվամիջոցների միջոցով զրպարտող եւ իրականությանը չհամապատասխանող հայտարություններով, փորձելով այդ կերպ հեղինակազրկել Գայանե Կարապետյանին, նրա տարիների կատարած աշխատանքը, հանրային ճնշում գործադրել նրա վրա։ Ընդ որում դա կատարվում է վարչական ռեսուրսներն օգտագործելով»,-ասում է Աշխեն Դաշյանը։

Գայանե Կարապետյանը նաեւ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուսումնասիրել եւ իրավական գնահատականներ տալ «Նազենի Ղարիբյանի լիազորությունների սահմանազանցման», «Գայանե Կարապետյանին հրապայնականորեն զրպարտելու, հեղիանակազրկելու, որպես պաշտոնատար անձ չեզոքություն եւ զսպվածություն չցուցաբերելու», «Գայանե Կարապետյանի եւ նրա իրավունքների նկատմամբ հարգանք չցուցաբերելու գործողությունների վերաբերյալ»: 

Մեկնաբանություններ (1)

Արմեն Երանոսյան
Գայանե Կարապետյանին և Ռաֆայել Գրիգորյանին ճանաչում եմ ։ Երկուսն էլ թաթերական արվեստի վաստակաշատ գործիչներ են ` նվիրյալներ։ Զրպարտությունը նրանց հասցեին ոչ միայն տեղին չէ այլ նաև վիրավորանք Արվեստին ընդհանրապես։ Ռաֆայել Գրիգորյանը Մեծ դերասն է . Հզոր բեմական էներգիայով ։ նրա կերտած Լիր Արքան մեր բեմի լավագույն կերպարն է վերջին 20 տարիներին։ նույնիսկ կարելի է ասել . որ նա վերջին մոհիկանն է այդ ժանրում։ Իսկ Տիկին Կարապետյանը տաղանդավոր կազմակերպիչ է . ով կարողացել է թատրոնը վերածել Փյունիկի ու կենդանություն տալ մոխիրներից ։ ։Հավաքել է բեմին ծառայող խումբ և սեր ներշնչել նրանց .իրենց գործի հանդեպ։ Մարդիկ նրանց հավատում են. իսկ այդպիսի մարդկանց ... չեն նեղացնում . չեն զրպարտում . չեն հեռացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։