HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսագիտության ինստիտուտ. կադրերի դարբնոց, որտեղից հեռանում են՝ մեծ գումարներ վաստակելու համար  

Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դռներից ներս տաք է: Այստեղ մոտ երեք տարի է, ինչ հրաժարվել են կենտրոնացված ջեռուցումից՝ անցնելով անհատականի: Ընդ որում՝ Երեւանի Լուսավորչի 15 հասցեում գտնվող այս շենքում եւս երկու ինստիտուտ է տեղակայված, որոնց անդրադարձել ենք՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը եւ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:

068A9998.jpg (463 KB)

Տնտեսագիտության ինստիտուտի տարածքը նշված երեքից ամենալավ վիճակում է, թարմ գույքով է, նույնիսկ միջանցքում անվտանգության տեսախցիկներ են դրված: Տնտեսագետներն իրենց բաժին տարածքը ջեռուցում են գազի կաթսայով, ունեն նաեւ օդորակիչներ, որոնք հատկապես կիրառելի են ամռանը: Այս ամենը գուցե ոմանց մանրուք թվա, բայց այսօր ակադեմիական մի շարք ինստիտուտներում նման հնարավորություններ ունենալը շքեղություն է համարվում: Ինստիտուտներ կան, որոնք ձմռանը ցրտի պատճառով երկարացնում են արձակուրդը:

068A9902.jpg (333 KB)

Տնտեսագիտության ինստիտուտը (ՏԻ) հիմնադրվել է 1955-ին: Մինչեւ այդ ակադեմիայի կազմում գործում էր տնտեսագիտական սեկտորը, որը Հայաստանում տնտեսագիտության ուղղությամբ գիտահետազոտական բնույթի առաջին կառույցն էր: Ինստիտուտի առաջին տնօրենը դոկտոր, պրոֆեսոր Արարատ Մարուխյանն էր:

068A9839.jpg (336 KB)

1999-ից ինստիտուտը կրում է ակադեմիկոս Միքայել Քոթանյանի անունը, որը հաստատության տնօրենն էր 1987-1999 թթ.: Մ. Քոթանյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության 8 զոհերից մեկն էր:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

ՏԻ-ն կադրերի դարբնոց է

2007-ին կառավարության որոշմամբ տնտեսագիտական ուղղվածություն ունեցող երեք ինստիտուտներ (Տնտեսա­գիտական հետա­զոտությունների ինստիտուտ, Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտ), որոնք ենթարկվում էին պետական գերատեսչությունների, միացվել են ակեդեմիական ինստիտուտին: 2006-ից ՏԻ-ն ղեկավարում է ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը:

068A9994.jpg (239 KB)

Ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, տնտեսագիտության թեկնածու Հայկ Մարկոսյանը նկատում է, որ ակադեմիական ինստիտուտի շուրջ միավորումը ճիշտ էր, քանի որ ՏԻ-ն երկար պատմություն ունի, գիտական ուղղվածությամբ է, իսկ միավորված հիմնարկներն ավելի նեղ ճյուղային խնդիրներ էին լուծում: Սակայն միացումը, ըստ նրա, մեխանիկական բնույթ չէր կրում: Թեմատիկան վերափոխվեց՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին, իսկ ինստիտուտն էլ թարմացավ եւ երիտասարդացավ: Եվ այսօր ակադեմիական ինստիտուտների շարքում ՏԻ-ն երիտասարդ գիտաշխատողներով ամենահարուստներից է:

ՏԻ աշխատողներ
Infogram

«Գիտության մեջ հետաքրքիր է աշխատելը. այստեղ ինքնաիրացվում ես, ստեղծագործում ես, քեզ հետաքրքրող գործով ես զբաղվում, բայց երբ երիտասարդը գալիս է աշխատելու, եւ ինչ-որ ժամանակ ընտանեկան, տնտեսական, կենցաղային հարցեր են ծագում, դուրս են գալիս այստեղից»,- ասում է փոխտնօրենը: Նրա խոսքով՝ տնտեսագիտությունն ունիվերսալ մասնագիտություն է, շատ կարճ ժամանակում տնտեսագետը կարող է վերապատրաստվել հաշվապահի, նա պատրաստի կադր է բանկային, ապահովագրական, կառավարման համակարգում, ընդ որում՝ նշված ոլորտներում տնտեսագետներն աշխատում են միջին եւ բարձր օղակներում, որտեղ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան գիտության ոլորտում:

Այս իմաստով, ըստ Հայկ Մարկոսյանի, ինստիտուտն իր առաքելությունը կատարում է. այն ոչ միայն զուտ գիտությամբ է զբաղվում, այլեւ կադրեր է պատրաստում թե՛ գիտության, թե՛ այլ ոլորտների համար:

068A9909.jpg (252 KB)

Տնօրեն Վլադիմիր Հարությունյանն էլ հավելում է, որ ՏԻ-ն կադրերի դարբնոց է: Նա հիշում է 1990-ական թվականները, երբ ինստիտուտի աշխատակիցների մի ստվար հատված գնաց կառավարություն՝ Հրանտ Բագրատյան, Լեւոն Բարխուդարյան, Արմեն Եղիազարյան, Աշոտ Մարկոսյան, Ավետ Սաֆարյան, Արմեն Ալավերդյան, Արմենակ Դարբինյան: Հիմա, սակայն, ինստիտուտի կադրերի հոսքը դեպի բարձր պաշտոններ այդքան շատ չէ:

Միջին տարիքի մասնագետներին պահելը դժվար է

Դեռ խորհրդային տարիներից ինստիտուտն ունի ասպիրանտուրա: Հայկ Մարկոսյանն ասում է, որ նախկինում դիմորդներն ավելի շատ էին: Նվազումը նա պայմանավորում է գիտության հանդեպ ձգտման պակասով: Բացի դրանից՝ նշում է անգլերենի «TOEFL» քննության գործոնը, որը պետք է հանձնեն դիմորդները: Վլադիմիր Հարությունյանը նկատում է, որ «TOEFL» հանձնելու պարտադրանքն օտարամոլություն է, իսկ Հայկ Մարկոսյանն էլ ավելացնում է, որ դժվար է այն համարել լեզվի իմացության երաշխիք:

068A9844.jpg (365 KB)

Այդուհանդերձ, երիտասարդների համար տնտեսագիտությունը գրավիչ է թեկուզ նրանով, որ հենց այդ մասնագիտությամբ հետագայում բարձր վարձատրվող աշխատակիցներ են դառնում: Հայկ Մարկոսյանը շեշտում է, որ ՏԻ-ն չունի սերնդափոխության խնդիր, քանի որ երիտասարդների հոսք դեպի ինստիտուտ կա, սակայն խնդիր է ծագում որոշ ժամանակ անց, երբ ինչ-որ մակարդակի հասնելուց հետո երիտասարդը հեռանում է ինստիտուտից ու մտնում մասնավոր ոլորտ, որտեղ վարձատրությունն անհամաչափ բարձր է գիտական ասպարեզից: Սրա հետեւանքով երիտասարդների ու ավագ սերնդի միջեւ, ինչպես գիտական շատ այլ ինստիտուտներում, առաջանում է տարիքային «փոս»:

Երբ հետաքրքրվում ենք, թե արդյոք հնարավոր չէ, որ գիտաշխատողը լրացուցիչ եկամտի համար բուհերում դասախոսություններ կարդա, Հ. Մարկոսյանն ասում է, որ դասավանդողներ կան, բայց վարձատրությունը ժամավճարով է ու շատ ցածր, ամսվա կտրվածքով գումարը կազմում է 25-30 հազար դրամ:

068A9932.jpg (384 KB)

Մեր զրուցակիցներն ասում են, որ գիտական ինստիտուտում աշխատելն այսօր դարձել է նվիրյալի գործ: Վլադիմիր Հարությունյանը նշում է, որ երիտասարդները գալիս են, ատենախոսությունը պաշտպանում, բայց երբ ամուսնանում են, թողնում-գնում են ինստիտուտից, քանի որ ստացած աշխատավարձով չեն կարող ընտանիք պահել:

«Հիմա տեսեք, մենք հայտարարություն էինք տվել, ուզում էինք նոր կադրեր ներգրավել, եւ պայմանն այն է, որ պետք է պաշտպանած լինեն, դիմողները շատ են, բայց երբ ֆինանսական պայմաններին ծանոթանում են, ասում են՝ կներեք, մենք գնացինք»,- նկատում է ինստիտուտի 38-ամյա փոխտնօրենը:

068A9981.jpg (294 KB)

Ինստիտուտի ֆինանսավորումը պետբյուջեից մեծ չէ, բնականաբար, դրա մեծ մասը ծախսվում է աշխատավարձերի վրա: Ահա ՏԻ-ի ֆինանսավորման ծավալները 2012-2017 թթ.: Տվյալները վերցվել են պետական բյուջեի մասին օրենքների հավելվածներից:

ՏԻ
Infogram

Ներկայացնենք նաեւ ինտիտուտի տրամադրած թվերը 2016-2018 թթ. ֆինանսավորման վերաբերյալ:

TI.jpg (37 KB)

Ինստիտուտի ամենաբարձր վարձատրվող աշխատողներն են տնօրենը, փոխտնօրենը, գիտքարտուղարը, գլխավոր հաշվապահը, որոնք ստանում են 206-327 հազար դրամ «մաքուր» աշխատավարձ:

ՏԻ-ի միջազգային համագործակցությունն ավելի շատ անհատական մակարդակի վրա է, այսինքն՝ հայ գիտնականները դրսի մասնագետների հետ ժամանակ առ ժամանակ համատեղ աշխատում են ինչ-որ գիտական թեմայի շուրջ: ՏԻ-ն նաեւ կապեր ունի Բելառուսի եւ Դաղստանի տնտեսագետների հետ: Ինստիտուտն արտասահմանյան կազմակերպություններից դրամաշնորհներ չի ստանում:

«Գիտնականն այսօր անտեսվում է լրագրողների կողմից»

Հայկ Մարկոսյանն ասում է, որ անընդհատ շեշտում են, թե գիտության խնդիրը ոչ բավարար ֆինանսն է, բայց այսօր նաեւ հասարակության մեջ գիտական աշխատանքով զբաղվողի վարկանիշն է ցածր:

068A9977.jpg (286 KB)

Վլադիմիր Հարությունյանն էլ նշում է, որ այսօր գիտնականն անտեսված է լրատվամիջոցների կողմից, գիտնականին չեն մեծարում, մինչդեռ արժանի գիտնականներ շատ ունենք: Տնօրենի խոսքով՝ գիտնականն իր տեսակով համեստ է, նա չի գովազդի ինքն իրեն: «Դուք՝ լրագրողներդ, ահավոր քաղաքականացվել եք, չնեղանաք»,- նշում է տնօրենը:

Կառավարությանն առաջարկներ են արել

Վլադիմիր Հարությունյանն ասում է, որ թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարություններին առաջարկների փաթեթներ են ուղարկել, սակայն քիչ դեպքերում է գործադիրը դրական արձագանքել: Հիշում է, որ Տիգրան Սարգսյանի օրոք իր առաջարկներից երկուսը բարձրացվել էին օրենսդրական մակարդակի, փոխարենը, օրինակ, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարությանն առաջարկել էին նոր պղնձաձուլարան կառուցել Հայաստանում, հարցն այդպես էլ մնացել էր, բայց ահա ներկա կառավարությունն սկսել է քննարկել այդ թեման:

068A9942.jpg (327 KB)

ՏԻ-ում սիրում են խոսել ներկայից եւ ձեռքբերումներից: Ցույց են տալիս իրենց գրադարանն ու աշխատությունները: Վլադիմիր Հարությունյանը մեզ գրքեր է նվիրում՝ ասելով, որ ինստիտուտի ձեռքբերումները թվարկելը երկար կտեւի, սակայն դրանք ներկայացված են գրքերում: Քանի որ ցանկացած գիտական հաստատության արդյունավետության գնահատման ցուցիչներից մեկը գիտական հրապարակումներն են, կբավարարվենք Տնտեսագիտության ինստիտուտի գիտական հոդվածների եւ գրքերի քանակական տվյալներն ըստ տարիների ներկայացնելով:

ՏԻ հրապարակումներ
Infogram

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter