HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տարադրամի փոխանակման կետերի և գրավատների աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Տարադրամի փոխանակման կետերի և գրավատների աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:

«Հանդիպում», «վարչապետ» վանկարկելով՝ աշխատակիցները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ասում են՝ ուզում են հանդիպել միայն վարչապետի հետ, անձամբ նրան հայտնել իրենց մտահոգությունը, քանի որ Փաշինյանին թերի կամ սխալ տեղեկատվություն են հաղորդում:

Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագծով՝ գրավատները պետք է վճարեն 6 միլիոն դրամ պետական տուրք՝ ներկայիս 100 հազար դրամի փոխարեն, իսկ փոխանակման կետերը 50 000-ի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

Նախորդ հինգշաբթի Կառավարության նիստի ավարտից հետո աշխատակիցները հանդիպում են ունեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Նրանք հայտնել են, որ դեմ են առաջարկվող այն փոփոխությանը, որով տարադրամի փոխանակման կետերի և գրավատների գործունեության լիցենզիան նախկին 50 հազար դրամի փոխարեն դառնալու է 3 միլիոն դրամ՝ 60 անգամ ավելի:

Անհատ ձեռներեց Սամվել Մովսիսյանն ասում է՝ Նաիրի Սարգսյանը հարցը քննարկել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, ովքեր կտրականապես հրաժարվել են փոխզիջման որևէ տարբերակից.

«Մեր հույսը այսօր մնում է միայն հանդիպումը վարչապետի հետ: Հանկարծ միտք է ճառագել, որ կարելի է ինչ-որ ձևով պետբյուջեն լցնեն մեր հաշվին և որոշվել է 3 միլիոն դրամ սահմանել պետական տուրքը: Այն կործանարար է մեր փոխանակման կետերի համար: Կարող են մեր հաշվետվությունները ստուգել և տեսնել, որ մեր շահույթը ամսական կազմում է 300-500 հազար դրամ: Այս պարագայում, տարեկան ինչպե՞ս ենք կարողանալու միայն 3 միլիոն դրամ լիցենզիայի գումար տրամադրել»,- նշեց անհատ ձեռներեցը:

Սամվել Մովսիսյանը տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվում է 1995 թվականից: Ասում է՝ Կենտոնական բանկը վարչապետի՝ փոքր և միջին բիզնեսի խթանման կոչը սխալ է հասկացել, և որոշել են իրենց աշխատանքից զրկել՝ ի օգուտ բանկերի, որոնց պետական տուրքը բարձրացվել է 1.5-2.4 անգամ:

Տարադրամի փոխանակման կետի ևս մեկ աշխատակից՝ Սուրեն Վարդանյանը, ասում է՝ արդեն 10 օր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ իր գնահատմամբ «աբսուրդ» փոփոխությունը չեղյալ համարելու համար: Անհատ ձեռներեցը պնդում է՝ այս փոփոխությունն առաջարկող անձը պետք է գա, բացատրի, թե ինչ պատճառներով պետք է երեք միլիոն դրամ պետական տուրք վճարեն.

«Մենք էլ ասենք, հա, այնքան փող ենք աշխատում, որ խնդիր չկա, երեք միլիոն կասայում ավել դրված է, կբերենք, կմուծենք: Տարադրամի փոխանակման շատ կետեր կան, իրենց կասան ընդամենը 4-5 միլիոն դրամ է: Նման կասա ունեցող տարադրամի փոխանակման կետը ո՞նց կարող է 3 միլիոն դրամ պետական տուրք վճարի»:

Ըստ Վարդանյանի՝ այս փոփոխության ընդունման դեպքում տարադրամի փոփոխման կետերի 80-85 տոկոսը կփակվի: Կոնկրետ իր դեպքում՝ գումարի փոխարժույթները կսահմանի, ինչպես բանկերում է, կվճարի այդ 3 միլիոն դրամ պետական տուրքը, որը կհանի սպառողի գրպանից. «Եթե չփակվենք, մեկ տարի կգործենք՝ ժողովրդի ջանից հանելով, այլ տարբերակ չկա»:

Սուրեն Վարդանյանն ասում է՝ Կառավարության շենքը հսկող ոստիկաններից մեկը հայտնել է, որ գործադիրից որևէ մեկն այսօր ակցիայի մասնակիցների հետ հանդիպել չի կարող:

Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային զուգահեռ՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորները քննարկում էին կազմակերպել գրավատների և փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter