HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները նահանջել են հռչակած դիրքերից»

Հարցազրույց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

-Պարոն Մելիքյան, մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումը: Երկու  կողմերն էլ  դրական գնահատեցին հանդիպումը: Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե չի կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, բայց կարեւոր է, որ սկսվել է մի գործընթաց, որ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին: Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Կարո՞ղ ենք համարել, որ կողմերը բանակցային փակուղուց դուրս են գալիս:

-Բանակցային այս դրվագի արդյունքները քննելիս անհրաժեշտ է հիմնվել այն պաշտոնական հայտարարության վրա, որը տարածվել է Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների անունից, ինչպես նաեւ հաշվի առնել Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունները, որոնք հնչեցվեցին Վիեննայի հանդիպումից հետո: Վատ չէ, որ կողմերը համաձայնության են եկել հումանիտար խնդիրներին լուծում տալու հարցի շուրջ, դրական են գնահատել հանդիպման արդյունքները եւ պայմանավորվել են շարունակելու իրենց շփումները, հավանաբար, հենց Մինսկի խմբի եռանախագահաների հետ համատեղ աշխատանքի շրջանակներում:

Դրա հետ մեկտեղ համատեղ հայտարարության մեջ բառ անգամ չկա այն մասին, որ հայկական կողմը առաջարկ է արել Բաքվին՝ Արցախի պաշտոնական ներկայացուցիչներին բանակցությունների լիիրավ մասնակից դարձնելու վերաբերյալ: Հայտարարության մեջ արտացոլված չէ նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանն այլեւս իրեն իրավասու չի համարում բանակցություններում ներկայացնելու նաեւ Արցախը: Սա հիմք է ծառայելու Ադրբեջանի նախագահի համար՝ ասելու, որ բանակցային Բաքու-Երեւան ձեւաչափը չի փոխվել եւ չի փոխվելու, ու Հայաստանը կշարունակի երկխոսությունը նախկինում ձեւավորված օրակարգի շրջանակներում: Ադրբեջանական կողմի մեկնաբանությունների համաձայն՝ այդ օրակարգը նախատեսում է հայկական զինուժի առանց նախապայմանների դուրսբերում Ադրբեջանի տարածքից՝ ներառյալ Արցախը, իսկ արցախահայության ինքնորոշման իրավունքն էլ կարող է իրագործվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն՝ Արցախի անկախությունը կամ էլ Հայաստանի հետ միավորումը որպես խնդրի լուծման տարբերակներ չեն կարող դիտարկվել:

Վիեննայի այս հանդիպման փաստացի արդյունքը հենց սա է, եւ այն, ըստ էության, արտացոլված է վերը հիշատակված համատեղ պաշտոնական հայտարարության մեջ:  Վարչապետ Փաշինյանը եւս որեւէ բան դեռ չի ասել այն մասին, թե արդյոք իր կողմից բազմիցս հնչեցված առաջարկներով Վիեննայում պաշտոնապես դիմել է Իլհամ Ալիեւին ու համանախագահներին, եւ եթե այո, ապա ինչպիսին է եղել նրանց արձագանքը:

Այդպիսով, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները նահանջել են մինչ այդ հանդիպումը հռչակած դիրքերից եւ կրկին համաձայնել են դառնալ մադրիդյան սկզբունքների պատանդը, սակայն անգամ եթե դա այդպես է, միեւնույնն է՝ նախկին բանակցային հարաբերություններին վերադարձն այլեւս անհնարին է, եւ առաջիկա մի քանի ամիսներին դա պարզ կդառնա գործընթացի բոլոր մասնակիցների համար:

-Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը վերաձեւակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Ոչ մի թիզ հող չզիջելու մասին Արցախում վերջերս հայտարարել էր նաեւ Արթուր Վանեցյանը: Արդյո՞ք Հայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը, թե՞ այդ խոսքերն ուղղված են գլխավորապես ներքին լսարանին:

-Ես ողջունում եմ Հայաստանի պաշտպանության նախարարի եւ ԱԱԾ ղեկավարի հայտարարությունները: Այդ հայտարարությունները կարեւոր են հատկապես այն պատճառով, որ փաստում են մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաների եւ գերատեսչությունների պատրաստակամությունը՝ հավուր պատշաճի կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները, եւ այդ փաստի գիտակցումը կարեւոր է բոլորիս համար:

Դրա հետ մեկտեղ պետք է նաեւ գիտակցենք, որ Հայաստանի մասով պատերազմի կամ խաղաղության հետ կապված հարցերի վերաբերյալ նախ քաղաքական որոշում պետք է կայացնի իշխող քաղաքական ուժը, նրա ղեկավար օղակը:

-Ուժային համակարգի երկու ներկայացուցիչների հայտարարությունները որեւէ կերպ հակասու՞մ են դրական գնահատված հանդիպման ոգուն, թե՞ լրացնում են հայկական կողմի մոտեցումները

-Ես այդ հայտարարությունները դիտարկում եմ քաղաքական փոխլրացման ու ադրբեջանական ռազմատենչ նկրտումները զսպելու համատեքստում: Բոլոր դեպքերում դրանք օգտակար էին:

Լուսանկարը՝ Ա. Մելիքյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Ալին ասում է՝ տեսաք, մեր ուզածով եղավ, Արցախը չվերադարձավ սեղանի մոտ! Մեկը հարցնի թե այ խելոք, դե եթե չվերադարձավ, դրանով էլ հարցը հիմա դարձավ բոլորովին անլուծելի, քանի որ Նիկոլը նախորոք զգուշացրել էր որ ինքը Արցախի փոխարեն չի կարող վճռել։ Հլա դրա դիմաց էլ Ալին պարտավորվեց խելոք մնալ։ Իսկ Նիկոլի ուզածն էլ իրականում հենց այդ էր։ Այսինքն կուտը կերան։ Հետագայում արդեն պարզ է ինչ կասվի և ինչ կպատասխանվի։ Իմ կարծիքով պարտիան փայլուն էր!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter