HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Չառանգիերոն՝ մոռացված ու հինավուրց երկրից

- Ես Ռոդոլֆո Ռուիզն եմ, չառանգիերո եմ- ասում է բնիկ ամերիկացու դիմագծերով, թխամաշկ ու չափազանց վառվռուն աչքերով երաժիշտը։ Նա խնամքով սեղանին է դնում քիչ առաջ դահլիճը ոտքի հանած փոքրիկ, «ինդիժենո» սիմվոլներ հագած երաժշտական նվագարանը՝ չառանգոն։ Այն փոքր-ինչ տարօրինակ տեսքով կիթառի է նման, որից երբեմն իսպանական ֆլամենկոյի կամ մանդոլինի ձայն է գալիս։

Բուենոս Այրեսի հին ու բոհեմական թաղամասերից մեկում տանգոյի գալա համերգ է, որն հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից եկած տուրիստների։ Աշխարհին այս երկիրը հատնի է մի շարք առանձնահատկություններով, այսօր՝ առավելապես,  ֆուտբոլով, բայց Արգենտինայի իսկական հմայքը փնտրողներն, անշուշտ, գտնելու են նրա հռչակավոր տանգոն ու գինին, որոնք, անվերապահորեն, այս յուրահատուկ երկրի այցեքարտերից են։

Սրահը, որն ամեն օր լեփ-լեցուն է բազմությամբ, զբոսաշրջիկներին գրավում է նաև ֆոլկլորային արվեստի ներկայությամբ։ Շատերն այստեղ գնում են ոչ միայն տանգոյի, այլ՝ տիպիկ իսպանական պարից և բնիկ-հնդկացիների (ինդիժենո, ինդիգենաս) արվեստից պատառիկներ տեսնելու ցանկությամբ։ Պատմում են, որ «Գալա տանգոյի» այս ներկայացումներին հանդիսատեսի շարքերում ժամանակ առ ժամանակ հայտնվում են Սթինգը, Մադոննան․․․ երբ ինչ-որ առիթով Բուենոս Այրես են ժամանում։ Բայց քաղաքի հայտնի չառանգիերո Ռոդոլֆո Ռուիզը սրանով չէ, որ հպարտանում է նա ունի իր համար ավելին՝ «Ես ստեղծագործել եմ Խոսե Կարեռասի հետ»,- ասում է նա։

Չառանգոն լարային երաժշտական գործիք է՝ վինային ընտանիքից, որի ծագման պատմությունը հյուսվում է Անդյան լեռնաշղթայի փեշերից։ Կան տարբեր պատմություններ, լեգենդներ ու հորինվածքներ այս փոքրիկ նվագարանի ստեղծման մասին, և դրանցից ոչ մեկը մինչ օրս հավաստի չի համարվում։ Բայց այդ պատմությունն ուսումնասիրող ու տարբեր կարծիքներ փաստող բոլոր մարդիկ գիտեն, որ հինավուրց քամու ուղղության նման անկանխատեսելի ու լեռների քարե ափերին զարնվող այդ ձայնը պատկանում է Քեչուա և Այմարա ցեղերին։

Հարավային Ամերիկայի բնիկ ժողովրդի ոգին ու իրենց հետագա ճագատագիրը իր մեջ հավաքագրած պատմություն ունի այս երաժշտական նվագարանը։ Այն ինչ-որ տեղ խորհրդանշում է այս աշխարհամասի մարդուն, նրա գաղութացված կյանքը, դրա հետևանքով փոփոխության ենթարկված կենցաղն ու մշակույթը, քանի որ Անդյան լեռնաշխարհում չառանգոն մեծ տարածում է գտել իսպանացիների՝ Լատինական Ամերիկան հայտնաբերելուց հետո։

«Դա հին Անդյան լեռների՝ Կորդիլերայի ձայնն է,- ասում է Ռոդոլֆո Կոյա Ռուիզը ,- Բայց երաժշտության բնույթը, խառնվածքը տարբեր երկրներում տարբեր է, չնայած՝ նույն գործիքն է համարվում․․․ Չիլլիում տարբեր է Էկվադորից, Էկվադորում՝ Բոլիվիայից։ Յուրաքանչյուր երկրում տարբեր բովանդակություն և ձայն ունի, տարբեր կերպ է հնչում և պատմվում»։

Ռ Ռուիզը ծնվել է Տիլկարա փոքրիկ քաղաքում, որն ընկած է Քեբրադա դե Ումաուակա գեղատեսիլ հովտում (Արգենտինայի հյուսիս-արևմուտք) ։ Այս հովտով են միջնադարում անցել Ինկերի կայսրության մշակութային և առևտրատնտեսական ուղիները։ Այն բնակեցված է եղել հնագույն ժամանակներից և այսօր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխահային ժառանգության շարքում։ Ռ Ռուիզը երաժշտության հանդեպ սերը ժառանգել է հորից, ով այս քաղաք էր տեղափոխվել Բոլիվիայից, 20 տարեկանում և ձեռքին՝ չառանգո։ Փոքր տարիքից նա հետևում էր հորը, ապա՝ սկսեց մասնակցել տեղական մշակութային միջոցառումների, փառատոների։ Ռոդոլֆոյի հետագա ուղին նրան տեղափոխում է աշխարհի տարբեր երկրներ՝ նվագելու Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում ու քաղաքներում՝ հանդես գալով էթնիկ կամ ֆոլկ երաժշտական տարբեր փառատոներում, երգիչների ու երաժիշտների հետ, տարբեր խմբերում։ 1988թ նման մի համերգային ծրագրի ժամանակ, հետո նաև 1997-ին,  նա նվագակցել է իսպանացի աշխարհահռչակ տենոր Խոսե Կարեռասին (առաջին տեսանյութում)։  

Գաղտնիք չէ, որ բնիկներն ունեցել են երաժշտական և մշակութային հարուստ ժառանգություն, որն իր բնորոշ գծերը մինչ օրս պահպանել է անդյան ժողովուրդների՝ հիմնականում ֆոլկ երաժշտության մեջ։ Նախկին ավանդական, ծիսական, ժողովրդական տիպիկ մեղեդիները մեծ մաամբ ենթարկվել են իսպանական մշակույթի ազդեցությանը ահա թե ինչու, չարանգոն, հինավուրց լեռներից ու առասպելական հովիտներից բերող ձայնը երբեմն փոխակերպում էր իսպանական հնչյունների։

Այս նվագարանը շատ տարածված է Պերուում, Վենեսուելայում, Էկուադորում, Չիլլիում, Բոլիվիայում, Արգենտինայի որոշ շրջաններում։ Նրա բնօրինակը կամ ավանդական չառանգոն պատրաստվել է արմադիլլո կոչված կենդանու զրահից (Արմադիլլոն զրահակիրների շարքին պատկանող կաթնասուն կենդանի է)։ Հետագայում, և մեր օրերում նույնպես, որպես հումք օգտագործվել է փայտը։ Ինչպես Ռոդոլֆո Ռուիզը մեկնաբանեց՝ այս երկրներում այն կարող է տարբեր տեսք և երաժշտական հնչողություն ունենալ, ինչպես նաև՝ տարբեր անվանումներ։

«Ինչպես մարդիկ, ժողովուրդներն են միմյանցից տարբեր՝ դեմքերով, կենցաղով, պատմությամբ, այդպես էլ այս երաժշտությունը։ Հիմքը մեկն է՝ մարդ-գործիքը, բայց ոգի-երաժշտությունը՝ տարբեր»,- շարունակում է մեկնաբանել երաժիշտը։

Չառանգոյի ծագման շուրջ պտտվող պատմություններից մեկի համաձայն՝ հարավ-ամերիկյան բնիկներին երկիրը գաղութացրած իսպանացիներն արգելել էին նվագել կամ, պարզապես հնչեցնել իրենց ավանդական երգերն ու մեղեդիները։  Չառանգոն, որի նախատիպը ամենայն հավանականությամբ իսպանացիներն են տեղափոխել այս մայրցամաք, հարմար գործիք էր այս հարցում։ Ասում են, որ իր փոքր չափի շնորհիվ, նրանք այն հաջողությամբ թաքցնում էին իրենց ավանդական հագուստի՝ հանրահայտ պոնչո-թիկնոցների տակ։ Իսկ մութ գիշերներին, երբ ոսկու և արծաթի տենդագին որոնումներից հոգնած «սպիտակ» մարդը քնած էր, նրանք ծածուկ նվագում էին։ Ու հազարամյա լեռների, անտառների գլխավերևում կրկին թևածում էր հինավուրց ցեղի նախնյաց մեղեդին։

Ռոդոլֆոյի չառանգոն պատված է հին սիմվոլ-քանդակներով, որոնք, հավանաբար, անդյան հինավուրց քաղաքակրթության պատկանելություն ունեն։

«Սա արևի սիմվոլն է, մայր մտնող արևի՝,- ասում է նա՝ ցուց տալով պատկերներից մեկը,- այն այդպես է պատկերված տիաուանակո ժողովրդի մշակույթում։ Նրանք ինկերից էլ առաջ էին»։

«Ի՞նչ եմ փորձում հասցնել մարդկանց,- հարցին հարցով պատասխանում է երաժիշտն ու մի պահ լռում։ Ապա նրա բարեհամբույր ժպիտն ավելի լուսավոր է դառնում ։- Ես գիտեմ, որ ես տարբեր եմ․․․և առաջինը՝ ես նրանց ուզում եմ պատմել, որ գալիս եմ մի հնագույն աշխարհից․․․  ուզում եմ պատմել հնդկացի ժողովրդի՝ իմ ակունքների մասին։ Եվ ուրեմն՝ ես գիտեմ, որ ես նախևառաջ դրանով եմ տարբեր։ Ես փորձում եմ ներկայացնել իմ մոռացված ինդիժենո մշակույթի ձայնը»։

Ռ Ռուիզը նվագում է ոչ միայն ավանդական, այլև՝ իր սեփական գործերը։ Ասում է, որ ունի շատ սիրելի երաժիշտներ՝ տարբեր ժանրերում ստեղծագործող, որոնց գործերը ևս կատարում է և ներշնչվում նրանցից։

«Բայց պիտի ես էլ փաստեմ, որ երաժշտությունն էլ մարդու նման, էվոլյուցիայի է ենթարկվել։- ասում է նա,- Նախկինում այն հոգու համար էր, այսօր՝ առավելապես ժամանցի։ Ես նվագելիս ամբողջովին նվիրվում եմ, ներդնում եմ  սիրտս, զգացումներս՝ փորձելով ամեն կերպ արտահայտել այն, ինչ զգում եմ այդ պահին։ Ես ուզում եմ մարդկանց հասցնել այդ ամենը և այս ճանապարհին է, որ զգում եմ՝ փոխվել է երաժշտության դերը մարդկանց կյանքում։

Սրտիս խորքում հավատում եմ, որ երաժշտությունը կարող է փոխել շատ բան․․․ և ոչ միայն երաժշտությունը արվեստն իր տարբեր դրսևորումներով, և ինքը՝ արվեստագետը։ Ես շարունակում եմ հավատալ, որ արվեստը կարող է, ի վիճակի է հեղափոխություն անել և փոխել ամեն ինչ»։

Լուսանկարները՝ հեղինակի և Ռ․ Ռուիզի արխիվից

Մեկնաբանություններ (4)

Մ.Գրիգորյան
Հրաշալի հոված, հրաշալի երաժշտություն: Ձեր բոլոր հոդվածներտ եզակի են, ճաշակ թելադրող: Այդպիսի հոդվածներ յոթանասուն-ութսունականներին գրում էր Արմեն Հովհաննիսյանը:
John Bloom
We just got back from Argentina where we saw Rudolfo play at Gala Tango. He is a stellar musician, and I became fascinated by the instrument. I'm an American who never heard of charango, but I play guitar and mandolin and decided I need to learn this instrument, knowing I'll never play 1/10 as as well as he does. I've been studying him on the internet, and just love the variety of his playing, the soft and beautiful and the energetic and fiery. Bravo.
Taline
A wonderful report, a pleasing surprise--this tribute by "Hetq" to the Andean musical heritage of the South. Thanks!
aram
Fantastic. Thank you hetq for introducing this rich culture to our rich culture

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter