HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ուղղություններով է նվազել արտահանումը

Դեռևս 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը նվազում է։ Բացառություն էր միայն հոկտեմբերը, երբ դրական դինամիկա գրանցվեց, որը սակայն հաջորդ ամսվանից չպահպանվեց։ Անկումը շարունակվել է նաև այս տարի։ Վիճակագրական կոմիտեի այս տարվա տվյալների հիման վրա փորձել ենք հասկանալ, թե որ ուղղություններով է կրճատվում արտահանումը՝ դեպի որ երկրներ կատարվող արտահանումն է կրճատվել և որ ապրանքների մասին է խոսքը։

Այսպես, ամենաթարմ տվյալներով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 1 մլրդ 12 մլն դոլար, որը 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7.7%-ով։

Մասնավորապես, արտահանումը կազմել է մոտ 338 մլն դոլար, որը  11.6%-ով կրճատվել է։

Կրճատվել է նաև ներմուծումը, որը կազմել է 674 մլն դոլար, անկումը՝ 5.6%: Ներմուծմանը կանդրադառնանք առանձին հոդվածով։

Հայաստանի արտահանումը շարունակում է կենտրոնացված մնալ թե՛ ըստ երկրների, թե՛ ըստ ապրանքների։ Արտահանվող հայկական ապրանքների համար ամենախոշոր շուկան Ռուսաստանն է, որին վերջին տարիներին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 20%-ից ավելին։

Մասնավորապես, այս տարվա հունվար-փերվարին Ռուսաստանի կշիռը Հայաստանի արտահանման կազմում 24.4% է։ Մյուս խոշոր շուկան Շվեյցարիան է, կշիռը՝ 20.1%։ Եռյակը եզրափակում է Իրաքը՝ 9.4%-ով։ Ինչպես տեսնում ենք, միայն այս երեք շուկաներին բաժին է ընկել Հայաստանի արտահանման կեսից ավելին՝ մոտ 54%-ը։

Առաջին հնգյակում են նաև Բուլղարիան (8.2%) ու Չինաստանը (6.6%)։ Հաջորդում են Նիդերլանդները (6.5%), Վրաստանը (3.1%), Գերմանիան (3), ԱՄՆ-ն (2.3%) ու Կանադան (2.3%)։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտահանման կազմում այս տասը երկրների կշիռը միասին մոտ 86% է։

Դեպի Ռուսաստան արտահանանման ծավալներն այս տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 3.6%-ով նվազել են։ Քանի որ  Ռուսաստանը մեր արտահանման կազմում էական կշիռ ունի, հետևաբար այս նվազումը բացասաբար է ազդել արտահանման ընդհանուր ցուցանիշի վրա։ Հայաստանը Ռուսաստան է արտահանում տարատեսակ ապրանքներ՝ ալկոհոլային խմիչքից ու սննդից սկսած մինչև տեսքտիլ։ Թե կոնկրետ որ ապրանքների հաշվին է նվազել արտահանումն այս տարի, այս պահին հայտնի չէ, հրապարակված չեն համապատասխան տվյալներ։ Միայն, հիմնվելով Եվրասիական տնտեսական հանձնաժովողի հրապարակած տվյալների վրա, որոնք ամփոփում են հունվար ամիսը, կարող ենք ենթադրել, որ նվազումը պայմանավորված է ոչ փոքր թվով ապրանքների ծավալների կրճատմամբ։

Նվազել է նաև դեպի Բուլղարիա արտահանումը։ Անկումը կազմել է 37.2%: Այստեղ արդեն պարզ է, որ խոսքը պղնձի մասին է։ Բուլղարիան Հայաստանից արտահանվող պղնձի խոշոր գնորդներից մեկն է։ Նախորդ տարի, ինչպես ավելի վաղ գրել ենք, կրճատվել է պղնձի արտահանումը, այդ թվում՝ դեպի Բուլղարիա։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը, բացի պղնձից, Բուլղարիա արտահանում է բավականին քիչ թվով և քանակությամբ ապրանքներ, որոնց կշիռը արտահանման մեջ էական չեն։ Հետևաբար, դեպի Բուլղարիա անկումը պայմանավորված է պղնձի ծավալների կրճատմամբ։

Նվազել է նաև դեպի Գերմանիա արտահանումը։ Հունվար-փետրվարին անկումը կազմել է 62.6%: Այս նվազումը ևս  պայմանավորված է պղնձի ծավալների կրճատմամբ, քանի որ Գերմանիան ևս համարվում է հայկական պղնձի խոշոր գնորդներից մեկը։

Էական անկում է գրանցվել նաև դեպի ԱՄՆ արտահանման մասով, որը կազմել է 36.7%: Հայաստանից ԱՄՆ առաքվող ապրանքների ցանկը ևս լայն չէ, հիմնականում՝ ալյումինե նրբաթիթեղ, սպիրտ, ադամանդ և ևս մի քանի ապրանք։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, նախորդ տարի զգալի կրճատվել է ալյումինե նրբաթիթեղի արտահանումը Հայաստանից, որը պայմանավորված է  ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներով. Հայաստանից ալյումինե նրբաթիթեղ արտահանող «Ռուսալ Արմենալ» ընկերությունը նշված օլիգարխի հետ կապված և աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ռուսալ»-ի ընկերության կազմում է։ Հայաստանից ԱՄՆ արտահանման ուղիղ կեսը 2018 թվականին կազմել է ալյումինե փայլաթիթեղը, որի ծավալները նախորդ տարիների համեմատ կրճատվել է։

Միևնույն ժամանակ, մի շարք երկրների ուղղությամբ հայկական ապրանքների արտահանումն այս տարի աճել է։ Այդ թվում՝ դեպի Շվեյցարիա, Իրաք, Նիդերլանդներ, Չինաստան, Վրաստան և Կանադա։

Կրկին հիմնվելով նախորդ տարվա տարեկան տվյալների վրա՝ նշենք, որ Հայաստանը Շվեյցարիա է արտահանում մեծամասամբ ոսկի, պղինձ և ժամացույցի մասեր, Իրաք՝ ծխախոտ, Նիդերլանդներ՝ ֆեռոմոլիբդեն ու ալյումինե նրբաթիթեղ, Չինաստան՝ պղինձ, Վրաստան՝ ծխախոտ, պղինձ ու շիշ (շիշ, բանկա, ամպուլա և ապակե այլ տարողություն), Կանադա՝ պղինձ ու ադամանդ։ 

Վիճծառայությունը ներկայացրել է հունվար-փետրվարի արտահանման կազմն՝ ըստ խոշոր ապրանքախմբերի։ Այդ տվյալներից պարզ է դառնում, որ արտահանման նվազումը պայմանավորված է ինչպես հանքահումքի ծավալների կրճատմամբ, այնպես էլ՝ մանածագործական իրերի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի։ Հայաստանի արտահանման կազմում առավել մեծ կշիռ ունեն այս ապրանքախմբերը, ինչպես նաև՝ պատրաստի սնունդը, որի ծավալներն աճել են։

Ի դեպ, օրեր առաջ, երբ Վիճկոմիտեն ներկայացրեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2019թ. փետրվարին» հրապարակումը, սկզբնական տարբերում արտաքին առևտրի տվյալները սխալ էին ներկայացված, ըստ որոնց՝ զգալի աճել էր թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը։ Կարճ ժամանակ անց ցանկը թարմացվեց, սակայն լրատվամիջոցների մեջ մասն արդեն ֆիքսել էր սխալ տարբերակը։ Դա է պատճառը, որ մի շարք լուրերում մինչ այսօր արտաքին առևտրի աճի տվյալներ են ներկայացված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter