HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատերը դատարանից պահանջում է հօգուտ իրեն ազգային պատկերասրահից բռնագանձել 8,1 մլն դրամ

Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատեր Դավիթ Հարությունյանն ապրիլի 2-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է պարտավորեցնել Ազգային  պատկերասրահին Թումանյան փողոցի թիվ 44/1 հասցեի  անշարժ գույքը, որպես սեփականատեր, հանձնել իրեն: Նշված տարածքում այժմ գործում է Ալավերդու պատկերասրահը: 

Պատկերասրահի շենքի տարածքը Դավիթ Հարությունյանի անունով  պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկի» 2016թ.-ի սեպտեմբերի 29-ի առուվաճառքի պայմանագրի հիմքով: Հայցվորը  դատարանից պահանջում  է նաև «Հայաստանի ազգային  պատկերասրահ» ՊՈԱԿ-ից  հօգուտ իրեն բռնագանձել 8 մլն 100 հազար դրամ՝ որպես բաց թողնված օգուտ, ինչպես նաև 166 հազար դրամ՝ որպես  իր հայցադիմումի համար  նախապես վճարված  պետական տուրք: Ազգային պատկերասրահը սեփականության որևէ իրավունք և պարտավորություն չունի Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ: 

2018 թ. դեկտեմբերի 22-ին Ալավերդու պատկերասրահում հավաքված ալավերդցիներն իրենց դժգոհությունը հայտնեցին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի  կողմից համայնքի սեփականության գույք հանդիսացող պատկերասրահի շենքը յուրացնելու համար եւ որոշեցին նամակով դիմել կառավարությանը: 

Հիշեցնենք «Հետք»-ի «Դատարանը  Քաղառի  չմարած վարկերի դիմաց  ճանաչել է «Հայէկոնոմբանկի» սեփականության իրավունքը՝ Ալավերդու պատկերասրահի շենքի  նկատմամբ» հրապարկումը  Լոռու մարզի  դատախազ Արսեն Մարտիրոսյանը 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին ուղարկել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ հրապարակման մեջ նշված փաստերի վերաբերյալ ստուգողական գործողություններ իրականացնելու համար:

«Այդ գործողությունների կատարման արդյունքում, հանգել է հետևություն, որ կատարվել է ենթադրաբար Քրեական օրենսգրքի 325 հոդվածով նախատեսված հանցագործություն: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին քրօրենսգրքի 325 հոդված 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 55164918 քրեական գործը: Վերջինս նախաքննություն կատարելու համար հանձնվել է Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնին: Քրգործն այժմ գտնվում է նախաքննության փուլում»,-  «Հետք»-ին հայտնել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյան:

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի խոսքով, պատկերասրահի շենքը պատկանում է Ալավերդու համայնքապետարանին:

«Մենք պարտավոր ենք մեր համայնքի և ընդհանուր դեպքում պետության և հանրության շահերը պաշտպանելու: Ինչ տարբերություն համայնքային սեփականություն, թե պետական սեփականություն»,- ասում է համայնքապետը:

Պատկերասրահի շենքի վերաբերյալ հարուցված քրեական գործը այս պահին գտնվում է Լոռու մարզի քննչական վարչության Ալավերդու քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի վարույթում: «Պատկերասրահի շենքը «Հայէկոնոմբանկ»-ին  հանձնելու օրինականության ստուգման նախաքննությունը շարունակվում է»,- երեկ հայտնեց  քննիչը:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի խոսքով տվյալ դեպքում  քրեական գործի շրջանակներում պարզվելու է, թե պատկերասրահի շենքն օրինական հիմքով է անցել «Հայէկոնոմբանկ»-ին, թե՝ ոչ: Քանի որ այդ հարցը ուսումնասիրության փուլում է, Դավիթ Հարությունյանը  դատարանում  չի կարող ասել, թե սեփականության  իր իրավունքը խոչընդոտվում է:

«Եթե  այդ գործի հետ կապված կա հարուցված քրեական գործ, դատարանը անհնարինություն է տեսնելու այդ գործի հետագա ելքի հետ կապված և կասեցնելու է Դ. Հարությույանի գործի վարույթը: Քաղդատով դա հստակ կարգավորվում է: Քրեական գործի որոշումը, երբ պատասխանողը ներկայացնի դատարան  և հայտնի, որ  խնդիրը ուսումնասիրվում է քրեական գործի շրջանակներում, դատարանն ինքը ոչ  թե իրավունք ունի, այլ պարտավոր է կասեցնել  այդ քաղաքացիական գործը մինչև նախաքննության ավարտը, ապա  դատարանի որոշում կայացնելը: Դրանից  հետո կպարզվի մարդու բողոքը օրինական է, թե անօրինական: Եթե  դատարանը կպարզի, որ պատկերասրահի շենքն անօրինական է անցել «Հայէկոնոմբանկ»-ին, քաղաքացու դիմումը կդառնա առարկայազուրկ, այսինքն՝ նա չի ունենա սեփականության իրավունք: Եթե  պարզվի՝ օրինական է, նա կարող է իր հայցը ներկայացնել դատարան և օգտվել իր սեփականության իրավունքից»,- պարզաբանեց  փաստաբանը: Վերջինիս ասելով, այս քրգործում կա պատկերասրահի շենքի սեփականության երկու փաստաթուղթ: Մեկը կառավարության 1997թ.-ի  մարտի 14-ի  թիվ 51 որոշումն է,  ըստ որի պատկերասրահի շենքն  Ալավերդու  համայնքի սեփականությունն է, և կա  «Հայէկոնոմբանկ»-ի  սեփականության վկայականը, որի հիմքը կասկածելի է:  

Հիշեցնենք, որ Ալավերդու նախկին Կախոյան 7, ներկայումս  2 մասի բաժանված Թումանյան 44 և 44/1  շենքը  դեռ 1982 թ.-ին   քաղաքային խորհրդի գործկոմի  որոշմամբ Ալավերդու Քաղառից հետ է  վերցրվել և հանձնվել գործկոմի կուլտուրայի բաժնին՝ Ալավերդիում Ազգային պատկերասրահի  մասնաճյուղ բացելու համար: 

Կուլտուրային մինիստրության,  ազգային պակերասրահի տնօրինության և  Ալավերդու քաղխորհրդի գործկոմի համաձայնությամբ  1986թ.-ին Ազգային պատկերասրահի Ալավերդու  մասնաճյուղը  սկսել է գործել  Կախոյան  7,  ներկայումս Թումանյան 44 և 44/1 հասցեում:  Կառավարության 1997թ.-ի  մարտի 4-ի թիվ 51 որոշմամբ շենքը որպես պատկերասրահ  ընդգրկվել է  Ալավերդի համայնքի  սեփականության այն գույքի ցանկում, որոնք սեփականաշնորհման և առուվաճառքի ենթակա չեն: Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի 23.04.1999թ.-ի  որոշմամբ,  անտեսվել է  կառավարության թիվ 51 որոշումը  և պատկերասրահի շենքը  Քաղառի 3 մլն դրամ չմարված  վարկի դիմաց հանձնվել է «Հայէկոնոմբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղին:

2005թ.-ի նոյեմբերի 1-ին, համաձայն Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի  271-Ա  որոշման,  պատկերասրահի շենքը պետական գրանցում է ստացել  որպես բանկ՝ «Հայէկոնոմբանկի»  Թումանյանի  մասնաճյուղի  անվամբ: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի 2015թ.-ի դեկտեմբերի 21-ի  283-Ա որոշման համաձայն՝ Կախոյան 7 հասցեի «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անշարժ գույքը բաժանվել է երկու միավորի, և բաժանված երկու միավորներն էլ 2016թ.-ի փետրվարի 18-ին իրավունքի պետական գրանցում են ստացել կրկին «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անվամբ՝ Թումանյան 44 և Թումանյան 44/1 հասցեներով: Թումանյան  44/1  հասցեով  տարածքը Դավիթ Հարությունյանի անունով գրանցվել է  «Հայէկոնոմբանկի» առուվաճառքի հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter