HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է իրանական ցեմենտի ներմուծման վրա պետտուրքի սահմանման հարցը

Խորհրդարանում քննարկվում է կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» նախագծերի փաթեթը։ Փաթեթի հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այս հարցի վերաբերյալ կարծես թե փոխել էր իր դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ հարցի՝ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ պատգամավորն այն կարծիքին էր, որ ավելի լավ է Իրանից էժան ցեմենտ ներկրվի, ինչի արդյունքում ընդհանուր շինարարությունը կէժանանա, նույնիսկ եթե 400 աշխատակից ունեցող տեղական գործարանը փակվի, ինչն առաջացրեց ԲՀԿ-ական պատգամավորների վրդովմունքը։

Պատգամավորն ասաց, որ այս թեմայի շուրջ քննարկումները սկսելուց առաջ հանգամանալից ուսումնասիրել է ոլորտը։

«Այս պահին Հայաստանում գործում է ցեմենտ արտադրող երեք մեծ գործարան՝ Արարատի, Հրազդանի և Երևանի ցեմենտի գործարանները, որոնցից միայն Երևանինն է, որ հումքը ներմուծում է արտերկրից։ Մեկ տոննա ցեմնետի համար Արարատի գործարանը առաջարկում է 40 հազար բացթողնման գին, Երևանի գործարանը՝ 41 հազար, Հրազդանինը՝ 48 հազար դրամ»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստան ներմուծվեց նաև իրանական ցեմենտ, որը սահմանի վրա արժեր 8-10 հազար դրամ։

«Ամենամատչելի ցեմենտից մոտ չորս անգամ էժան՝ նույնիսկ հարկվելուց հետո, և եթե ՊԵԿ-ը, կառավարության ղեկավարը քայլեր չձեռնարկեին, շատ արագ ցեմենտ արտադրող երեք տեղական գործարաններն էլ կփակվեին։ ՊԵԿ-ը սահմանում է հսկիչ գին՝ ներմուծվող ցեմենտի վրա 100 հազար դրամի չափով, որի հարկերը ենթադրում են 32 հազար դրամ, և դրանք գումարվելով իրանական տաս հազար դրամանոց ցեմենտին հավասարվում էր հայկական տեղական ցեմենտին, ինչը կանխեց ցեմենտի մեծ թվով ներմուծումը»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ իրանական ցեմենտի ներմուծումից հետո հայաստանում ցեմենտի գները նվազել են 10 հազար դրամով, որը ոչ թե արտադրող ընկերությունների բարի կամքի դրսևորման արդյունքն է, այլ՝ կառավարության ղեկավարի վարած քաղաքականության արդյունքը, քանի որ առաջացել է բնական մրցակցություն տեղական արտադրողների և իրանական ցեմենտի միջև։

«Ուզում եմ արձանագրենք, որ ունենք տաս հազար դրամով ավելի մատչելի ցեմենտ, քան ունեինք մինչ հեղափոխությունը»,- ասաց նա։

Սարգսյանի համոզմամբ՝ կառավարությունն առաջարկում է իրանական ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանել, որպեսզի հայկական ցեմենտը լինի մրցունակ, սակայն դա վրդովմունք է առաջացրել ներմուծող ընկերությունների մոտ։

«Տեղական ընկերություններն էլ իրենց հերթին ցանկանում են, որ պետական տուրքը լինի ավելի բարձր, բայց այնպիսի թիվ է ընտրվել, որը կհակակշռի հայկական ու իրանական ցեմենտները, և կլինի մրցակցություն: Մրցակցությունը բխելու է ՀՀ քաղաքացիների մեծամասնության շահերից»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մեկ տարվա ընթացքում բյուջեն կունենա չորս միլիարդ դրամի մուտք այս պետտուրքի մասով։

Սարգսյանը հիշեցրեց, թե ում է պատկանում «Արարատցեմենտ»-ի գործարանը։

«Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, որի հիմնադիրը և սեփականատերը հանդիսանում է իմ գործընկեր Գագիկ Ծառուկյանը: Ցավոք, պարոն Ծառուկյանը էստեղ չէ, ես շատ եմ հարգում պարոն Ծառուկյանին՝ հաշվի առնելով այն, որ նա զրոյից հաջողությունների հասած գործարար է, և իր կոնցեռնը խոշոր հարկատուների տասնյակում է կամ քսանյակում, շատ մտերիմ հարաբերություններ ունեմ իր հետ, և հույս ունեմ, որ առաջիկա հինգ տարիներին այդ հարաբերություններն էլ ավելի կլավանան։ Այս օրերին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են ցեմենտ արտադրող ընկերությունների հետ՝ նկատի ունենալով, որ դա միտված է եղել «Արարատցեմենտ»-ի դեմ: Մենք բոլոր ցեմենտ արտադրողների հետ հանդիպել ենք, և տարօրինակ կլիներ, որ դա չանեինք: Եթե դա չանեինք լրատվամիջոցները կարող էին ասել, թե ինչու պատգամավորները չեն հանդիպել մյուս ցեմենտ արտադրողների հետ, մի՞թե Գագիկ Ծառուկյանը նրանց նիվա է նվիրել։ Բնական է, որ մենք պետք է հանդիպեինք բոլոր ցեմենտ արտադրող ընկերությունների հետ»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ հանձնաժողովը բոլոր հարցերի դեպքում է շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ իրականացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter