HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Բացիկներ Արցախից»․ չորս կին լուսանկարիչ տարիներ շարունակ վավերագրել են Արցախը

Տարիներ առաջ հնարավորություն ունեի Հայաստանում ուղեկցելու լեհ անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին, զրուցելու նրա հետ լեհական կինոյից, տպավորություններից, որ ստացել է Հայաստանում: Մեկնելու նախորդ օրը Զանուսին խնդրեց տասը բացիկ գնել, որոնք կներկայացնեն Հայաստանը, երկրին բնորոշ պատկեր կփոխանցեն։ Կարծեցի, թե շատ է տպավորվելպարզվեց երկիրը եւ տպավորությունը կապ չունեն Զանուսին շատ է ճամփորդում եւ իր մտերիմներին ամեն «կանգառից» բացիկներ է ուղարկում աշխարհի տարբեր ծայրեր։

  • -Ափսոս, շատ տպավորիչ չեն, բայց ավանդույթս խախտել չեմ կարող,- ժպտալով ասաց Զանուսին՝ վերցնելով բացիկները։

Այս պատմութունը հիշեցի ու պատմեցի Նազիկ Արմենակյանին «Բացիկներ Արցախից» տուփ-գրքի շնորհանդեսի ժամանակ՝ կարեւորելով մեծ աշխատանքը, որն իրականացրել են 4 լուսանկարիչներով, մտածեցի՝ ափսոս Զանուսիին հիմա դրանք չեմ կարող փոխանցել, որպեսզի բացի ավանդույթը, տպավորությունն էլ տեղը լինի։ Հասա տուն, նորից բացեցի տուփը ու լուսանկար-բացիկներից մեկը մակագրեցի Զանուսիի անունով՝ երբեւէ նրան ուղարկելու մտայնությամբ։

«Բացիկներ Արցախից»բովանդակության համառոտ նկարագիր

«4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի «Բացիկներ Արցախից» տուփ-գիրքը ներկայացնում է լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի, Անահիտ Հայրապետյանի, Նելլի Շիշմանյանի եւ Փիրուզա Խալափյանի՝ Արցախում արված տարբեր տարիների լուսանկարները։

54 բացիկներից յուրաքանչյուրը ներկայացնում է դրվագներ տեւական հակամարտության, պատերազմների հետեւանքները կրող արցախցիների առօրյա կյանքից՝ հակադրելով կորստի ցավն ու հարսանիքի ուրախությունը, առաջնագծում զինվորի առօրյան ու առաջին դասարանցու ոգեւորված դեմքը, անցյալի հիշողությունն և ներկայում պահպանվածն ու վերակառուցածը։

Լուսանկարները խիստ տարբեր են իրարից, եւ այս իմաստով միեւնույն ժամանակ մեկ ամբողջական պատկեր կազմելու համար հրաշալի հնարավորություն են ստեղծում։ Հարուստ արխիվից, որը պարունակում է 500-ից ավելի լուսանկար, առանձնացվել են 60-ը, 54-ը՝ տպագրվել տուփ-գրքի համար։

Իմ տուփ-գիրքն արդեն անցել է մի քանիսի ձեռքի տակով, առանձնացրել են նախընտրելի բացիկը, մակագրել եմ, ու տարել են Արցախի ու արցախցու պատկերը։

Հիմա նորից բացում եմ տուփըՆելլի Շիշմանյանի՝ 2012-ին արված «Ստեփանակերտ տանող ճանապարհին» լուսանկարից հետո Փիրուզա Խալափյանի՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դահլիճի լուսանկարն է (նույնպես 2012 թվականի լուսանկար), հետո Նազիկի հեղինակած լուսանկարն է, որտեղ Ստեփանակերտի շուկան է«համբերատար» ու կոկիկ թթվի բանկաները ներկայացնում են Արցախի գույնն ու համը, ապա Անահիտ Հայրապետյանի՝ Տող գյուղում 2006-ին արված շշմելու ցերեկը․․․

Արցախը երեւում է նախ կանաչի բոլոր երանգների մեջ՝ բնական ահռելի կաղամբի «տիրուհի»՝ Խծաբերդի բնակիչ Էմմա Հայրապետյանի ձեռքերից սահուն անցում ես կատարում մուգ կանաչ մայրամուտին, ու Շուշիում օրվա ավարտին գյուղացին անասունը տանում է գոմ․․․ Հետո հողեգույն կանաչն էզինվորը, զինվորի ճաշարանը, զինվորի դիմագիծը, անհանգստությունն ու հանգիստը։

Այսպես անհանգստության մշտական թելն ու հանգիստ առօրյան հակադրման ուժեղ խտություն են ստեղծում՝ հաստատելով, որ ցանկացած հակամարտություն դադարի պահին նկատելի ուրիշ տարածքներ, պատկերներ ու պատմություն է բացում, որի վավերագրումը կարող է փոխել «հակակամարտության» տարածքի ընկալումն ու բնորոշումը։

Յուրահատուկ դիզայն, տպավորիչ համադրություն

Տուփ-գրքի մտահղացման հեղինակը եւ դիզայները Էդիկ Պողոսյանն է։

Ի սկզբանե նախատեսված է եղել լուսանկարները ներկայացնել ալբոմի տեսքով, սակայն Էդիկն առաջարկել է ավելի պրակտիկ ու տպավորիչ տարբերակ. լուսանկարները կլինեն բացիկներ, կտեղավորվեն հնարավորինս բնական եւ չմիջամտված նյութով պատված դարակավոր տուփի մեջ, որն իր հերթին կհիշեցնի զարդատուփ․ այն հնարավոր կլինի գրքի պես տեղավորել գրապահարանում, ցանկության դեպքում տուփից առանձնացնել նախընտրելի բացիկն ու մակագրել՝ ուղղելով հասցեատիրոջը։ Բոլոր բացիկներն ուղարկելուց հետո անգամ տուփը կիրառական իր է, պահոց։

Դիզայնի համար Էդիկն ընտրում է 19-րդ դարի Շիրվանի «Արեւագորգի» հիմնական նախշը, ուսումնասիրում, ապա ստեղծում իր յուրահատուկ նմուշը, որն արտահայտիչ կերպով դաջվել է դրոշմի պես՝ միաժամանակ եւ նրբություն, եւ հաստատում հաղորդելով պարունակությանը։ Եվ, եթե 4 լուսանկարիչների՝ իրարից տարբեր աշխատանքները միտված են ներկայացնելու Արցախը տարբեր դիտանկյուններից, տարբեր գույների եւ տարբեր տրամադրությունների կոնտեքստում, ապա Էդիկի դիզայնը վերջնական կերպով կապում է տուփի «թելերը» այն մեկ ամբողջություն ներկայացնելու հաստատումով։

Ստորեւ ձեւավորման նախնական աշխատանքները ներկայացնող լուսանկարն է, ապա՝ տուփի վերջնական տեսքը։

Շնորհանդեսը, որ տեղի ունեցավ ապրիլի 16-ին, «Զանգակ» գրատանը, առիթ դարձավ լսելու ընթացքի աշխատանքային, տեխնիկական մանրամասները, սակայն, արդեն երեկոյան լուսանկարիչներից յուրաքանչյուրի տեքստի ամրագրման կարիքը զգացի։

Նրանցից մեկը՝ Անահիտ Հայրապետյանը, բնակվում է Գերմանիայում, մյուս երեքը՝ Հայաստանում։ Խնդրեցի վավերագրողներին ներկայացնել համառոտ տեքստը, որը հնարավորություն կտա ստորեւ տեղադրված լուսանկար-բացիկները դիտարկել ստեղծման պահի իրավիճակային տրամադրության մեջ։

Նազիկ Արմենակյան

Ապրիլյանի պատերազմի ժամանակ ես Հայաստանում չէիես ու Անահիտը «Նյու Յորք Թայմս»-ի պորտֆոլիո ռեվյուին էինք։ Ծանր էր դրսում լինելը: Վերադառնալուն պես լրագրող Գայանե Մկրտչյանի հետ գնացինք Արցախ, առաջինը՝ Թալիշ։ Ամենացնցող տեսարանն էր. Թալիշ գյուղի հանդիսությունների տունն ամբողջովին ավիրված, եւ զինվորը, ով երկար կանգնած նայում էր:

2016 թվականին Նոր Մարաղայում եղել եմ երկու անգամ։ Առաջին տպավորությունը շատ ուժեղ էր, ուզում էի էլի վերադառնալ: Մարկոսյանների տանը երկար մնացի: Լուսանկարը նրանց բակում է արված:

2012-2017-ին գերմանացի գրող Նավիդ Կերմանիի հետ աշխատեցինք Հայաստանում եւ Արցախում («Դեր Շպիգել» ամսագրի առաջադրանքն էր)… Այդ ժամանակ էր, որ 14-ամյա նախրապան Վարդանին միանգամից նկատեցի դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին:

Փիրուզա Խալափյան

Շուշին գիշերը։ Հիմա, երբ մտքով վերադարձա այս պահին, Շուշիի փողոցների խաղաղությունը վերհիշեցի տարօրինակ հանգստություն կար օդի մեջ, ու բացարձակ ազատ էի զգում ինձ։ Գրածս միգուցե չափազանցում է, բայց այդ պահին ճիշտ այդ զգացողությունն ունեի։ Քայլում էինք խմբով, նկատեցի պապիին՝ իր անասունի հետ, որ դանդաղ գալիս էր ու կարծես մի ուրիշ իրականությունից լիներ, հետ մնացի, որ լուսանկարեմ ու զգացի, որ չեմ շտապում կարծես գտած լինեի այս պարզ մարդկանց իրական ռիթմը։

Զորավարժություն։ Զորամասում լուսանկարելու առաջին փորձառությունս էր։ Զգոնության ու երախտագիտության զգացողություն ունեի։ Իրականում, երբ գտնվում ես զորամասում, հետեւում ես զինվորների առօրյային, հասկանում ես, թե որքան բարդ եւ կարեւոր ժամանակահատված է ծառայության այդ երկու տարին տղաների կյանքում։

Անահիտ Հայրապետյան

Հադրութի Տող գյուղն է։ Երկու շաբաթով գնացել էի Հադրութ ու գյուղից գյուղ էի գնում, լուսանկարում, Տողում էի մնում․․․ Բնականաբար տեսա շինարարության փոշին, լույսը կար, մնում էր մեկն անցներ, եւ էդ մեկն էլ անցավ։

Ապրիլյանից հետո սահման գնալու ճամփին է, էն որ դաշտը տեսնում ես, ու աչքերդ շոյվում են (կարծում եմ՝ դաշտն իրականում ավելի լավն էր, քան լուսանկարը)։

Մորս գյուղում եմ լուսանկարել՝ Պլեթանցում։ Հյուր էինք գնացել․․․ Զոհված տղայի լուսանկարը խնդրեցի, պարզվեց, որ, բացի անձնագրի լուսանկարից, այլ լուսանկար չունեն, դա են մեծացրել։ Էդպես։ Արցախը իմ տունն է, էնտեղ ես տանը լինելու զգացողությունն ունեմ, հուսամ՝ լուսանկարներիցս էլ այդ անմիջականությունը երեւում է։

Նելլի Շիշմանյան

Տպավորիչ էր Ասկերանի զորամասի կարգուկանոնը, ամենուրեք հանդիպող հստակ գծերը, բոլոր զինվորների՝ նույն առաքելությամբ անցկացվող առօրյան:

Երբ Քարինտակ գյուղում գյուղի երգ ասողին էինք փնտրում, բոլորը Մայոր պապիի տան կողմը ցույց տվեցին: Մայորի տունը գյուղի բարձունքներից մեկում է, ու, երբ երգում է, ողջ գյուղով մեկ լսվում է ձայնը: Մայորն ու կինը 50 եւ ավելի տարի է՝ անբաժան են` միմյանց նկատմամբ հոգատար ու սիրով:

ՀԳ «Բացիկներ Արցախից» գիրք-տուփը հրատարակվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մտահղացումն ու ձեւավորումը՝ Էդիկ Պողոսյանի։ Լուսանկարների մշակումը՝ Փիրուզա Խալափյանի։ Տեքստերի խմբագրումն ու թարգմանությունը՝ Աննա Դավթյանի։ Տպագրվել է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը։ Տուփը պատրաստվել է «Հայրապետ» հրատարակչության տպագրատանը։

Անդրադարձի լուսանկարները տրամադրել է «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնը։ Ձեւավորման աշխատանքային լուսանկարը՝ Էդիկ Պողոսյանի։ Մյուս լուսանկարները՝ «Հետք»-ի։ Գլխավոր լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի։ Լուսանկարների ենթագրերում մեջբերվել են բացիկներում ամրագրված տեքստերը։

Մեկնաբանություններ (1)

Ստեփան
Կեցեք հոյակապ աշխատանք է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter