HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ն չի ներգրավվի ցեմենտ արտադրող ընկերություններում ուսումնասիրություններ անելու խորհրդարանական հանձնաժողովում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ստեղծեց աշխատանքային խումբ՝ ցեմենտ արտադրող ընկերություններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Նախագիծը հանձնաժողովը ընդունեց, սակայն ԲՀԿ-ն հանձնաժողովում չի ներգրավվի:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք չեն ներգրավվելու հանձնաժողովում, սակայն կընդունեն այն որոշումը, որը կկայացնի հանձնաժողովը: Մելքումյանն անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին, որը վերաբերում էր «Արարատցեմենտ»-ին, ինչը շատերի գնահատմամբ որակվել էր որպես շահերի բախում: Մելքումյանի խոսքով՝ Ծառուկյանը նման ելույթով հանդես է եկել կոլեկտիվի հետ եռօրյա հանդիպումներից հետո՝ հաշվի առնելով «կոլեկտիվի հանդեպ սոցիալական պատասխանատվության հարցը»:

«Հանձնաժողովի ընդունած որոշման պատասխանատվությունը կրելու է «Իմ քայլը» խմբակցությունը, մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք, մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը»,- ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել նաև այլ հանձնաժողովներից պատգամավորներ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել աշխատանքներին, լինելու են ներկայացուցիչներ գործադիրից, ինչպես նաև անկախ փորձագետներ, ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ:

«Հույս ունեմ՝ աշխատանքային խումբը մինչ նախագծի երկրորդ ընթերցումն արդյունավետ կօգտագործվի, որպեսզի վերջում ճիշտ որոշման հանգենք»,- ասաց Թունյանը:

Թունյանի խոսքով՝ առաջիկա նիստում հանձնաժողովի կազմը կորոշվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter