HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախարարը հանձնարարել է առոչինչ ճանաչել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» հարակից հողերի աճուրդի գործարքները

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն օրեր առաջ հանձնարարական է ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին։ Նախարարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքում օրենքի խախտմամբ օտարված հողերի գործարքները առոչինչ ճանաչելու և դրանք համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու համար։

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

Նշենք, որ այսպիսի միջնորդություն նախարարությանը ներկայացրել էր քննչական կոմիտեն՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում։ Կոմիտեի հաղորդմամբ՝ այդ հողերի աճուրդին մասնակցելու հայտերը կազմվել, ստորագրվել են հետին ամսաթվերով։ Բացի այդ, Կարճևան համայնքի ղեկավարի կեղծ որոշումներ են եղել։

Ինչպես արդեն հայտնել էինք, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին չի կարողանում ընդլայնել տարածքը, քանի որ գոտու շրջակայքի հողերը սեփականաշնորհվել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանի հիմնադրած «Էսիէյ» ՓԲԸ-ի և Կարճևան համայնքի նախկին ղեկավարի աներորդու կողմից:

Սյունիքի մարզպետարանը «Հետք»-ին հայտնել էր, որ «Էսիէյ» ՓԲԸ-ն այդ հողերը ձեռք է բերել 2014թ. օգոստոսին՝ աճուրդ-վաճառքի ձևով՝ 20 հա, 5 հա և 7 հա չափաբաժիններով: Օտարման ժամանակ նշված հողամասերը հանդիսացել են Կարճևան համայնքի սեփականությունը, իսկ օտարման գործընթացը կազմակերպվել է համայնքի ավագանու 2014 թ.-ի հուլիսի որոշման հիման վրա: Ըստ Գլխավոր դատախազության՝ Կարճևան համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ պաշտոնական տեղեկություններ էր մտցրել, ավագանու կեղծ ստորագրությամբ իբրև ավագանու նիստում որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմել: Արդյունքում՝ փաստացի չկայացած ավագանու նիստի և աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից համայնքային հողատարածքներն աճուրդային եղանակով ապօրինի օտարել է «Էսիէյ» ՓԲԸ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter