HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը հօգուտ Քոչարյանի որոշում է կայացրել: Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ՍԴ-ի որոշումն ինչու է հօգուտ Քոչարյանի, ինչ իրավիճակ է ստեղծում նրա գործով և ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել:

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշելուն: Դիմումը ներկայացվել է այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը, քննելով Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Այսպես, 2018 թվականի հուլիսի 27-ին, առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը, որոշել էր այն բավարարել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն օգոստոսի 13-ին որոշել էի նրան ազատ արձակել անձեռնմխելիության հիմքով:

Այս որոշումը Վճռաբեկ դատարան էր բողոքարկվել թե՛ դատախազության, թե՛ Քոչարյանի պաշտպանների կողմից, 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքները, որոշել էր գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Արդյունքում Քոչարյանին նորից կալանավորելու որոշում էր կայացվել:

Վարդևանյանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ: Ուստի, ըստ փաստաբանի, Վճռաբեկը դատական ակտը բեկանել և այն նույն դատարան ուղարկելու լիազորություն չուներ:

Սահմանադրական դատարանը, փաստորեն, քննելով Քոչարյանի պաշտպանների դիմումը, եզրակացրել է, որ Քրեական դատավարության 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է, ինչը, փաստորեն, չի արվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները կիրառվել են Սահմանադրական դատարանից տարբերվող մեկնաբանությամբ, ՍԴ-ն եզրակացրել է, որ դիմողի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման:

Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Սահմանադրական դատարանի որոշումը

Արամ Վարդևանյանը փաստում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով բեկանվել էր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու, պետք է վերանայվի:

«Այսինքն՝ մենք որոշակիորեն վերադառնում ենք այն իրավական ռեժիմ, երբ Վճռաբեկ դատարանը դեռևս քննում է Ալեքսանդր Ազարյանի կողմից կայացված որոշման դեմ բողոքները: Այդ ժամանակ ի՞նչ իրավական ռեժիմ էր գործում. Քոչարյանը Ալեքսանդր Ազարյանի որոշման հիման վրա ազատ էր արձակվել»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Վերջինս հիշեցրեց, որ դեռևս այն ժամանակ, երբ գործը Վճռաբեկ դատարանում էր, ինքը դիրքորոշում է հայտնել, որ Վճռաբեկը պետք է գործով վարույթը կասեցներ և դիմեր Սահմանադրական դատարան: Այդ ժամանակ կարծիք կար նաև, որ Վճռաբեկը որոշել է  բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը, հետևաբար իր պատասխանատվության մեջ չէ ՍԴ դիմելու հարցը, դա պետք է անի վերաքննիչ քրեական դատարանը:

«Հիմա Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հարցին, թե ինչու Սահմանադրական դատարան չի դիմում»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Մարտի 1-ի գործով երեք այլ մեղադրյալների գործը Մարտի 1-ի գործից անջատվել և ուղարկվել է առաջին ատյանի դատարան: Նման պայմաններում ի՞նչ կարող է տալ Սահմանադրական դատարանի որոշումը Քոչարյանին: Մեր հարցին ի պատասխան՝ Արամ Վարդևանյանը նկատեց, որ Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտից հետո Քոչարյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա մի քանի անգամ երկարացվել է նրա կալանքի ժամկետը:

«Այն որոշումը, որը կայացվել է Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտից հետո, չէր կարող կայացվել, քանի որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Վճռաբեկ դատարանը պիտի կայացներ»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ ինքը չի կարող ասել, թե ինչ դատական ակտ կկայացներ Վճռաբեկ դատարանը: Նա դեռևս չի ստացել նաև Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստը, ուստի հետագա գործողությունների մասին այս պահին մեկնաբանություն տալ չի կարող:

«Բայց հստակ է, որ արդար դատաքննության իրավունքի խախտումն արդեն իսկ  արձանագրված է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter