HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զարթոնքում ծեծել են գյուղի բնակիչ Սահակ Սահակյանին

Այս գիշեր Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում դարձյալ միջադեպ է եղել: Տեղում են եղել մեծ թվով ոստիկաններ: Գյուղի բնակիչ Սեյրան Սահակյանը պատմեց, որ գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հարձակվել են հորեղբորորդու՝ Սահակ Սահակյանի տան վրա և ծեծել նրան: Իսկ մինչ այդ սպառնացել են Սահակին, որ կսպանեն: Սեյրանի ասելով՝ սպառնացողները եղել են Զարթոնքի նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի մերձավորները:

«Մի քանի հոգով մեքենաներից թափվել են դուրս ու փայտերով, ձեռքով սկսել են հարվածել մարմնի տարբեր մասերին: Ես չեմ տեսել, բայց ականատեսները պատմում են, որ գաղտնի ձևով են հարձակվել»,- ասում է Սեյրան Սահակյանը:

Գիշերը Սահակ Սահակյանին տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սեյրանի ասելով՝ նախնական ախտորոշմամբ սալջարդ է, ծանր վնասվածք չի ստացել, սակայն մեծ սթրես է ապրել:

Ոստիկանության լրատվական բաժնից «Հետք»-ին փոխանցեցին, որ ոստիկանություն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ ստացել են գիշերը ժամը 4-ի սահմաններում: Կատարվել են մի շարք անհետաձգելի գործողություններ, հայտնի են միջադեպի մասնակիցները: Վնասվածքներ ստացած անձին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է հետաքննություն:

Զարթոնք գյուղի բնակիչ Սուրեն Պողոսյանը մի խումբ համագյուղացիների հետ այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրի բակում էր՝ մասնակցելու դատարանի մուտքն ու ելքն արգելափակող ակցիային: Նա դժգոհեց իրավապահ մարմինների և Արմավիրի մարզպետի աշխատանքից: Ասաց, որ գրեթե 3 ամիս է` գյուղը լարված իրավիճակում է, և իրենց հարցերով զբաղվող չկա:

Սուրեն Պողոսյանի խոսքով` այս ամենն այն բանի արդյունք է, որ դատարանը ապրիլի 13-ին գյուղում կրակոցներ արձակած անձանց չկալանավորեց, որոնցից մեկը նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռն է: Սուրենի ասելով՝ Պարույր Սարգսյանը լավ հարաբերություններ է ունեցել դատավոր Արթուր Ադամյանի հետ և թոռան օգտին դրական որոշում կայացնելուց հետո ասել է, որ «գառն ուժի մեջ ա»: Այդ խոսակցությունը լսել են համագյուղացիները:

«Պետք է պարզել, թե այս տարիների ընթացքում սրանք քա՞նի գառ են կերել գետի ափին: Այսինքն՝ այսքան մարդկանց ճակատագիրը հեչ, հա՞: Ինչքան ուզում ես լավ ապրի, այստեղ ապրելու խնդիրը չի, բայց որ արդեն մարդու իրավունքներն ա խախտվում, արդարություն չկա, չի կարա ոչ մի բան հանգիստ լինի: Եթե այս հարցը չլուծեցին, հետևանքները շատ վատ ա լինելու: Ինչ ա, մինչև արյուն չթափվի, մարդու բան չլինի, այս հարցը չեն լուծելու՞»,- ասաց Սուրեն Պողոսյանը:

Մինչդեռ օրեր առաջ Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի ծնողների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ովքեր բողոքում էին տնօրենի ընտրության գործընթացի դեմ, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը որպես վեճի լուծման լավ օրինակ նշել է հենց Զարթոնք գյուղը` ասելով, թե այժմ այդ գյուղում իր կենացն են խմում և նույնիսկ քավոր-սանիկական հարաբերություններ են սկսվում:

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն):

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Պարույր Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Նշենք, որ Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարեց ապրիլի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter