HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քաղաքացիները փաստաբան Միհրան Պողոսյանին թույլ չեն տվել մուտք գործել դատարան ու իրականացնել մասնագիտական գործունեությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիները փաստաբան Միհրան Պողոսյանին թույլ չեն տվել մուտք գործել դատարան: Դատարանի դիմաց գտնվող ոստիկանները քայլեր չեն ձեռնարկել փաստաբանի մուտքը դատարան ապահովելու համար:

Մեզ հետ զրուցում Միհրան Պողոսյանը հայտնեց, որ այսօր՝ ժամը 13:30-ին, դատարանում դատական նիստ է ունեցել, գնացել է դատարան, որպեսզի մասնակցի դրան:

«Շենքի դիմաց անձինք էինք հավաքված, բայց դատարանի դուռն այդ պահին բաց էր: Ես աստիճաններով բարձրանում էի, երբ  դատարանի դիմաց հավաքված մեծաթիվ անձինք, ինձ տեսնելով, անմիջապես արգելափակեցին դատարանի դուռը, որպեսզի չկարողանամ մտնել»,- ասաց փաստաբանը:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ ինքը հայտնել է, որ փաստաբան է, իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում, խնդրել բացել դատարանի դուռն ու իրեն թույլ տալ մուտք գործել դատարանի դահլիճ: Հավաքվածները, սակայն, ըստ պաշտպանի, ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, ու իրենց են մոտեցել դատարանի դիմաց գտնվող իրավապահները:

«Ոստիկանության աշխատակիցներին ևս հայտնեցի, որ փաստաբան եմ, ու այս պահին խոչընդոտվում է իմ մասնագիտական պարտականությունների կատարումը: Ոստիկանները նշեցին, որ իրենք այդ պահի դրությամբ որևէ լիազորություն չունեն, որևէ գործառույթ չեն իրականացնելու, հակառակը, ինձ հորդորում էին իմ անվտանգությունից ելնելով՝ հեռանալ դատարանի տարածքից: Այս ամենն ուղեկցվում էր վիրավորական արտահայտություններով՝ կապված նրա հետ, որ ես փաստաբան եմ և ցանկանում եմ իրականացնել իմ մասնագիտական պարտականությունները»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Վերջինս փորձել է զրուցել դատարանի դիմաց գտնվող մի քանի քաղաքացու հետ:

«Երբ հաջողվում էր առանձին զրուցել քաղաքացիների հետ, նրանք բավականին ադեկվատ գիտակցում էին, թե ինչի մասին է խոսքը, թե այս գործողություններում ինչն է սխալ, սակայն ամբոխի հետ, բնականաբար, խոսել չի լինում. ամբոխից վիրավորական արտահայտություններ էին հնչում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Վերջինս կարծում է, որ այսօր դատարանների դիմաց տեղի ունեցած գործողությունները նպատակը էին հետապնդում տապալել արդարադատության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր հարցին՝ իր հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրե՞լ է, Պողոսյանը պատասխանեց, որ դատարանի տարածքում եղել են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ:

«Դեպքի առթիվ տեսանյութեր կան: Ես անընդհատ պնդում էի, որ այնտեղ տեղի է ունենում հանցագործություն: Փաստերը կային, ու եթե Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ապա այդքանը բավարար է, որպեսզի իրավապահները կատարեն անհրաժեշտ գործողություններ: Սակայն ակնհայտ էր, որ քաղաքական հրահանգ կար որևէ պարագայում նման գործողություններ չիրականացնելու»,- ասաց Պողոսյանն ու նշեց, որ եթե, օրինակ, ոստիկանի ներկայությամբ որևէ անձ դանակով վազելիս լինի մեկ այլ անձի ետևից, պարտադիր չէ, որ այդ անձը հանցագործության մասին հաղորդում տա:

«Կանխման գործողությունը ոստիկանությունը պարտավոր է իրականացնել տեղում, ու ձևական հաղորդում ներկայացնելը քրեական հետապնդում սկսելու համար պարտադիր բաղադրիչ չէ: Դատարանի դիմաց կոնկրետ հանրային շահ էր խախտվում, այսինքն՝ խոչընդոտվում էր արդարադատության իրականացումը, ուստի ոստիկանները պարտավոր են այս միջադեպը քննարկման առարկա դարձնել առանց հանցագործության մասին հաղորդման»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Ըստ Փաստաբանի՝ ակնհայտ է, որ դատարանի դիմաց իր մասնագիտական պարտականությունը կատարելու ժամանակ վիրավորանքներ են հնչել և խոչընդոտվել է արդարադատության իրականացումը. այս երկու արարքները քրեորեն պատժելի են:

Միհրան Պողոսյանը չբացառեց, որ տեղի ունեցած իրադարձությունների տեսանյութերի  ուսումնասիրության արդյունքում հանցագործության այլ հատկանիշներ ևս ի հայտ գան:

Նշենք, որ Միհրան Պողոսյանը, ի թիվս այլ անձանց, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանն է: Քաղաքացիներն այսօր թույլ չէին տվել դատարան մուտք գործել նաև Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ից սկսած, արգելափակել ՀՀ բոլոր դատարանների մուտքերը: Արգելափակման գործողություններն այս պահին ավարտվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter