
4-ամյա Գարիկին մեծացնում են պապն ու հորաքույրը
74-ամյա Գագիկ Մովսեսյանն ամեն առավոտ նստում է իր կաթնագույն «ՌԱՖ» մեքենան ու թոռանը՝ 4-ամյա Գարիկին, մանկապարտեզ տանում: Թոռանը 6 ամսականից խնամում են ինքն ու կրտսեր աղջիկը՝ Սուսաննան: «Մայրը թողել-գնացել է»,- ասում է Գագիկ Մովսեսյանը, ում որդին՝ Գարիկի հայրը, Ռուսաստանում է արդեն մի քանի տարի:
Մեքենայի մեջ Գարիկը նստում է պապի գիրկը, հետո վերցնում է գույնզգույն կոնֆետները: Երբ դրանք թափվում են, պապը հավաքում է, լցնում ձմեռային գլխարկի մեջ՝ դիմելով թոռանը, թե «հա՜, Գարիկ ջան, էստեղ են»:
Գագիկ Մովսեսյանը դժվարությամբ է քայլում՝ ոտքը նկատելիորեն քարշ տալով: Մեքենայով շաբաթական երկու անգամ Ջրվեժ է գնում՝ խմելու եւ կենցաղի համար ջուր բերելու: Դրա համար մեքենայի նստատեղերը հանել է, որ կարողանա ջրով տարաները տեղավորել:
«Վաճառվում կամ փոխանակվում է». այս գրությամբ պաստառը փակցված է Նոր Նորքի 4-րդ զանգվածի այն տան պատին, որտեղ հիմա բնակվում են Մովսեսյանները: Տանը հատակը բետոնից է, սենյակն էլ խոնավ ու կիսամութ է: Սուսաննան ասում է, թե եղածից էլ շատ գոհ են:
1993-ին Ջրվեժի տունը վաճառելուց հետո ընտանիքը մնացել է վարձով տներ գտնելու պտույտի մեջ: Տունը վաճառելը համընկել է ռուբլի-դրամ փոփոխության հետ, ինչի հետեւանքով մեծ գումար են կորցրել ու այդպես էլ չեն կարողացել նոր տուն գնել: 11 տարի բնակվել են Ջրվեժի բազալտի գործարանի երկրորդ հարկում՝ զուգահեռաբար նաեւ պահակություն անելով, հետո, երբ գործարանը սկսել են վերանորոգել, ստիպված դուրս են եկել:
Հիմա հայր ու դուստր հայտնվել են անելանելի իրավիճակում: Տարածքը, որտեղ այժմ բնակվում են, պատրաստվում են դարձնել կահույքի արտադրամաս, եւ Մովսեսյանները հերթական անգամ պետք է լքեն իրենց կեցավայրը: Թե ուր պետք է գնան, երկուսն էլ չգիտեն:
Սուսաննան հոգոց է հանում, ասում է, թե անելանելի վիճակում են. հայրն ամսական 28 հազար դրամ է ստանում, իսկ ինքն անընդհատ աշխատանք է փնտրում: Մեր այցելության օրը նա անհանգիստ էր, խնդրեց 10 րոպե սպասել, քանի որ կանչել էին՝ աշխատանքի ընդունման համար: «Գոնե այս անգամ լինի»,- գնալուց առաջ ասաց Սուսաննան: Սպասեցինք մինչեւ կվերադառնար՝ հուսալով, որ լավ լուրով կգա: Բայց այս անգամ եւս փորձը ձախողվել էր: Սուսաննան ասում է, որ աշխատաժամերը հարմար չէին. մեկ շաբաթ ցերեկային, մյուսը՝ գիշերային հերթափոխով պիտի աշխատեր: «Գարիկը շատ կապված է ինձ հետ: Նրան ուղղակի մենակ թողնել չեմ կարող: Ինչ մանկապարտեզ է գնում, ինձ մամա է ասում, ես էլ չարգելեցի: Էրեխեն մանկապարտեզում տեսել էր, որ էրեխեքի մամաներն են գալիս, տուն տանում: Չեմ ուզում ազդել հոգեբանության վրա»,- ասում է հորաքույրը, ով ամուսնացած չէ:
Սուսաննայի քույրն ու մայրը մահացել են երկու տարի առաջ, եղբայրը երեք տարի է՝ գտնվում է Ռուսաստանում, բայց, քրոջ խոսքով, «գործերը վատ են, եթե լավ լինեին, մոր եւ քրոջ գերեզմանաքարերը կդներ»:
Գագիկ Մովսեսյանն ասում է՝ կինը կյանքի վերջին տարիներին կուրացել էր, բայց նույնիսկ այդ ժամանակ հոգ էր տանում Գարիկին: «Մեծ աղջկաս մահը շատ ծանր տարա, Գարիկը չլիներ, հիմա չգիտեմ՝ կդիմանայի՞ էդ վշտին, թե՞ չէ»,- ասում է 74-ամյա տղամարդը, ապա տխուր ժպտում: Գարիկը նրա միակ թոռն է:
«Ես, իրոք, ապրում եմ Գարիկի համար: Իմ կյանքի մասին ոչ մի բան չեմ մտածում, մենակ թե սրան հասցնեմ իր նպատակին, եթե ուրիշ բան չէ, գոնե դպրոցին»,- ասում է Գագիկ Մովսեսյանը:
Ջրվեժում նա 3 հազ. քմ հող ունի, հույս ունի, որ եթե դա կարողանա վաճառել ու տուն առնել, թոռը հետագայում դժվարություններ գուցե չունենա:
«Բոլորը սիրում են Գարիկին, Գարիկն էլ՝ բոլորին: Ես աշխատում եմ ոչ մի բանից չզրկեմ էրեխուն, մանկապարտեզում հարցեր են լինում, անգլերենի, ռուսերենի դասընթացների համար ամիսը հազար դրամ ենք վճարում»,- նշում է պապը, հետո ավելացնում, որ հպարտություն ունի, չի թողնի, որ թոռը որեւէ բանից հետ մնա: Ժամանակին, ըստ Գագիկի, լավ ընկերներ ուներ, լավ անուն ուներ, իրեն «Սեւ 21-ի» Գագո էին ասում, որովհետեւ առաջիններից էր, որ սեւ գույնի «ԳԱԶ-21» էր վարում Երեւանում 1963-ից մինչեւ 1990-ականները:
Հիմա տուն պահողը, Գագիկը ծիծաղում է, դարձել է այս 25 տարեկան «ՌԱՖ»-ը, որով ջուր, ցախ է բերում, նաեւ շիշ է հավաքում: «Բա ի՞նչ անեմ, կասե՞ք»,- ասում է նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել