
Դատարանների մուտքերն արգելափակելու առթիվ ՀՔԾ-ում հինգ հաղորդում կա. դիմումատուներից մեկը ՍԴ աշխատակազմի ղեկավարն է
Դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) է ուղարկել մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կամ այդ գործողությունները ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հինգ հաղորդում:
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Վերջինս նշեց, որ դիմումատուներից մեկը Վարչական դատարանի դատավոր է, մյուսը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մեկ հաղորդում ներկայացվել է փաստաբան Հրանտ Անանյանի կողմից, մեկը՝ փաստաբան Լուսինե Ավագյանի, իսկ մյուս դեպքն առնչվում է փաստաբան Միհրան Պողոսյանին։
Հատուկ քննչական ծառայությունը դեռևս նոր է ստացել վերը նշված նյութերը, ուստի այս պահին այլ տեղեկություններ չի հայտնում:
Մեզ հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով որ մի խումբ քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարանի մուտքն արգելափակելու հետևանքով խոչընդոտներ է ստեղծվել՝ կապված աշխատավայր մուտք գործելու հետ:
Վարչական դատարանի դատավորը, որի ահազանգի հիման վրա նյութեր են նախապատրաստվում, Անի Հարությունյանն է: Արևիկ Խաչատրյանն ասաց, որ դատավորն ահազանգել է 911 և հայտնել, որ խոչընդոտվում է իր մուտքը դատարանի շենք:
Նշենք, որ փաստաբան Հրանտ Անանյանի հաղորդման հիմքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպն է: Բալայանը, հիշեցնենք, այդ օրը տեսնելով, որ դատարանի մուտքերը փակ են, փորձել է ներս մտնել պատուհանից, սակայն քաղաքացիները նրան քաշքշել ու թույլ չեն տվել, ապա ոտքը սայթաքել է, ու դատավորը վայր է ընկել:
Փաստաբան Միհրան Պողոսյանի գործի հիմքում «Հետք»-ի հրապարակումն է այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիները նրան թույլ չեն տվել մուտք գործել դատարան:
Փաստաբան Լուսինե Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի մեջ հանցակազմ տեսնելով: Խոսքն, ըստ փաստաբանի, սահմանադրական կարգի տապալման հանցակազմի մասին է:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել արգելափակել Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը: Մայիսի 20-ին քաղաքացիներն, արձագանքելով վարչապետի կոչին, իրականացրել են արգելափակման գործողություններ, որոնց ընթացքում մի քանի միջադեպ է տեղի ունեցել:
Մեկնաբանել