HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Անհեթեթության զուսպ հմայքը․ քաղաքի տեքստը, որ նաեւ քաղաքական է

Մի առիթով շատ մի հետաքրքիր արտիստ միջօրեի շոգին պահը բռնեց ու հարցրեց՝ ինչից եմ վախենում։ Հարցն այնքան կարեւոր թվաց ինձ, որ շոգը մոռացա։ Ասացի՝ գուցե տարօրինակ հնչի, բայց քաղաքի տեքստից եմ վախենում, վախենում եմ, երբ կարդում եմ՝ «ի՞նչ ես արել Արցախի համար» հարցադրումը մեծ պոստերին ամրագրված, կամ, երբ մեկ այլ պոստեր հիշեցնում է՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է» ․․․ Վախենում եմ, երբ Կոկա-կոլայի՝ «կյանքը հիասքանչ է, եւ դու դա գիտես» կարգախոսի երկու ֆարսային մտքերի մեջ չեմ տեղավորվում, բայց անընդհատ մեջն եմ, վախենում եմ, երբ բառերն այնքան շատ են, որ պատկերը մնում է հետեւում՝ որպես չձեւակերպված, չորոշված, չֆիքսված մի բան։ Վախենում եմ, որ «դու դա գիտեսը» հրամայական է, որը թույլ չի տալիս պատասխաններ գտնել, ասում է՝ «դա՛ է, հարմարվի՛ր կամ դու՛րս արի շրջանակներից, որի մեջ ես, կամ, թվում է, «ես»»։

Երկու տարի առաջվա այդ միջօրեի տապն ու հարցադրումը պարբերաբար պտտվում են ուղեղիս մեջ՝ երբեմն էմոցիոնալ զեղումների հաշվին դուրս են մղվում, երբեմն էլ վերլուծությամբ ինքս ինձ հանգստացնում եմ՝ փորձելով ձախողել ֆիքսվածը, որը պատկերից զրկում է։

Ինչեւէ, այս երկար նախաբանի պատճառը կամ առիթը մայիսի 26-ին «Դալան» արվեստի ցուցասրահում բացված «Անհեթեթության զուսպ հմայքը» (The discreet charm of bullshit) ցուցահանդես/պերֆորմանսն է, որը տեղի է ունենում ԱՐԷ կատարողական արվեստների փառատոնի (ARE performing arts festival) շրջանակներում՝ Նազարեթ Կարոյանի համադրությամբ։

Ցուցահանդեսներին անդրադառնալու փորձառությունս բերել է այն համոզման, որ վերջնարդյունք հանդիսացող մեդիատեքստի սկիզբը ինչ-որ սուբյեկտիվ դիտարկումով պիտի «բացվի», ինչ-որ բան, որ ես տեսա ու անպայման ուզում եմ կիսվել, մինչեւ կանցնեմ հիմնական տեքստին եւ բովանդակությանը։

Այս իմաստով «Անհեթեթության զուսպ հմայքը» զարմացրել էր մինչեւ պաշտոնական բացումը, որովհետեւ իրադարձությունը ներկայացնող ֆեյսբուքյան տեքստում արդեն կարդացել էի, որ ցուցադրվելու են Գրիգոր Խաչատրյանի եւ Էդիկ Պողոսյանի աշխատանքները․․․ Ինձ առնվազն հետաքրքրող եւ ինչ-որ իմաստով զարմացնող այս համադրության մասին Կարոյանն իր տեքստում արդեն գրել էր հետեւյալը.

«Գրիգոր Խաչատրյանի եւ Էդիկ Պողոսյանի հանդիպումը մեկ ցուցահանդեսի մեջ պայմանավորված է տեքստի հետ աշխատելու ընդհանուր փորձով։ Երկուսն էլ բազմաբնագավառ արվեստագետներ են։ Գործում են ինչպես քանդակի ու պերֆորմանսի, այնպես էլ վիդեոյի բնագավառներում։ Բայց եթե Էդիկ Պողոսյանի ստեղծագործությունը առավելապես հագեցած է գոյության ու վերապրումի սոցիալ-փիլիսոփայական մոտիվներով, Գրիգոր Խաչատրյանին առավել բնորոշ է քաղաքական քննադատությունը։ Իմաստի արտադրության առումով երկուսն էլ դիմում են անհեթեթությանը։

Եթե Էդիկի դեպքում խոսքն առավելապես մտքի մասին է, Գրիգոր Խաչատրյանը դրան ավելացնում է նաեւ արարքը։ Անհեթեթությամբ նրանք արտահայտում են հեգնական վերաբերմունքը երեւույթի նկատմամբ։ Սակայն եթե Էդիկ Պողոսյանի հեգնանքը շաղախված է կյանքի ունայնության դառնությամբ, Գրիգոր Խաչատրյանի զավեշտալի գործառույթով հաստատությունների ցուցանակներից դուրս պրծնող հեգնանքը խայթող է եւ ցավեցնող։ Այն ոչ այլ ինչ է, քան «ուղղիչ-աշխատանքային մի գործիք»։ Կա եւս մեկ հատկանիշ, որ երկու արվեստագետներին միավորում է. իրենց հեգնական խոսքի մեջ նրանք երկուսն էլ զուսպ են։ Անհեթեթության այս զսպվածության մեջ կա, թերեւս, մի հմայք, որ գործում է ծածուկ, բայց եւ՝ անվրեպ»։

Անհեթեթությունը, վերջինիս «զուսպ» դրսեւորումը եւ ի վերջո «հմայքին» հասցնելու եւ կոնկրետ տարածքում կոնկրետ լեզվով արտահայտելու այս «անզուսպ» հերթականությունը ինձ հասցրեց «Դալան», չնայած որ նույն օրը՝ նույն ժամին, քաղաքում առնվազն հինգ-վեց մշակութային իրադարձություն էր տեղի ունենում։

Տեքստը՝ որպես պատկերի ստեղծման նյութ եւ ապա վերափոխումը, պարզությունը, որ այն այլեւս նորից տեքստ է, սկսվում է դեռ Գրիգոր Խաչատրյանի ցուցանակից՝ «Անհեթեթությունների պլանավորման փողոց» (Accidents planning st.), որ ցուցասրահի երկու հատվածները միավորող նեղլիկ միջանցքի պատին է, ապա կանգ եմ առնում «Не лишайте себя радости общения с искусством. приобретайте работы Григория Хачатряна» կարմիր ցուցանակի առաջ։

Գրիգոր Խաչատրյանի աշխատանքների (կամ հենց Գրիգոր Խաչատրյանի մասին) Նազարեթը գրում է․

«Իշխանության եւ սիրո փոխկապակցված թեման կենտրոնական է նրա ստեղծագործության մեջ։ Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում՝ նա իր անձը դարձնում է նյութ՝ կերտելու համար բացարձակ իշխանություն ունեցողի պաշտամունքային ֆիգուր։ Դրա միջոցներն ինչպես խոսքային ուղղակի հայտարարություններն են, այնպես էլ անուղղակի գործողությունները։ «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ, դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք...» «Դուք գտնվում եք Գրիգոր Խաչատրյանի սեռական ճառագայթների տիրույթում...» այս եւ նմանատիպ ասույթները, կոչերն ու հռչակագրերը համադրվելով իշխանության գործառույթներ հիշեցնող արարքներով՝ մրցանակներ շնորհել (ՙԳրիգոր Խաչատրյան մրցանակ՚), լուսանկարել սովորական մարդկանց հետ իր հանդիպումները (ՙՊաշտոնական հանդիպումներ՚), «հիմնել» հաստատություն, որի գործառույթը տրված է միայն նախախնամությանը (ՙՊատահականությունների պլանավորման ազգային կենտրոն՚)՝ նա հանրային շրջանառության մեջ է դնում իշխանավորի մի կերպար, ում ազդեցությունը շրջապատի վրա անկասելի է եւ բացարձակ»։

Բոլորը հերթով լուսանկարվում են «Վավաշոտ ծերունիների ակումբ» ցուցանակի մոտ, որն իր մեջ պահող արտահայտության ամբողջությունը թրթռացնում է «փայլուն», «ցինիկ» մետաղի վրա՝ ներկան «բրդելով», համատեղելով այն անգամ երիտասարդ մեկի քայլվածքի հետ։ Տպավորություն է՝ որ Գրիգորի գործերի սենյակում պտտվելիս քաղաքական մի ամբողջ տասնամյակ, այդ քաղաքականությամբ նաեւ պայմանավորված մի ամբողջ կյանք (որ է մի քանի տասնամյակ) կորցնելու կամ խտացնելու վտանգ կաիրականում վտանգ է արդյոք, թե՞ հակառակը՝ եղածին մի քանի րոպեում ձեւակերպում տալու ու «անհեթեթության» շղարշի տակ ահռելի գործողությունների շղթան փաթեթավորելու փորձ․․․ Հնարավոր է՝ երկուսը միաժամանակ, որովհետեւ խոսել եղածի «զուսպ հմայքի» մասին առնվազն հնարավոր է այն ժամանակ, երբ տեքստը վերածվել է պատկերի, պատկերն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ տեքստ։

Նորից սուբյեկտիվ մի դիտարկումով պիտի անցում կատարեմ, որպեսզի անդրադառնամ Էդիկ Պողոսյանի աշխատանքներին՝ «ջնջված», «վերակառուցած», առաջին հայացքից անհեթեթության մի ուրիշ գրավչություն ունեցող հնարքի, որը վերաձեւակերպում է քաղաքը՝ իր առատ դատարկության մեջ (ըստ երեւույթին վերաձեւակերպում է նախ քաղաքի տեքստը, այդ միջոցով նաեւ քաղաքը)։

«Համբերատար եղեք․․․վախեցեք․․․ որ ձեզ չեն խաբում»թերթում ամրագրված աստղագուշակի «ջնջման» միտումը բացում է իրականության մի այլ անկյուն, որտեղ կարող է երեւալ (իմ սուբյեկտիվ դիտարկմամբ) տեքստ, որը հղում է մեդիան՝ կտրելով մեկ այլ մեդիայից, տեքստ, որը վերաձեւակերպում է ընթերցողը՝ հղում տալով մեդիային, տեքստ, որը շարունակականության մեջ կորցնում է նշաններ, բովանդակություն, բայց ձեռք է բերում հմայք՝ իրար փոխանցելու անասելի կրքով եւ ցանկությամբ պայմանավորված։

Այդպես Էդիկն իր «ջնջումով» հաստատում է վերջնական մի արդյունք, որն ամրագրվում է մեկօրյա կյանք ունեցող թերթի «խոցելի» կտորով, որի վրա ավելացել են արդեն իր՝ Էդիկի նշումները՝ որպես միջամտություն, որպես եղածի «թարգմանություն»։

Էդիկ Պողոսյանի աշխատանքների (կամ հենց Էդիկ Պողոսյանի մասին) Նազարեթը գրում է․

«Էդիկ Պողոսյանն (ծնվ. 1972 թ.), ունենալով գեղանկարչական կրթություն, այժմ ներկայանում է որպես բազմադիսցիպլինար տեսողական արվեստագետ։ Վերջին շրջանում անկանոն եւ պատահական հավաքագրումը դարձրել է իր ստեղծագործությունների առանցքը։ Անհայտ անցյալ ունեցող նյութերի համակցման միջոցով ստեղծված նոր պատումները «թարգմանական» փորձեր են՝ երբեմն հղում անելով նյութի պատմությանը, երբեմն` ջնջելով այն։ Անկանոնությունը կանոնավորության «ստրկությունից» փախչելու ջանք է, կարծրացած նյութին հաղթահարելու փորձ»։

Այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է, որպեսզի խախտեմ մեդիատեքստի կանոնավոր վերջաբանի փորձը՝ որեւէ կերպ չամփոփելով կամ չձեւակերպելով համադրության հաջող փորձը, որեւէ կերպ չսահմանելով եղելության կարեւորությունը, որպեսզի ցուցահանդեսի նյութն ունենա դիտողականության շարունակականության կարեւորություն։

Ամեն դեպքում վերջին մի պարբերությամբ փորձեմ ֆիքսել դիտողի իմ սուբյեկտիվ արտահայտման ձեւը։ Խաչատրյանի եւ Պողոսյանի գործերի համադրությունն ընդգրկող ցուցասրահի երկու սենյակները մեկ ամբողջական կառույցի պատկեր են ստեղծում, որն ունի այնպիսի տրամաբանական հաջորդականություն կամ միաժամանակություն, ինչպես կարող է ունենալ տան խոհանոցն ու հյուրասենյակը։

Ճաշն ամեն դեպքում խոհանոցում ես եփում, բայց հյուրասենյակն իր հերթին հոտը շարունակում է պահպանել մի քանի ժամ մինչեւ կօդափոխես, ջանք կգործադրես։ Այս ամբողջության մեջ եւ համից, եւ հոտից հագեցած ես դուրս գալիս։

Ստորեւ՝ պատկերներ, որոնց միջոցով փորձ եմ արել ֆիքսել տեքստ կրողներին՝ այդ տեքստերի վերաձեւակերպման եւ ամբողջացմանն առերեսվելիս։

ՀԳՑուցահանդեսը բաց կլինի մինչ հունիսի 3-ը: Երկու արվեստագետների մասնակցությամբ պերֆորմանսը տեղի կունենա հունիսի 29-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտի («Էլեկտրական») այգում, 19:00-ին։

Մեկնաբանություններ (1)

Ռուզաննա Գրգիորյան
Շնորհակալություն հոդվածի համար։ Մի անճշտություն աչքովս ընկավ, գուցե ցանկանաք ուղղել։ Accidents planning st.-ը ոչ թե Անհեթեթությունների պլանավորման փողոց» է, այլ պատահականությունների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter