
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ԲԴԽ անդամներին կոչ արեց հրաժարականի դիմումներ գրել
Խորհրդարանում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահի առաջադրած թեկնածուի շուրջ քննարկումը։ Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը իր ելույթում անդրադարձավ դատավորների արտահերթ ժողովին:
«Դատավորների ժողովն իր հայտարարության տեքստում հստակ արձանագրեց, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և այդ մարմինը չի երաշխավորում դատավորների անկախությունը։ Եթե ԲԴԽ-ն ի վիճակի չէ ի կատար ածել իր պարտավորությունները, ուրեմն միգուցե կա հստակ անհրաժեշտություն, որպեզի ԲԴԽ անդամները հետևեն պարոն Հարությունյանի օրինակին»,- ասաց նա՝ նկատի ունենալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին։
Պատգամավորի համոզմամբ՝ հակառակ դեպքում հասարակություն և դատական համակարգի միջեւ անջրպետն ու անվստահության մթնոլորտն ավելի կխորանա։
«Այո, ԲԴԽ-ն չպետք է մատնվի անգործության, ԲԴԽ անդամները գործ ունեն անելու՝ նրանք պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն և նպաստեն դատական համակարգի առողջացման և դատավորների հանդեպ վստահության վերականգնման գործընթացին։ Հույս ունեմ, որ ԲԴԽ առաջիկա նիստում անդամները համարժեք կգնահատեն իրավիճակը և համապատասխան որոշումներ կկայացնեն»,- ասաց Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 24-ին՝ ասելով, որ հաշվի առնելով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները՝ նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը որպես ԲԴԽ նախագահ։
Դատավորների ընդհանուր ժողովն էլ մայիսի 27-ին արտահերթ նիստ հրավիրեց՝ արձանագրելով, որ ԲԴԽ-ն չի ապահովում դատավորների անկախությունը։
Լուսանկարը՝ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից։
Մեկնաբանել