HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանի գետնանցումների կեսը նորոգման կարիք ունի

Լուսանկարում պատկերված է Սուրբ Գր. Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի գետնանցումը։ Սա Երևանի կենտրոնի ամենավատ վիճակում գտնվող գետնանցումն է։ Այս գետնանցումից օգտվողներն ու դրա շրջակայքում բնակվողները տարիներ շարունակ բողոքում են գետնանցման սանիտարական վիճակից։

Գետնանցումում կան չգործող խանութներ, որոնք երեկոյան ժամերին հաճախ ծառայում են որպես «հանրային զուգարան»։ Այդ պատճառով տարածքում մշտապես գարշահոտություն է տարածված։

Չնայած սանիտարական այս վիճակին, տարածքում կան գյուղատնտեսական ապրանքներ վաճառողներ։ Այս գետնանցումում տիրող իրավիճակին անդրադարձել էինք նաև 2016 թվականին։ Այդ ժամանակից մինչ օրս տարածքում շատ քիչ բան է փոխվել. միայն կողպված կրպակի ներսից փոքր-ինչ աղբ է տարհանվել։

Այս գետնանցումը Երևանի 19 ստորգետնյա անցումներից մեկն է, որը նորոգման կարիք ունի։ «Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի՝ ստորգետնյա անցումների վերաբերյալ ցանկն ու պարզել՝ երևանյան 39 գետնանցումներից 19-ը նորոգման կարիք ունի։

Ամենաշատ գետնանցումները Կենտրոնում են։ Այստեղ կա 15 ստորգետնյա անցում, որից 7-ը վերանորոգման կարիք ունի։

Դրանցից մեկը «Փակ շուկայի» դիմաց գտնվող գետնանցումն է։ Այնտեղ տարիներ շարունակ գործում էին հագուստի և բանջարեղենի կրպակներ, որոնց մի մասը օրեր առաջ քանդվել և տարհանվել է, մնացածից վաճառողներն այժմ դուրս են բերում իրենց ապրանքները։

Տեղի վաճառականներից մեկը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ իրենց զգուշացրել են, որ տարածքը պետք է ազատեն, որպեսզի անցորդները կարողանան առավել ազատ տեղաշարժվել, բացի այդ իրենց կրպակները խաթարում են գետնանցման տեսքը։

Առավել վատ վիճակում են գտնվում Շենգավիթ վարչական շրջանի գետնանցումները։ Այնտեղ առկա բոլոր՝ 5 գետնացումներն էլ նորոգման կարիք ունեն։ Չնայած Երևանի քաղաքապետարանը տարիներ առաջ նորոգել էր «Հայրենիք» կինոթատրոնին կից գետնանցումը, կրպակներ տեղադրել, սակայն ամիսներ առաջ դրանք հեռացվել են, իսկ անցումը կրկին նորոգման կարիք ունի։

Քաղաքապետարանն այս տարվա ծրագրով վերոնշյալ վարչական շրջանում գետնացումների նորոգման ծրագիր չի նախատեսել։

Արաբկիրում ևս 7 գետնացումից չորսը նորոգման կարիք ունի։ Քաղաքապետարանը նախատեսում է նորոգել Կոմիտասի և Ազատության պողոտաների ստորգետնյա հետիոտնային անցումը, պատվիրել է դրա նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Իրավիճակն այլ է Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում։ Ըստ քաղաքապետարանի՝ այստեղ առկա գետնանցումների վիճակը բավարար է։ Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիայում կա հինգ գետնանցում, իսկ Էրեբունիում մեկը՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի գետնանցումը։

«Հետք»-ը քարտեզի միջոցով ամբողջացրել է երևանյան գետնացումների հասցեների և դրանց տեխնիկական վիճակի մասին տեղեկատվությունը։ Կարմիր գույնով պատկերված են մայրաքաղաքի՝ նորոգման կարիք ունեցող գետնանցումները, իսկ կանաչ գույնով՝ բավարար վիճակում գտնվողները։

Քաղաքապետարանից հայտնել են, որ այս տարվա ծրագրերով պատվիրվել են 5 գետնանցումների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Մասնավորապես՝ առաջնային պատրաստվում են նորոգել Սուրբ Գր. Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի, Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի, Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկի, Հաղթանակ զբոսայգու դիմացի, Կոմիտասի և Ազատության պողոտաների ստորգետնյա հետիոտնային անցումները։

Թե որքան գումար է անհրաժեշտ այդ գետնանցումները նորոգման համար, քաղաքապետարանը դեռևս բյուջետային հաշվարկ չունի, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստ լինելուն պես կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում կհստակեցվի նաև նորոգման ծրագրի արժեքը:

        Մաշտոցի պուրակին կից գետնանցման նոր էսքիզ

Ճարտարապետ Շանթ Իսանյանն ասում է՝ Երևանի բոլոր գետնանցումները ոչ թե վերանորոգման, այլ ամբողջական վերակառուցման կարիք ունեն, քանի որ կառուցվել են Խորհրդային Միության տարիներին՝ նորմատիվ այլ չափորոշիչներով։ «Մինչ 1988-ի երկրաշարժը նորմատիվը շատ ավելի թեթև էր, և յոթ բալ էր հաշվարկվում, նախագիծը ըստ դրա էր արվում։ Բայց երկրաշարժից հետո բոլոր նորմատիվները փոխվեցին, մինչ 9 բալ։ Նշանակում է՝ բոլոր անցումները, որոնք կառուցվել են մինչև այդ, սեյսմիկ խնդիր ունեն»,-ասում է նա։

Ճարտարապետի դիտարկմամբ, երևանյան գետնանցումները երկրաշարժի և տարհանման ժամանակ մեծ մասամբ լինելու են «մահվան անցումներ», քանի որ անուշադրության են մատնված, վնասված են, մինչդեռ դրանք միայն ներկում են, լուսավորություն անցկացնում՝ կոնստրուկցիոն փոփոխություններ և ամրացումներ անելու փոխարեն։

Շանթն աշխատում է «Storaket Architectural Studio»-ում, որը պատրաստել է Մաշտոցի պուրակին կից գետնանցման էսքիզային նախագիծը։

Ըստ այդ նախագծի, գետնանցումն ունենալու է զիգզագաձև ուղիով թեքահարթակներ, սենսորային լուսավորություն, նստարան, պատերին՝ street art-ային պատկերներ։

Այժմ այս գետնանցումն անուշադրության է մատնված։ Այն նորոգման կարիք ունի, քանի որ աստիճանները վնասված են, առաստաղը անձրևաջրերի պատճառով քայքայվել է, ներսում սանիտարական վիճակը բարվոք չէ։

«Storaket Architectural Studio» թիմի համար այս գետնանցման նախագծում առաջնային էր հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը հնարավորինս մատչելի դարձնելը: Շանթն ասում է՝ հաշմանդամություն ունեցող անձինք մայրաքաղաքի գետնանցումների թեքահարթակներից միայնակ չեն կարողանում օգտվել, քանի որ կընկնեն՝ թեքության նորմայից երկու-երեք անգամ ավելի լինելու պատճառով։

Այդ պատճառով ընտրել են զիգզագաձև ուղիով թեքահարթակները, որոնք հարմար կլինեն բոլորի համար:

Էսքիզային նախագծում հաջորդ կարևոր հանգամանքը գետնանցման լուսավորությունն է եղել։ Ընտրել են սենսորային լուսավորության համակարգ, որն անցորդի քայլին համընթաց կմիանա և կանջատվի։ Սա կխնայի էլեկտրաէներգիան:

Լուսավորության համակարգը պահպանելու համար ողջ առաստաղը մետաղական ցանցով փակվելու է, որպեսզի անցորդները լույսերը չկարողանան վնասել և գողանալ։

Էսքիզային նախագծում գետնացումը պատկերված է street art նկարներով զարդարված։ Շանթն ասում է՝ դրանք պայմանական են դրել, պատերը կարող են դառնալ «հարթակ» ստեղծագործողների համար, ովքեր իրենց ճաշակով կպատկերեն դրանք։

Ըստ նախագծի՝ գետնանցումում լինելու է նաև նստարան, որպեսզի եթե անցորդները հոգնեն, հնարավորություն ունենան նստել և հանգստանալ, կամ եթե գետնանցումում անցկացվի բացօթյա ցուցահանդես, այն կարող է ծառայել ըստ նպատակի։

Թեև քաղաքապետարանը դեռևս չունի այս գետնանցումը նորոգելու ծրագիր, բայց եթե դրա համար հայտարարվի նախագծանախահաշվային մրցույթ, «Storaket Architectural Studio»-ն իր ստեղծած այս նախագիծը կներկայացնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter