HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱԱԾ. օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի տարածք օտարերկրյա որևէ պետության պահանջով չի կարող արգելվել

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրյա որևէ պետության պահանջով չի կարող արգելվել: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հաղորդել է ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Մայիսի 1-ին, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը հայտարարել էր, թե իրեն «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի հսկիչ կետում չեն թույլատրել մուտք գործել Հայաստանի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության պահանջով, «Հետք»-ը պարզաբանում ստանալու համար դիմել էր ԱԱԾ մամուլի կենտրոն, որտեղից հորդորել էին գրավոր հարցում ուղարկել: Մայիսի 2-ին «Հետք»-ը գրավոր հարցումը ուղարկել էր ԱԱԾ, և միայն ուղիղ մեկ ամիս անց՝ հունիսի 3-ին, Ազգային անվտանգության ծառայությունը ուշացած տրամադրեց մեր հարցման պատասխանը:

Գրավոր հարցմամբ ԱԱԾ-ից խնդրել էինք պատասխանել, թե որն է եղել ուկրաինացի պատգամավորի մուտքի արգելքի պատճառը, հա՞յ սահմանապահների հետ է զրուցել Նայեմը, թե՞ «Զվարթնոց»-ում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների, կարո՞ղ է օտարերկրյա պետության պահանջով արգելվել օտարերկրացիների մուտքը Հայաստան և Ռուսաստանի պատժամիջոցների ցանկում գտնվող անձինք կարո՞ղ են Հայաստանի տարածքում ենթարկվել սահմանափակումների:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Մուստաֆա Նայեմը 2015 թվականին ընդգրկվել էր Հայաստանում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում: Այս մասին նշել էր նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ ընդգծելով, որ երբ ինքը դարձել է ԱԱԾ տնօրեն մոտ 30 հազար օտարերկրյա քաղաքացիներ դուրս են եկել անցանկալի անձանց ցանկից, և տեխնիկական վրիպակով պայմանավորված՝ Մուստաֆա Նայեմի անունը շարունակել է մնալ այդ ցանկում,  այդ պատճառով էլ ուկրաինացի պատգամավորը խոչընդոտների է բախվել:

Այնուամենայնիվ, ԱԱԾ-ն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչու է Մուստաֆա Նայեմն ընդգրկվել անցանկալի անձանց ցանկում: «Հետք»-ին հասցեագրված ԱԱԾ պատասխանում ասվում է, որ Մուստաֆա Նայեմը զրուցել է հայ սահմանապահների հետ, ինչպես նաև նշել է, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրյա որևէ պետության պահանջով չի կարող արգելվել: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի պատժամիջոցների ցանկին, ԱԱԾ-ն հաղորդել է, որ իրենք դրա հետ կապված սահմանափակումների վերաբերյալ տեղեկություներ չունեն:

Հիշեցնենք՝ Մուստաֆա Նայեմը հայտարարել էր նաև, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ջանքերի շնորհիվ է կարողացել մուտք գործել Հայաստան՝ «մեկանգամյա» նշումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter