HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր. «Եթե արտասահմանյան դրամաշնորհները չլինեին, Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ»

Հայաստանի գիտության ոլորտում երկու գլոբալ խնդիր կա՝ ֆինանսավորում եւ դրանից բխող սերնդափոխություն: Ցածր աշխատավարձի պատճառով երիտասարդները կա՛մ չեն ցանկանում զբաղվել գիտությամբ, կա՛մ գիտական ինստիտուտը դիտարկում են որպես ցատկահարթակ՝ հետագայում արտասահման մեկնելու կամ մասնավոր հատված մտնելու համար:

Հայաստանի գիտության բազային սուղ ֆինանսավորումը գլխավորապես ուղղվում է աշխատավարձերի եւ ենթակառուցվածքների պահպանմանը, ինչի հետեւանքով ակադեմիական գրեթե բոլոր ինստիտուտները աշխատավարձի բացը լրացնելու կամ, ասենք, նոր սարքավորում ձեռք բերելու համար դիմում են տեղական եւ արտասահմանյան դոնորների՝ դրամաշնորհներ ստանալու, առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել գիտության զարգացումը Հայաստանում:

«Ցավոք սրտի, եթե արտասահմանյան այդ դրամաշնորհները չլինեին, ապա Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ այն բազային ֆինանսավորմամբ, որը պետությունն է տրամադրում: Կարծում եմ՝ վաղ թե ուշ բազային ֆինանսավորումն էլ պիտի վերանայվի, ավելանա, բայց մյուս կողմից՝ արդյունքին միտված հստակ ծրագրային մոտեցում պիտի լինի, օրինակ՝ ասեն, որ այս անօդաչու սարքն են ստեղծել, եւ նախագծի իրականացման համար այսքան գումար է անհրաժեշտ: Այդ դեպքում պետությունը հաստատ գումար կգտնի՝ վճարելու համար»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ գիտնականները պետք է հստակ ծրագրային առաջարկներ ներկայացնեն, թե ինչ են պատրաստվում անել, եւ տվյալ ծրագիրն ինչ օգուտ է տալու Հայաստանին ու գիտությանը: Մինչդեռ ստեղծված իրավիճակում, ըստ պատգամավորի, գիտնականներն ասում են՝ մեզ ուղղակի գումար տվեք եւ մենք գիտությամբ կզբաղվենք, պետությունն էլ հարցնում է, թե որն է առաքելությունը, ինչ են անելու: Միեւնույն ժամանակ, ըստ Հովհաննիսյանի, պետք է տարանջատել ֆունդամենտալ ու կիրառական գիտության ծրագրային մոտեցումները:

Կառավարության եւ գիտության միջեւ խզված կապի մասին

Մեր դիտարկմանը, թե Հայաստանի ակադեմիական ինստիտուտներում տասնյակ դեպքերի ենք հանդիպել, երբ գիտնականները նորարարություն են ստեղծել, բայց կառավարության կողմից աջակցություն կամ արձագանք չի եղել, այսինքն՝ գիտության եւ կառավարության կապը, կարծես, խզված է, Հ. Հովհաննիսյանը պատասխանում է, որ այդ կապը գիտության կոմիտեով է ապահովվում: Ըստ նրա՝ դիտարկման մեջ ռացիոնալության հատիկ կա. ավելի արդյունավետ պետք է աշխատել ինստիտուտների հետ, եւ հիմա մոտեցումները փոխվում են:

Պատգամավորի փոխանցմամբ՝ ներկայում ինքն անձամբ աշխատում է գիտության ոլորտում փոփոխությունների ուղղությամբ, մասնավորապես՝ վերանայում է օրենսդրությունը, որպեսզի դրանով գիտաշխատողի կարգավիճակը հստակ ամրագրված լինի, ինչպես ԱՊՀ երկրներում է:

«Այսօր գիտությունը պետք է լինի շատ կիրառական, այսինքն՝ հստակ արդյունքին միտված, տնտեսության մեջ որոշակի էֆեկտիվություն առաջացնող, եթե նայենք, օրինակ, դրսի շատ գիտական կենտրոնների, թե ինչպես է գիտությունը նպաստում տնտեսության զարգացմանը այսօրվա բարձրագույն տեխնոլոգիաներով եւ այլն: Ավելի շատ երկրներ են այդպիսի քաղաքականություն վարում՝ ուղեղներին իրենց մոտ կանչելով, դրանով զարկ տալով իրենց տնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ սա առաջնահերթ ուղղություններից պետք է լինի, բայց էլի եմ կրկնում՝ միայն դա չէ, ֆունդամենտալ գիտությունը, որ ավանդաբար ունեցել ենք, պետք է շարունակի աճել, դրան գումարած՝ հայագիտությունը, հայապահպանությունը, պետք է անպայման լինեն ուշադրության կենտրոնում»,- ասում է պատգամավորը:

Վարկանիշավորեն, որ ավելի արդյունավետ աշխատեն

Գիտության կոմիտեն դեռ երկու տարի առաջ մշակել է մի օրինագիծ, որով առաջարկվում է հետեւալը՝ գիտական աստիճան եւ առնվազն 20 տարվա գիտական ստաժ ունեցող այն անձը, որն անցել է կենսաթոշակի ու այլեւս գիտական գործունեություն չի ծավալում, ամեն ամիս ստանալու է լրավճար: Վերջինս հավասար է լինելու այն ամսական հավելավճարին, որը ստանում են գիտական գործունեություն ծավալողները (գիտության թեկնածուներն ամսական ստանում են 25.000 դրամ հավելավճար, իսկ դոկտորները՝ 50.000 (ներառյալ հարկերը)): Այսինքն՝ այսպես փորձ է արվում գիտական աստիճան ունեցող կենսաթոշակառուներին համոզել, որ գիտության ոլորտից դուրս գալուց հետո շարունակելու են ստանալ աստիճանի համար տրվող գումարը, ինչը նշանակում է, որ կարիք չկա ամեն կերպ ձգտել պահպանել աշխատանքը: Հարցն այն է, որ սահմանվում է նվազագույն շեմ՝ 20 տարի, այլապես ամսական լրավճար չի տրվի:

Oրինագծով սահմանվում է նաեւ, որ պետական գիտական կազմակերպությունում վարչական պաշտոն կարող են զբաղեցնել մինչեւ 70 տարեկան անձինք, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Ընդ որում՝ 70-ն անց այն անձինք, ովքեր նախագծի ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարելիս կլինեն, իրավունք կունենան պաշտոնը զբաղեցնել առավելագույնը մեկ տարի, ինչից հետո պիտի տեղը զիջեն երիտասարդներին: «Գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդրի լուծմանն է միտված գիտական կազմակերպությունում վարչական պաշտոն զբաղեցնելու իրավունքի տարիքային սահմանափակման մասին դրույթը»,- ասվում է օրինագծի հիմնավորման մեջ:

Գիտական որոշ շրջանակների կարծիքով, սակայն, նման կերպ կառավարությունը փորձում է ազատվել կենսաթոշակի անցած գիտնականներից:

«Բյուջեով սահմանափակ են գիտությանը տրամադրվող միջոցները՝ 14 մլրդ դրամի կարգի: Երբ նայում ենք ցուցանիշները, տարիքով ավագ սերունդը բավական շատ է, բայց մարդիկ չեն գնում թոշակի, որովհետեւ ապրուստի խնդիր ունեն: Իսկ եթե թոշակի գնալիս իրենց նշանակվի լրավճար, մոտ 2 մլրդ դրամ գումար կազատվի: Այդ գումարը հնարավորություն կտա երիտասարդներին միանգամից բերել գիտության դաշտ: Այսինքն՝ չնեղացնել ավագ սերնդին, չասել՝ դուք մեզ պետք չեք, որովհետեւ իրենք մեզ պետք են, իրենց մեջ կան շատ լուրջ գիտնականներ, բայց նաեւ ներգրավել երիտասարդներին»,- ասում է պատգամավորը:

Այս տարի մշակվել է նաեւ նախարարի հրամանի նախագիծ, որի համաձայն՝ գիտական ինստիտուտները գնահատվելու եւ դասակարգվելու են, դրան համապատասխան էլ լինելու է ֆինանսավորումը:

Գիտնականների շրջանում այս առումով տարակարծություններ կան, քանի որ խոսակցություններ են շրջանառվում, թե մի քանի ինստիտուտներ միավորվելու են, եւ որ իշխանությունն այդպիսով քանդում է ակադեմիական համակարգը:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունը չի քանդում այդ համակարգը: «Ի՞նչ է նշանակում քանդել, պետք է նայել արդյունավետությանը: Եթե որեւէ գիտական հաստատություն էֆեկտիվ չէ, բնականաբար, արդյունավետության հարց պետք է առաջանա: Քանի՞ հոդված են հրապարակել այդ գիտական հաստատության աշխատակիցները միջազգային ամսագրերում: Միեւնույն ժամանակ աշխատող մարդիկ պետք է ուրախ լինեն այդ որոշման համար, որովհետեւ եթե դու աշխատում ես, իսկ որեւէ մեկը չի աշխատում, այդ չաշխատող մարդու պատճառով քո հաստատության ընդհանուր ռեյտինգն ընկնում է, եւ ավելի քիչ ես գումար ստանում: Սա կբերի ինքնազտման, պետք է բոլորն աշխատեն, որպեսզի թիմային աշխատանք լինի, մարդիկ կսկսեն թիմային գործին նվիրված աշխատանք կատարել եւ արդյունքում կբարձրացնեն իրենց կազմակերպության ռեյտինգն ու ավելի շատ միջոցներ ստանալ պետբյուջեից: Այսօր չկա այդ մոտիվացիան, որովհետեւ բոլորը ստանում են նույն գումարը»,- ասում է պատգամավորը:

Մեկնաբանություններ (1)

Սամվել Մխիթարյան
Համաձայնվելով շատ դատողությունների հետ, միաժամանակ պետք է նշեմ, որ ոչ թե/միայն <<գիտնականները պետք է հստակ ծրագրային առաջարկներ ներկայացնեն, թե ինչ են պատրաստվում անել, եւ տվյալ ծրագիրն ինչ օգուտ է տալու Հայաստանին ու գիտությանը:>>, այլ պետությունը/կառավարությունն ինքը պետք է սահմանի երկրի անվտանգության, սոցիալ տնտեսական զարգացման ... համար առանցքային կարևորագույն նշանակություն ունեցող գիտահետազոտական աշխատանքների ուղությունները, թեմաները և ակնկալվող արդյունքները և իրականացնի գիտության թեմատիկ ֆինանսավորում ըստ իր կողմից սահմանված խնդիրների լուծման և ակնկալվող արդյունենրի ստացման համար հայտարարված ֆինանսավորևման մրցույթների համար ստացված հայտերի մրցակցային անկախ գնահատման արդյունքների հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter