HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հարկել ոչ թե եկամուտը, այլ՝ հարստությունը. եկամտային հարկի թեման քննարկվում է ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօր քննարկվող Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթի առավել շատ քննարկվող կետերից մեկը եկամտային հարկի համահարթ մոդել ներդնելու Կառավարության առաջարկն է։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ եթե գույքային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներդրվի, ապա եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը կչեզոքացվի։ Այս մասին նա նշել է լրագրողների հետ զրույցում. «Չեմ հավակնում ասել՝ ընտրված տարբերակն ամենալավն է։ Բայց հանրությանը պետք է ասել, որ անձի հարկումը պետք է նայել եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից։ Եթե կարողանում ենք գույքային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներկայացնել, ապա եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը չեզոքացվում է»։

Թեմայի շուրջ ԱԺ նիստին հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Արման Պողոսյանին հարցեր հղեցին պատգամավորները, ինչպես նաև՝ նրանցից մի քանիսը հանդես եկան ելույթով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը նկատեց, որ համահարթեցնելով եկամտային հարկը և իջեցնելով շահութահարկը՝ մենք զրկվում ենք բյուջեի բավականին մուտքերից։ «Ճիշտ չէ՞ր լինի այդ մուտքերից չզրկվեինք և դրա փոխարեն այն ոլորտները, որտեղ աշխատավարձերի և թոշակների բարձրացում է ակնկալվում, բարձրացումներն իրականացնեիք»,- նշեց նա։

Ի պատասխան՝ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի համահարթեցման պարագայում բյուջեի կորուստը կազմելու է տարեկան մոտ 30 մլրդ դրամ, որը հաշվարկվել է 2018 թվականի բազայի հիման վրա, իսկ 2017 թվականի բազայի հիման վրա՝ 27.5 մլրդ դրամ: «Մի փոքր այլ տրամաբանություն է դրված այս նախագծերի փաթեթի հիմքում կամ նույնիսկ փիլիսոփայություն՝ ոչ թե գոյատևելու, այսինքն՝ մի փոքր աշխատավարձ բարձրացնելու, այլ՝ ավելի համարձակ, հավակնոտ, արտադրողական աշխատուժն ավելի քիչ հարկելու, մրցունակությունը բարձրացնելու, արտահանմանն ուղղված ուղղությունները զարգացնելու և ի վերջո կայուն տնտեսական աճի տեմպեր ապահովելու։ Այս առումով, կարծում եմ՝ այդ հարկային ծախսն արդարացված է»,- նշեց փոխնախարարը։

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ աշխարհը գնում է ծախսերի հայտարարագրման ճանապարհով, «որի արդյունքում, երբ ծախսերը հանում են, նորից հարկում են հարստությունը»։

Հարստությունը հարկելուն անդրադարձավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա, ելույթ ունենալով հարակից զեկույցով, առաջարկեց համահարթ եկամտային հարկի վերաբերյալ քննարկումները բաժանել երկու մասի՝ տնտեսագիտական և արժեքային կամ բարոյական։ «Այն կարծիքները, որ լսել եմ, թե այս համակարգը երկիրը տանելու է կործանման, չի աշխատելու, չնայած մենք համոզված ենք, որ այդ կարծիքն արտահայտողները սխալվում են, բայց խոստացել ենք, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ-ում կկազմակերպենք մասնագիտական քննարկում, որտեղ 10-15 մասնագետներ կմասնակցեն»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա եկամտային հարկի այսօրվա եռաստիճան համակարգը՝ 23 %, 28 % և 36 %, պրոգրեսիվ է կոչվում, սակայն, ըստ էության, այն ռեգրեսիվ համակարգ է։ «Երբեմն փորձ է արվում ներկայացնել, որ այս նախագծով Կառավարությունը փորձում է հարուստներին օգնել՝ ի վնաս աղքատների։ Բայց, եկեք էն հարցին պատասխանենք, թե մենք ո՞ւմ ենք համարում հարուստ։ Եթե մենք հարուստ համարում ենք բարձր աշխատավարձ ստացողներին, եկեք դիտարկենք, տեսնենք՝ էն մարդիկ, ովքեր դե յուրե աշխատավարձ չեն ստանում, բայց եկամուտներ ունեն հանձնված անշարժ գույքից կամ շահաբաժիններից, իրենք ինչքա՞ն են հարկվում։ Պետք է տարանջատենք՝ ովքեր են հարուստները և ինչ պետք է հարկենք։ Կառավարությունն այդ խնդիրը պատրաստվում է լուծել գույքահարկի միջոցով։ Սոցիալական արդարության տեսանկյունից՝ ոչ ոք չի վիճարկում, որ հարկային դրույքաչափերը պետք է լինեն պրոգրեսիվ և ոչ մեկը չի վիճարկում սոցիալական արդարության գաղափարը։ Բայց պետք է տարանջատել՝ ովքե՞ր են հարուստ, և ինչն է պետք հարկել։ Կառավարությունը պատրաստվում է այդ խնդիրը լուծել գույքահարկի լրջագույն ռեֆորմի միջոցով։ Դա նշանակում է, որ հարկելու ենք ոչ թե մարդկանց եկամուտները, այլ հարստությունը։ Եթե եկամուտը հնարավոր է թաքցնել, ապա անշարժ գույքը հնարավոր չէ թաքցնել։ Կադաստրի կոմիտեն մինչև տարեվերջ կավարտի գույքահարկի ներդրման համար իրենց կատարած աշխատանքները, և այդ օրենքը կքննարկվի։ Եկամտային հարկի համահարթեցման և գույքահարկի օրենքները միաժամանակ կմտնեն ուժի մեջ, որովհետև լուծումը դա է»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Եկամտային հարկին անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ օրինակ բերելով երկրները, որոնք համահարթ եկատային հարկի ձախողված փորձ ունեն։ «Տնտեսագետների մի մասը դեմ է արտահայտվում եկամտային հարկի համահարթ մոդելին և դրա մասին բազմաթիվ անգամներ խոսվել է։ Օրինակ՝ Վրաստանում 2003 թվականին բոլորի համար եկամտային հարկը սահմանվել էր 20 %: Ըստ վրացի մասնագետների՝ մի քանի տարի առաջ դա բերեց սոցիալական լուրջ բևեռացման։ Այսօր Վրաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում առաջինն է եկամուտների անհավասարության սանդղակով։ Պարզ է, որ ամեն ինչ չէ, որ կապված է եկամտային հարկի հետ, սակայն, մասնագետների համահարթեցումն այդ պատճառներից մեկն է»,- ասաց պատգամավորը։

Որպես ձախողված օրինակներ նա ներկայացրեց նաև Մակեդոնիայի, Սլովակիայի և այլ երկրների փորձը։

«Մենք խոսում ենք սոցիալական արդարության մասին։ Շատ դժվար է լինելու բացատրել 55 հազար կամ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն, թե ինչու է իր աշխատավարձից և 2 մլն դրամ ստացողի աշխատավարձից նույն տոկոսային չափով եկամտային հարկ գանձվում։ Բացի թվերից ու փաստարկներից, սա նաև շատ կարևոր հոգեբանական պահ է»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ այլ կարծիքներ ևս հնչեցին։ Քննարկումները շարունակվում են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter