HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցը

Խորհրդարանում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուի ընտրության հարցը։ Հանրապետության նախագահն այս պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Գրիգորյանի թեկնածությունը նախկինում ևս առաջադրվել էր, սակայն նախորդ գումարման խորհրդարանը մերժել էր նրան։ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հիշեցրեց, որ  երկրորդ անգամ է ԱԺ ամբիոնից խոսում նույն կարգավիճակով և նախկինում ներկայացրել է ՍԴ-ի դերի վերաբերյալ իր մոտեցումները։

«Ես վերահաստատում եմ իմ ողջ նկարագրածը նախկինում։ Ես միշտ եղել եմ այն համոզման, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների միջև իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառությունը չի ունենալու այն խորությունը, ինչ ունենալու է դատական և գործադիր մարմինների միջև»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ դատական իշխանությունը պետական իշխանության ամենաքննադատվող հատվածն է։

«Ամենաանպտուղ գործն է շարունակել այդ քննադատությունը, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր, որով ՍԴ-ի գործունեության արդյունավետությունն է պետք բարձրացնել»,- ասաց Գրիգորյանը։

ՍԴ դատավորի թեկնածուի համոզմամբ՝ ՍԴ-ի գործող մոդելը անհարկիորեն տարբերակում է մտցնում ՍԴ դատավորների և նախագահի կարգավիճակների միջև։

«ՍԴ նախագահի միակ տարբերությունը մյուս դատավորներից կարող է լինել այն, որ նա իրականացնում է նաև ներկայացուցչական և վարչական որոշ գործառույթներ և աննշան չափով դատավարական տարբեր գործառույթներ, քան մյուս դատավորները։ Սկզբունքը պետք է ընդունվի այնպես, որ ամենաբարձր պաշտոնը լինի ՍԴ դատավորի պաշտոնը»,- ասաց նա։

Խորհրդարանը նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամ ընտրել. նախկինում մերժվել է հինգ թեկնածու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter