HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուստամ Բադասյանը՝ բանակից ազատվելու, Քոչարյանի գործով դատավորի, վեթինգի, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին

Դատավորների վեթինգի մասին որևէ կոնցեպտուալ մոտեցում, փաստաթուղթ ո՛չ կառավարությունում, ո՛չ Ազգային ժողովում այս պահին չկա։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մենք նոր սկսում ենք հայեցակարգային մոտեցումները և դրանից բխող օրենսդրական փոփոխությունները մշակելու աշխատանքները»,- ասաց նախարարը:

Վերջինս խոսեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի՝ «Մարտի 1-ի գործով» բողոքների քննության ընթացքում դրսևորած վարքագծի մասին ու նշեց, որ Դանիելյանի արարքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չի տեսնում։

Նշենք, որ Արմեն Դանիելյանը «Մարտի 1-ի գործով? բողոքների քննության ժամանակ եկել էր եզրահանգման, որ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ձգձգում են նիստը, ու իր ձևակերպմամբ, արդարադատության շահից ելնելով՝ հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու այն դեպքում, երբ Քոչարյանի պաշտպաններից որևէ մեկը քննվող բողոքների վերաբերյալ դիրքորոշում չէր հայտնել:

Արդարադատության նախարարն անօրիանակություն չի տեսնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելու գործողություններում:

Բադասյանն ասաց նաև, որ առանց մեղադրական դատական վճռի գույքի բռնագանձման նախագիծը արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է: Այս օրենքում, ըստ Բադասյանի, խիստ դրված է բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, այսինքն՝ օրենքը կիրառվելու է այնպես, որ անօրինական գույքի բարեխիղճ ձեռքբերողը որևէ դեպքում չտուժի։ 

Ըստ նախարարին՝ գույքի ապօրինի լինելու հանգամանքը որոշվելու է դատարանի վճռով։ 

Հարցին՝ եթե անձի մեղադրանքը դատավճռով հաստատված չլինի, ինչո՞ւ պիտի նրանից գույք բռնագանձվի, Բադասյանը պատասխանեց, թե նման գործերով հայցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի վերաբերյալ:

«Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա։ Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում  է պատճառահետևանքային կապ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»,- ասաց նախարարը:

Նախարար Բադասյանը ողնաշարի հիվանդության հիմքով ազատվել է բանակում ծառայությունից: Օրեր առաջ համացանցում էին հայտնվել նրա լուսանկարները՝ "սքվոշ" խաղալիս: Այսօր լրագրողներից մեկը նախարարին խնդրեց մեկնաբանել այդ հանգամանքը:

«Հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով, հայտնի տարբերակներից մեկն է: Ես միանշանակ չեմ կարող ասել, որովհետև գիտությունը դեռ չի պարզել սկոլիոզ հիվանդությունը ինչ պատճառներով է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ, սքվոշ և նմանատիպ սպորտաձևերով զբաղվելն է»,- ասաց Բադասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter