«Ռիվալ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել պետական մի շարք գերատեսչությունների և «Արմօյլ» ընկերության դեմ
Եղվարդի Նատի թաղամասում «Արմօյլ» ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի հարևանությամբ պտղատու այգիներ հիմնած և տարիներ շարունակ չրի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ՍՊԸ-ն և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը վնաս պատճառող գործունեությունն արգելելու մասին պահանջով հուլիսի 1-ին հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, «Արմօյլ» ՓԲԸ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի:
Ռաֆիկ Վիրաբյանը լարված հարաբերություններ ունի «Արմօյլ» ընկերության հետ: Ըստ նրա՝ կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի գործարկման դեպքում անդառնալի վնաս կհասցվի շրջակա միջավայրին, իր պտղատու այգիներին, և չրերի արտադրությունը անհնար կդառնա: Նավթամթերքի գործարանի շինարարական աշխատանքները սկսելու ժամանակներից մինչև օրս Ռաֆիկ Վիրաբյանը տասնյակ նամակներ է գրել տարբեր գերատեսչություններ՝ այդ թվում վարչապետի և նախագահի աշխատակազմեր, գլխավոր դատախազություն, նախարարություններ տեսչական մարմիիններ, սակայն դրանցից և ոչ մեկից իրեն բավարարող պատասխան չի ստացել:
Եվս մեկ հայցադիմում էլ «Ռիվալ» ՍՊԸ-ն և Ռաֆիկ Վիրաբյանը Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին պատկանող «Արմօյլ» ընկերության դեմ ներկայացրել էին 2019 թվականի փետրվարի 5-ին՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով:
Հիշեցնենք, որ «Արմօյլ» ընկերությունը բիտումի և քսայուղերի գործարանի կառուցումը սկսել էր 2014 թվականից: Գործարանը գրեթե պատրաստ է, և ինչպես երկու շաբաթ առաջ մեզ հետ զրույցում ասել էր «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին, գործարկումը նախատեսում են հուլիս ամսվա մեջ, և սա այն դեպքում, երբ նախատեսվող գործունեությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության փոխձաքննությունների չի ենթարկվել: 2018թ. հոկտեմբերին ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Արմօյլ»-ին առաջարկել է տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ պայմանագիր կնքել, սակայն առաջարկն անպատասխան է մնացել:
Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը, ապա այդ հարցում ընկերության դիրքորոշումը ժամանակի ընթացքում մի քանի անգամ փոխվել է: 2018 թվականի հուլիսին «Արմօյլ»-ը երկու անգամ փաստաթղթեր է ներկայացրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն, սակայն երկու դեպքում էլ փաստաթղթերը հետ են վերադարձվել լրակազմ չլինելու պատճառով: Այնուհետև երկար ժամանակ ընկերության ներկայացուցիչները պնդում էին, թե իրենց նախատեսած գործունեությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով ենթակա չէ փորձաքննության, սակայն նախորդ ամիս էլ Ալֆրեդ Աբեդին «Հետք»-ին հայտնեց, որ իրենք նախնական գնահատման հայտ են պատրաստում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնելու համար:
Մեկնաբանել