HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արմօյլ»-ի դիրքորոշումը ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ կրկին փոխվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին պատկանող «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությունը դեռևս համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն՝ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) անցկացնելու համար: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Արմօյլ»-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մի շարք հանդիպումներ են ունեցել Շրջակա միջավայրի (նախկինում բնապահպանության) նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք, ըստ Աբեդիի, տեղյակ են ամբողջ գործընթացից: Նրա հետ զրույցում պարզ դարձավ նաև, որ ընկերությունը փոխել է իր դիրքորոշումը գործարանում ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ նախկինում «Արմօյլ»-ը մշտապես հայտարարում էր, որ իրենց նախատեսած գործունեությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով ենթակա չէ փորձաքննության, չնայած որ 2018 թվականի հուլիսին ընկերությունը երկու անգամ փաստաթղթեր է ներկայացրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն, սակայն երկու դեպքում էլ փաստաթղթերը հետ են վերադարձվել լրակազմ չլինելու պատճառով:

Հիմա Ալֆրեդ Աբեդին հայտարարում է, որ իրենք նախնական հայտ են պատրաստում, որպեսզի ներկայացնեն փորձաքննական կենտրոն, այսինքն՝ պատրաստակամություն են հայտնում իրենց նախատեսած գործունեության համար փորձաքննություն անցնել: «Արմօյլ»-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ գործարանի բացումը նախատեսում են մեկ ամսից, սակայն հարկ է նշել, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով փորձաքննության նախնական փուլը իրականացվում է ձեռնարկողի կողմից նախնական գնահատման հայտը լիազոր մարմին (տվյալ դեպքում՝ փորձաքննական կենտրոնին) ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հիմնական փուլի ժամկետները չպետք է գերազանցի 60 աշխատանքային օրը, այսինքն՝ «Արմօյլ»-ը իր կառուցած գործարանում արտադրությունը կարող է սկսել լավագույն դեպքում 90 աշխատանքային օրվա ընթացքում, չնայած որ օրենքը թույլ է տալիս նաև երկարաձգել այդ ժամկետները:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ազգանուշ Դռնոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ «Արմօյլ»-ի ներկայացուցիչների հետ հանդիպում եղել է, որի ընթացքում ներկայացվել է օրենքով նախատեսված այն ընթացակարգը, համաձայն որի՝ «Արմօյլ»-ի նախատեսած գործունեությունը պետք է փորձաքննություն անցնի: Ազգանուշ Դռնոյանը շեշտեց, որ փորձաքննությունն իրականացվում է նախատեսվող գործունեության համար, ոչ թե իրականացվող, այսինքն՝ եթե «Արմօյլ»-ը սկսի արտադրությունը առանց ՇՄԱԳ փորձաքննության, ապա փորձաքննական կենտրոնն այլևս անելիք չի ունենա: Այդ դեպքում արդեն պետք է միջամտի այս ոլորտում վերահսկողություն իրականացնող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ):

ԲԸՏՄ-ի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք տեսչական մարմնի և «Արմօյլ»-ի միջև մշտապես լարվածություն է եղել: Այդ մասին պաշտոնից ազատվելուց հետո ներկայացրած հանրային հաշվետվության ժամանակ ասել է նաև հենց ինքը՝ Արթուր Գրիգորյանը: Նրա օրոք տեսչական մարմնի ներկայացուցիչները մի քանի անգամ տեսչական ստուգումներ են ցանկացել իրականացնել գործարանի տարածքում, սակայն խոչընդոտների են հանդիպել ընկերության ներկայացուցիչների կողմից: Արթուր Գրիգորյանի օրոք մի քանի անգամ վարչական ակտեր են կիրառվել «Արմօյլ»-ի նկատմամբ: Այս տարվա մայիսի 15-ին վարչապետի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանը նշանակվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Պաշտոնավարման մեկ ամսում «Արմօյլ»-ի հետ ունեցած առնչությունների մասին փորձեցինք զրուցել Վիգեն Ավետիսյանի հետ, սակայն ԲԸՏՄ-ից մեզ հայտնեցին, որ նա մեր հարցերին կարող է պատասխանել միայն հաջորդ շաբաթ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ազգանուշ Դռնոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել այն եզրակացությունը, որով սահմանվել է «Արմօյլ» ընկերության նախատեսած գործունեության փորձաքննության ենթակա լինելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, նույնիսկ Կառավարության նիստի ընթացքում: Դռնոյանն ասաց, որ իրենք արտաքին փորձագետ են ներգրավվել աշխատանքներին, որը մասնագիտացված է եղել օրգանական քիմիայի բնագավառում.

«Փորձագետը նշել է, որ «Արմօյլ»-ի նախատեսող գործունեությունը օրգանական նյութերի արտադրություն է, և այն համապատասխանում է օրգանական նյութերի արտադրության վերաբերյալ օրենքում նշված կետին: Մենք մասնագիտական եզրակացությունը գրավոր ստացանք և այն ներկայացրինք պարոն Աբեդիին»,- ասաց Ազգանուշ Դռնոյանը:

Հարկ է նշել, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3.ա կետի համաձայն՝ քիմիական արդյունաբերության բնագավառում` կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի և այլ օրգանական նյութերի արտադրության և վերամշակման գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության: «Արմօյլ»-ը նախատեսում է իրականացնել բիտումի և քսայուղերի արտադրություն, ինչն էլ ըստ եզրակացության՝ համարվել է օրգանական նյութերի արտադրություն:

Հունիսի 18-ին «Արմօյլ»-ի կառուցած գործարանի հարևանությամբ չրերի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ՍՊԸ-ն տեսանյութ էր տարածել, որում երևում էր, որ գործարանի ծխնելույզներից մեկից սև ծուխ էր դուրս գալիս: «Ռիվալը» ահազանգել էր, թե գործարանում փորձարկման աշխատանքներ են իրականացվում: «Արմօյլ»-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի փորձարկում չի եղել, ընդամենը աղբ են վառել:

Նշենք նաև, որ «Ռիվալ»-ն ու «Արմօյլ»-ը ևս լարված հարաբերություններ ունեն: «Ռիվալ» ՍՊԸ-ի հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի կարծիքով՝ գործարանի արտանետումներն անդառնալի վնաս կհասցնեն ընկերության այգիներին, որից հետո չրերի արտադրությունն անհնարին կդառնա:

2019թ. փետրվարի 5-ին էլ «Ռիվալ» ՍՊԸ-ն և Ռաֆիկ Վիրաբյանը դատական հայց էին ներկայացրել «Արմօյլ» ՓԲԸ-ի դեմ՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: Փետրվարի 21-ին հայցվորը հայցի ապահովում կիրառելու միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով արգելանք դնել «Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա, արգելել «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործողություն, ինչպես նաև «Արմօյլ»-ին պարտավորեցնել դադարեցնել նշված հասցեներում ընթացող շինարարական աշխատանքները: Դատարանը բավարարել էր հայցվորի միջնորդությունը: Մարտի 15-ին արդեն «Արմօյլ»-ն էր միջնորդություն ներկայացրել դատարան՝ խնդրելով վերացնել հայցի ապահովումը այն պատճառաբանությամբ, որ ընկերության նկատմամբ կիրառված հայցի ապահովման պայմաններում ընկերությունն ընդհանրապես չի կարողանում իրականացնել իր փաստացի բնականոն գործունեությունը և կրում է խոշոր վնասներ, որոնք անհատույց չեն կարող մնալ: Դատարանը մասնակիորեն բավարարել էր «Արմօյլ»-ի միջնորդությունը և որպես հայցի ապահովման միջոց էր թողել այն, որ արգելվում է «Արմօյլ» ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով/լիազորությամբ/խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել որևէ արտադրական գործողություն, որը կխոչընդոտի «Ռիվալ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը:

Սակայն «Ռիվալ»-ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը վերացնել: Վերաքննիչը ապրիլի 19-ին բավարարել էր «Ռիվալ»-ի հայցը, այսինքն՝ նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները թողնելով ուժի մեջ: Եվ չնայած դրան՝ «Արմօյլ» ՓԲԸ-ն, այնուամենայնիվ, դատարանի որոշումից հետո աշխատանքներ իրականացրել է գործարանում:

Գլխավոր լուսանկարը՝ Հենրիկ Տեր-Ղուկասյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter