HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԴԱՀԿ-ն արգելանք է դրել Եղվարդում «Արմօյլ»-ի անշարժ գույքի վրա և արգելել է գործարանի տարածքում իրականացնել ցանկացած գործողություն

Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրել «Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:

Բացի այդ, ԴԱՀԿ-ն արգելել է «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործողություն: Հարկադիր կատարման ծառայությունը «Արմօյլ»-ին պարտավորեցրել է նաև դադարեցնել վերը նշված հասցեներում ընթացող շինարարական աշխատանքները:

ԴԱՀԿ-ն կատարողական վարույթը հարուցել է նախորդ շաբաթ՝ մարտի 6-ին՝ հիմք ընդունելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթը: 

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Ռիվալ» ՍՊԸ-ն և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը 2019թ. փետրվարի 5-ին «Արմօյլ»-ի դեմ հայցադիմում են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: Եղվարդում «Արմօյլ»-ի կառուցած գործարանի հարևանությամբ է գտնվում «Ռիվալ»-ին պատկանող այգիները, իսկ ընկերությունը զբաղվում է չրերի արտադրությամբ, սուրճի և թեյի մշակմամբ:

«Ռիվալ»-ի և Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փետրվարի 21-ին վարույթ է ընդունել: Նույն օրը դիմումատուն հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով որպես հայցի ապահովման միջոց՝ կիրառել անշարժ գույքի վրա արգելանքը, ցանկացած գործողություն իրականացնել արգելելը և շինաշխատանքների դադարեցում պարտավորեցնելը: Դատարանը բավարարել էր հայցվորի միջնորդությունը և դրա հիման վրա էլ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել և ընդունել նշված որոշումները:

«Հետք»-ի հետ զրույցում «Արմօյլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վարչական դատարան: Նրա պնդմամբ՝ դատավորի կայացրած որոշումը անօրինական է.

«Մարդկության պատմության մեջ նման բան գոյություն չունի, որ հարևանի անհիմն բողոքի պատճառով ընկերության ամբողջ գործունեությունը դադարեցվի: Մենք մեր ներդրումների պաշտպանության համար դիմել ենք նաև Ազգային անվտանգության ծառայություն, Գլխավոր դատախազություն»,- ասաց Ալֆրեդ Աբեդին:

Հիշեցնենք, որ «Արմօյլ»-ի կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի շուրջ արդեն երրորդ տարին է՝ աղմուկը չի դադարում: Հիմնական հարցերը կապված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հետ: Բնապահպանության նախարարությունն ասում է, որ ըստ նախնական գնահատման հայտի՝ «Արմօյլ»-ի կողմից նախատեսվող արտադրությունը դասվել է նավթավերամշակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների դասին, որն էլ ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին ՀՀ օրենքի՝ ենթակա է փորձաքննության: 2018-ի հուլիսին «Արմօյլ»-ը ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար երկու անգամ տեխնիկական փաստաթղթեր է ներկայացրել բնապահպանության նախարարություն, սակայն երկու դեպքում էլ փաստաթղթերը վերադարձվել են լրակազմման: Դրանից հետո ընկերությունը հրաժարվել է ՇՄԱԳ փորձաքննության գաղափարից և մինչև օրս պնդում է, որ իրենց գործունեությունը ենթակա չէ փորձաքննության:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության մասով երկու ամիս առաջ «Հետք»-ի հետ զրույցում Ալֆրեդ Աբեդին ասել էր, որ «Արմօյլ»-ի և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև պայմանագիր է կնքվելու՝ փորձաքննություն անցկացնելու համար: «Հետք»-ը նախորդ շաբաթ գրավոր հարցում է ուղարկել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ պարզելու համար պայմանագիրը կնքվե՞լ է, թե՞ ոչ, և եթե արդեն իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննություն է անցկացվել, ապա ինչ եզրակացություն է տրվել: Հարցման պատասխանը ստանալուց հետո այն նույնպես կհրապարակենք:

Հիշեցնենք՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերի 50 %-ը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Մյուս կեսի սեփականատերը և ընկերության հիմնադիրը իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանն է: «Արմօյլ»-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին նույնպես իրանահայ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter