
Հայաստանը Վիետնամի ու Սինգապուրի հետ թույլ տնտեսական կապեր ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին այցելելու է Վիետնամ ու Սինգապուր: Ինչպես հայտնել են վարչապետի աշխատակազմից, այցերը ծրագրված են հուլիսի 4-9-ը։ Հայաստանում Սինգապուրը հաճախ է հիշատակվում որպես օրինակելի ու զարգացող տնտեսություն ունեցող երկիր։ Վիետնամն էլ այսօր դասվում է զարգացող երկրների շարքին։ Սակայն Հայաստանին դեռևս չի հաջողվել ամուր տնտեսական կապեր հաստատել նրանց հետ։
Հայ-վիետնամական առևտրում Հայաստանը ներմուծողի դերում է
Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 մլն դոլարի ապրանք։ Վիետնամական ծագման ապրանքի ներմուծումը հայկական շուկա 2017 թվականի համեմատ աճել է 11.6 մլն դոլարով կամ մոտ 33.4 %-ով։ Նույն ընթացքում Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 0.57 մլն դոլարի ապրանք` 2017 թվականի մոտ 0.16 մլն դոլարի դիմաց։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Չնայած դրան՝ վերջին տասը տարիների դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստան-Վիետնամ առևտրաշրջանառությունը երբեք էական ծավալներ չի ունեցել և հիմնականում հիմնված է Վիետնամից Հայաստան ներմուծման վրա։ Միայն կարելի է նկատել, որ այս ընթացքում որոշակիորեն ավելացել է ներմուծումը։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 2009 թվականին Հայաստանը Վիետնամից ներմուծել է 8 մլն դոլարի ապրանք։
Նշենք, որ թեև Վիճկոմիտեն արտաքին առևտրի տվյալները ստանում է Մաքսային ծառայությունից, սակայն մաքսային տվյալները Վիտենամից կատարված ներմուծման վերաբերյալ էականորեն տարբերվում են։ Վիճկոմիտեից մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ հարկավոր է հիմք ընդունել իրենց հրապարակած ցուցանիշները, որոնք փոխանցվում են նաև ՄԱԿ-ի բազային՝ UN Comtrade-ին, քանի որ Մաքսային ծառայության տվյալները հրապարակվել են ավելի շուտ և հետագայում դրանք թարմացվել են Վիճկոմիտեին տրամադրելուց առաջ։
Նախորդ տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է հիմնականում սուրճ, տեխնիկա, մասնավորապես՝ հեռախոս ու համակարգիչ, կոշիկ ու հագուստ։
Սինգապուրի հետ առևտուրը չնչին ծավալներ ունի
Ինչ վերաբերում է Սինգապուրին, ապա չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ Սինգապուրի հետ Հայաստանն առևտրաշրջանառություն չունի։ 2018 թվականի ընթացքում երկու երկրների միջև ապրանքերի առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը մոտ 2.2 մլն դոլար, որից 1.5 մլն դոլարը Սինգապուրից Հայաստան ներմուծում է և մնացած մոտ 0.7 մլն դոլարը Հայաստանից Սինգապուր արտահանումն է։ Նախորդ տարիներին ևս առևտրաշրջանառությունը ցածր մակարդակում է եղել։ 2018 թվականին Հայաստանը Սինգապուրից ներմուծել է հիմնականում տեխնիկա։ Նույն տարում դեպի այդ երկիր արտահանել է ծխախոտ, խմիչք ու շոկոլադ։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ Սինգապուրն աշխարհում ամենամեծ տնտեսություն ունեցող երկրների առաջին 40-ում է իր համախառն ներքին արդյունքի ծավալներով։ Մի շարք ոլորտներում այս երկիրն աշխարհի առաջատարներից է։
Մեր երկրում Սինգապուրը շատ է հիշատակվում որպես տնտեսապես հրաշք ապահոված երկիր։ Հայաստանի և Սինգապուրի տնտեսական կապերը զարգացնելու վերաբերյալ մշտապես քննարկումներ են լինում։ Այս տարվա հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Այդ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են, թե Հայաստանից ինչ ապրանքներ կարող են արտահանել դեպի սինգապուրյան շուկա։ Ապրանքների շարքում առանձնացվել են կոնյակը, գինին, գարեջուրը, հյութերը և վերամշակված այլ մթերքներ, որոնց պահանջարկը Սինգապուրն ունի։
Հայաստանում սինգապուրյան ընկերություններին «սպասում» են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության, բնապահպանության և ավիացիոն ոլորտներում։ Ավելին, նույնիսկ մտքեր են հնչում, որ Հայաստանը կարող է դառնալ «կովկասյան Սինգապուր»։
Լուսանկարում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամը / primeminister.am-ի
Տես նաեւ՝
- Հայ-չինական առևտուրը. վաճառում ենք պղինձ, գնում՝ ամեն ինչ
- Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կտրուկ խորացել է. վերջին տարիների դինամիկան
Մեկնաբանել