HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շրջակա միջավայրի նախարարի խոսքով՝ երաշխիք չկա, որ մյուս տարի Սևանա լիճը չի ծաղկի

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ներկայացրած հիմնավորումների ուղիղ ճանապարհը դատախազությունն է և այլ իրավապահ մարմինները՝ հանցագործությունների մասին հաղորդումների տեսքով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը Սևանում ստեղծված իրավիճակի պատճառների, ինչպես նաև սիգի ապօրինի որսի և վաճառքի մասին: Արթուր Գրիգորյանը նշել էր նաև, որ այս տարվա երրորդ եռամսյակում տեսչական մարմինը նախատեսում էր ստուգումներ անցկացնել «Սևան» ազգային պարկում, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ վարչապետի որոշմամբ՝ ազատվեց պաշտոնից:

Անդրադառնալով սիգի ապօրինի որսի թեմային՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նախարարությունը գրություններով դիմել է պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), և ստացել են ամբողջական տեղեկատվություն սիգի պահածոների ծավալների վերաբերյալ: 

«Եթե որսն արգելված է, ապա վաճառքի հետ կապված պետք է սահմանափակումներ լինեն: ՊԵԿ-ի մեր գործընկերները նշել են, որ իրավական որոշակի խնդիրներ կան, օրինակ՝ «շուկայից ձեռքբերում» ձևակերպում և այլն: Տեսչական մարմինը առաջարկ է արել, որպեսզի որսի հետ մեկտեղ օրեսնդրական փոփոխություններ կատարվի, և վաճառքը նույնպես արգելվի, քանի որ ոչ հստակ ձևակերպումներ էր ստացվում: Մի կողմից որսն արգելված էր, բայց  շատ տնտեսվարողներ սողանցքներ ունեին, որոնք պետք է փակվեն»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամ ուսումնասիրվել է Սոթքում նախկինում առկա պոչամբարների և թափոնակույտերի ծավալները, իրականացվում է եռաչափ մոդելավորում ռեկուլտիվացման աշխատանքներ կատարելու համար:

«Այն, որ Սևանի վիճակը լավ չէր, մինչև ծաղկումն էր պարզ, և դա պարզ էր վերջին տարիների ընթացքում: Կեղտաջրեր, կոյուղաջրեր, անասնապահություն, գյուղատնտեսություն, ցանցավանդակային տնտեսությունից ֆոսֆորի արտանետում և բազմաթիվ այլ աղբյուրներից ամբողջ ծավալով Սևանա լիճը աղտոտվում է: Բացի այդ, կան նաև կլիմայական փոփոխություններ, ջուրը վերջին երկու տարիներին չի սառչում, իսկ դա նշանակում է, որ առնվազն 60 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ գոլորշիացում է եղել: Այսինքն՝ խնդիրները կային և դրանք երևում էին»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նախարար Գրիգորյանն ասում է՝ չի կարող երաշխավորել, որ մյուս տարի Սևանա լիճը չի ծաղկի, սակայն իր ղեկավարած գերատեսչությունը ամեն ինչ կանի, որպեսզի ներկայիս վիճակը չկրկնվի: 

Անդրադառնալով մի շարք բնապահպանների՝ իր հրաժարականը պանաջելու մասին հարցին, շրջակա միջավայրի նախարարն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Լուսանկարը՝ Արման Սուլեյմանյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter