
Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով են հրավիրվելու նաև Արշակ Կարապետյանը և Դավիթ Տոնոյանը
Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, ի թիվս այլ պաշտոնյաների, հրավիրել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ու վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին:
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության գործող նախարարը առաջին փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի: Նա պաշտոնանկ էր արվել ապրիլյան իրադարձություններից հետո:
Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության ասուլիսի ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ աշնանը հանձնաժողովին գերհագեցած օրակարգ է սպասվում:
Մեր հարցին, թե արդյոք հստակ է հանձնաժողով հրավիրվող պաշտոնյաների (նախկին ու ներկա) ցանկը, Քոչարյանը պատասխանեց. «Նախնական ցանկ ունենք, որը հնարավոր է փոփոխությունների ենթարկվի, ցանկը ավելանա»:
Հարցին, թե արդյոք համոզված է, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանից մերժում չի ստանալու, հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Երբ կհրավիրեմ և հանկարծ կստանանք մերժում, կմտածեմ, որ գուցե ինչ-որ բան սխալ եմ տրամաբանել, բայց համոզված եմ, որ որևէ մեկը չի մերժելու: Ես լավ չեմ պատկերացնում մերժման հիմքերը, որովհետև «մերժում» նշանակում է չտալ այն հարցերի պատասխանները, որ ոչ թե մեր հանձնաժողովին է հուզում, այլ ամբողջ հասարակությանը և՛ Արցախում, և՛ Հայաստանում»:
Հետաքրքրվեցինք՝ հանձնաժողով կանչելո՞ւ են նաև վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին, Քոչարյանն արձագանքեց՝ անպայման: Քոչարյանը վստահեցրեց՝ որևէ կաշկանդվածություն չունեն որևէ պաշտոնյայի հանձնաժողով հրավիրելու համար:
Պարզվեց՝ հանձնաժողովը հարցեր ունի նա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ավելին՝ այժմ էլ աշխատում են թե՛ նախարարի, թե՛ ԶՈՒ ԳՇ պետի հետ: «Մի կասկածեք, ես չեմ կարող հրապարակել հրավիրյալների հաստատված կազմը, բայց կարող եմ ասել, որ ավարտի վերջում կտեսնեք՝ որևէ մեկին բաց չենք թողել»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի առաջնային խնդիրն է՝ տալ այն հարցի պատասխանը, թե ինչ է եղել 2016 թվականի ապրիլին:
Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով պաշտպանության նախարարությունն ունի՞ որևէ դրվագներ թաքցնելու պատճառներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանական գերատեսչությունում կադրային փոփոխությունները շատ չեն եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ցանկացած գերատեսչություն տարբեր հարթություններում ինչ-որ բան ունի թաքցնելու, բայց մեր խնդիրը ոչ թե թաքցրած վառելիքը գտնելն է, այլ հասկանալ, թե ինչ է եղել 2016-ի ապրիլին»:
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով: Հանձնաժողովը ստեղծվել է վարչապետ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով, երբ Փաշինյանը, խոսելով դատաիրավական համակարգի խնդիրների մասին, ասաց, որ իր կարծիքով՝ ժամանակն է, որ խորհրդարանը ստեղծի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ապրիլյան պատերազմի հանգամանքները:
Քննիչ հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը որոշում էր կայացրել հրավիրել նաև ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին, քանի որ «զոհված զինվորները վերջիններիս հետ հեռախոսով խոսել են և գուցե օգտակար տեղեկություններ փոխանցեն»:
Հանձնաժողովի նիստերն անցնում են դռնփակ:
Մեկնաբանել