HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հետք»-ն ընդդեմ ՊԵԿ-ի գործով դատարանում ուսումնասիրվեցին ՀԴՄ-ների գնման Կառավարության գաղտնի որոշումները

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ ՊԵԿ-ի գործով այսօր դատարանում ուսումնասիրվեցին ՀԴՄ սարքերի գնման գործընթաց ապահովվող Կառավարության գաղտնի որոշումները։

ՊԵԿ ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանի միջնորդությամբ՝ այդ որոշումները ուսումնասիրվեցին դռնփակ։ Օգոստոսի 6-ին կհրապարակվի այս գործով վճիռը, որի եզրափակիչ մասը՝ դռնբաց նիստով:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը նախորդ դատական նիստին հայտնել էր, որ եթե Պետական եկամուտների կոմիտեն շարունակի պնդել, որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացը և պայմանագրերի կնքումը եղել են Կառավարության գաղտնի որոշմամբ, ապա պետք է դատարան ներկայացնի Կառավարության այդ որոշումը՝ հիմնավորելով իր այդ պատճառաբանությունը:

Դատավորն առաջարկել էր փակել Կառավարության այդ որոշման գաղտնի համարվող տեղեկատվությունը, բաց թողնել միայն այն հատվածը, որում նշված է, որ ՀԴՄ սարքերի ձեռքբերման և մրցույթի անցկացման գործընթացը պետք է կազմակերպվի գաղտնի ընթացակարգով, և դրա մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման: Սակայն ՊԵԿ-ը դատարան ներկայացրած որոշումներում չէր փակել գաղտնի համարվող որևէ տեղեկատվություն և ամբողջը փակ ծրարով ներկայացրել էր դատարան։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:

ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։

Դատարան դիմելուց մեկ օր անց՝ ապրիլի 16-ին, Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր ուղարկել խմբագրություն, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը, դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Կոմիտեն նաև հավելել էր, որ ուսումնասիրության շրջանակներում հնարավոր չի եղել պարզել նշված գործընթացի՝ գաղտնի համարվելու հիմքերը և խոստացել դրանք գաղտնազերծել, քանի որ Կառավարության որոշումների շրջանակում ՀԴՄ սարքերի գնման գործընթացն այլևս ավարտվել է, և դրանց գնման գործընթացի կազմակերպման պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դարձել է աննպատակահարմար:

Հենց այս հիմնավորումների շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով մերժել հայցադիմումը: Վերջինս դատարանին հայտնել է, որ վերոնշյալ պարզաբանման առկայության պայմաններում, առարկայազուրկ է դառնում լրատվամիջոցի դատարան ներկայացրած պահանջը, քանի որ արդեն իսկ ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter