
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կհանդիպի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00–ին կհանդիպեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս մասին այսօր ԲԴԽ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
«Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն և խնդրել ենք հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,–ասաց Բեքմեզյանը:
Բեքմեզյանը հավաստիացրեց, որ դատավորի աշխատասենյանում խուզարկություն կատարած ՀՔԾ–ն ԲԴԽ-ին մեկ օր առաջ ծանուցել է քննչական գործողություն կատարելու մասին:
Հարցին, արդյոք Բեքմեզյանը կապ տեսնու՞մ է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և Քոչարյանի գործի միջև, Բեքմեզյանը պատասխանեց, թե իրենք դեռևս որևէ գործի հետ կապ չեն տեսնում:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները խուզարկել են դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դավիթ Գրիգորյանի պաշտպանի խոսքով՝ քննչական գործողության ընթացքում առգրավվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված փաստաթղթեր ու կրիչներ:
Դավիթ Գրիգորյանը 2019 թ. մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ որոշել է նրան ազատել կալանքից:
Մեկնաբանել