Դատարանը վերադարձրել է «Ռիվալ» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Արմօյլ»-ի և պետական մի շարք գերատեսչությունների
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի դիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի, Շրջակա միջավայրի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի:
«Ռիվալ ՍՊԸ»-ն և Ռաֆիկ Վիրաբյանը այս տարվա հուլիսի 1-ին ներկայացրած հայցադիմումով դատարանից պահանջել էին արգելել վնաս պատճառող գործունեությունը: Խոսքը Եղվարդի Նատի թաղամասում «Արմօյլ» ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է:
Դատարանը «Ռիվալ» ՍՊԸ-ի և Ռաֆիկ Վիրաբյանի դիմումը հետ է վերադարձրել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Վիրաբյանը լարված հարաբերություններ ունի «Արմօյլ» ընկերության հետ: Ըստ նրա՝ կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի գործարկման դեպքում անդառնալի վնաս կհասցվի շրջակա միջավայրին, իր պտղատու այգիներին, և չրերի արտադրությունը անհնար կդառնա: Նավթամթերքի գործարանի շինարարական աշխատանքները սկսելու ժամանակներից մինչև օրս Ռաֆիկ Վիրաբյանը տասնյակ նամակներ է գրել տարբեր գերատեսչություններ՝ այդ թվում վարչապետի և նախագահի աշխատակազմեր, գլխավոր դատախազություն, նախարարություններ, տեսչական մարմիններ, սակայն դրանցից և ոչ մեկից իրեն բավարարող պատասխան չի ստացել:
Մեկնաբանել