
Ռոբերտ Քոչարյան. «Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, և ոտնահարվում են լկտի ձևով»
Երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ իր տանն արված խուզարկության ժամանակ հայտնաբերված բոլոր զենքերն օրինական են, և որևէ առնչություն չունեն «Մարտի 1-ի գործի» հետ։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքի քննությունը։
Դատախազության ներկայացուցիչ, դատախազ Պետրոս Պետրոսյանը ուշադրություն էր հրավիրել մեղադրյալ Քոչարյանի տանն արված խուզարկությանն ու հայտնաբերված զենքերին, որոնք դատախազի պնդմամբ, խիստ սահմանափակ շրջանառություն ունեն։
Անդրադառնալով այդ դիտարկմանը՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ասաց.
«Այդ զենքերը բոլորը ստուգված զենքեր են, այդ բոլոր զենքերի պարկուճներն ամբողջությամբ ոստիկանությունում են, և չկա որևէ մեկ տեսակի զենք, որը օգտագործված է մարտի 1-ի ժամանակ»։
Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը, գտել է, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Քոչարյանի իրավունքները: Դատախազությունը, սակայն, բողոքարկել է այդ որոշումը:
Քոչարյանի խոսքով՝ ատրճանակները նվիրատվություն են տարբեր երկրների ղեկավարությունների, պաշտոնյաների կողմից և որևէ առնչություն չունեն այս քրեական գործի հետ։
«Ինձ թվում էր, թե դատախազությունը բացի մեղադրելուց նաև պետք է օրինականությանը հետևի և իրավունքները պաշտպանի, բայց պարզվեց, որ մեկ ֆունկցիայի մասին մոռացել է»,- պնդեց նախկին նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ պաշտպանական կողմը բազմիցս քննիչին ահազանգել է իրավախախտումների մասին, բայց որևէ արձագանք չի եղել։
«Իմ գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում են և՛ իմ գույքի և՛ միջոցների օրինականության մասին։ Իմ տպավորությունն է, որ սա մի պրակտիկա է, որը, ենթադրում եմ, Հայաստանում գոյություն ունի։ Այնքան սովորական է այս ամենը արվում, որ ուղղակի շշմում էի, թե ոնց է կարելի օրենք խախտել և այսպիսի սովորական ձևով արձագանքել։ Ասում եմ՝ լավ, ես պետք է կոմունալ ծախսեր անեմ, փաստաբանական ծախսեր անեմ, ինչի՞ եք այնպես անում, որ ունենալով հնարավորություն՝ ես օգտվեմ իմ հարազատների աջակցությունից, իմ համար այսպես ասեմ՝ պատիվ չէ»,- ասաց Քոչարյանը՝ դատախազության բողոքը բնորոշելով որպես «պաշտպանվելու հնարավորությունից զրկող» եղանակ։
Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ «Մարտի 1-ի» դատավարության սկզբից մինչ այժմ իր իրավունքները ոտնահարվում են։
«Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, և ոտնահարվում են լկտի ձևով։ Ես իրավունք ունեմ բարձրաձայնել այդ մասին»,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ ստացել է դատարանի ուղարկած մեկ վերաքննիչ բողոք, երկրորդը չի ստացել։
«Ավելորդ եմ համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը գործը քննում է վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններում, բայց լսեցի որոշակի հիմնավորումներ, որոնք այդ վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս են։ Մենք լսեցինք դատական ակտի ընդհանրապես պատճառաբանված չլինելու վերաբերյալ պնդումներ, որը այլ հիմք է բողոք ներկայացնելու համար։ Որոշակի մտքեր արտահայտվեցին իրավունքի խախտումն արձանագրելու, սակայն չվերացնելու իրավական ընթացակարգերի իրավաչափության վերաբերյալ, որը վերաքննիչ բողոքում տեղ չի գտել։ Հատկանշական է վերաքննիչ բողոքում ներկայացված վերջին արտահայտություններից մեկը, որը լույս է սփռում այս գործին դատախազության մոտեցման վրա։ Դատարանը, արձանագրելով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, ինքն իրեն զրկել է դիմողի բողոքն ամբողջությամբ մերժելու մասին որոշում կայացնելու հնարավորությունից։ Այսինքն՝ տպավորություն կարող է ստեղծվել, որ դատարանն ի սկզբանե պետք է ունենա կանխատրամադրվածություն դիմողի բողոքը մերժելու, և իր բոլոր գործողությունները պետք է համաձայնեցնի, որպեսզի արդյունքում գա նման որոշման։ Նման վարքագիծ մենք դատախազության գործողություններում նկատել ենք, առաջին ատյանի գործողություններում չենք նկատել, և շատ դրական է, որ չենք նկատել»,- ասաց նա։
Պաշտպանի պնդմամբ՝ ի սկզբանե նպատակ է եղել իրավունքի անհամաչափ սահմանափակում իրականացնել Ռոբերտ Քոչարյանի սեփականության իրավունքի նկատմամբ, և հետագա բոլոր գործողությունները պայմանավորել այդ խախտումը հիմնավորելու համար։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ 16:30-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել