
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ հատուցում տրամադրել 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկությունը՝ 1000 դրամների օրենքի շրջանակում հատուցում տրամադրել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողներին:
Նման որոշում ընդունեց կառավարությունն այսօրվա նիստում. որոշումը չզեկուցվող էր:
Նախագծի համահեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն է: Հիշեցնենք, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ:
«Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի եւ հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից»:
Նման հիմնավորում է ներկայացրել «Լուսավոր Հայաստանը»:
Պաշտպանության նախարարությունն իր եզրակացության մեջ գրել է, որ առաջարկով դրամաշնորհների վճարի և տրամադրվող հատուցումների չափերը որոշելու համար կատարված հաշվարկներում հաշվի են առնվել միայն գործող օրենքով սահմանված դեպքերը, «ինչը նշանակում է, որ դրամաշնորհային վճարի սահմանված չափն այսօր կարող է սպասարկել միայն տվյալ հատուցման դեպքերը»:
ՊՆ-ի մերժման մեջ նշվում է, որ գործող օրենքով սահմանված հատուցման չափերը որոշելու համար հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, օրինակ՝ տվյալ կարգի համար հաշմանդամություն ունեցող զինծառայողին տրամադրվող թոշակի, պայմանագրային զինծառայողներին տրամադրվող աշխատավարձի չափերը, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը, ուստի առանց համապատասխան հաշվարկների հատուցման գումարի չափ սահմանելն ընդունելի չէ:
ԼՀԿ-ն առաջարկում էր պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության, կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում սահմանել 35 միլիոն դրամ, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25 միլիոն դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15 միլիոն դրամ հատուցում։
ՊՆ-ի եզրակացության մեջ նշվում է, որ հիմնադրամի կողմից հավաքագրվող միջոցները գերազանցում են արդեն իսկ կատարված հատկացումների չափը, ինչը տրամաբանական է, քանի որ հիմնադրամը մշտապես գործող կառույց է և արդեն իսկ կուտակել է մեծածավալ պարտականություններ՝ առաջիկա քսան տարիների համար: «Անհրաժեշտ է ընդգծել նաև այն փաստը, որ ներկայումս հավաքագրված միջոցները հիմնադրամի «ազատ» միջոցները չեն, այլ հիմնադրամի «ապագա խոստումն» արդեն իսկ ստանձնած պարտավորությունների համար: Հավաքագրված միջոցների մոտ 75 տոկոսը հիմնադրամի պարտավորությունն է տրամադրվող հատուցման դեպքերի մասով: Ապահովագրական ընկերության մոդելով գործող ցանկացած կազմակերպության միջոցները մշտապես գերազանցում են առկա պարտավորությունները, քանի որ առկա են մի շարք ռիսկեր, որոնք վրա հասնելու դեպքում կառույցը պետք է ունակ լինի ապահովել իր գործունեության շարունակականնությունը: Հնարավոր ռիսկերը մեծածավալ են նաև հիմնադրամի դեպքում և հաշվի են առնվել ինչպես հիմնադրամի ստեղծման փուլում, այնպես էլ գործունեության ընթացքում մշտապես կատարվող հաշվարկներում: Դրանք կարող են լինել ինդեքսավորման, աշխատաշուկայում հնարավեր ցնցումների, շփման գծում լարվածության ուժգնացման կամ լայնածավալ գործողությունների ռիսկեր»,-ասված է հիմնավորման մեջ:
ՊՆ-ի համար մերժման հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ անձանց առողջական վիճակի այն աստիճանը, որի հիման վրա տրվում է հաշմանդամության 3-րդ խումբ, շատ հաճախ փոփոխական է և վերափորձաքննության արդյունքներով հավանականությունը մեծ է, որ անձը հետագա բուժումների իրականացման հիման վրա չի ճանաչվի հաշմանդամություն ունեցող:
«Այս առումով՝ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց օրենքով սահմանված շահառուների ցանկում ընդգրկելը կարող է արդյունքում հանգեցնել հատուցման նշանակման և դադարեցման անընդհատ գործընթացի, ինչը բարդացնելու է հիմնադրամի գործունեությունը»,-ասված է եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ սա արդեն այս օրենքի շրջանակում պատգամավոր Գևորգ Գորգիսյանի երկրորդ մերժված օրենսդրական նախաձեռնությունն է: Գորգիսյանն առաջարկել էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասը, ինչը ևս կառավարությունը մերժել էր:
Նախագծին բացասական եզրակացություն ստանալու լուրն իմանալուց հետո Գորգիսյանը հանդիպել էր պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ, ում խոսքով՝ պաշտպանության նախարարության մոտեցումն այն է՝ քանի դեռ 90-ականներից սկսած մարտական գործողություններից բոլոր տուժածները չեն դարձել հիմնադրամի շահառու և չեն ստանում տարբեր տեսակի դրամական օգնություն՝ այլ խմբի մարդկանց չեն ներառելու։
Ի դեպ, չնայած «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել էր նախագիծ, որ պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը կառավարության նիստում չզեկուցվող ընթացակարգով չներկայացվեն, սակայն այսօր ևս խմբակցության ներկայացրած նախագիծն այս ընթացակարգով մերժվեց:
Մեկնաբանել