HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Բացված սիրտն ու Բաց հարաբերությունները

էսսե՝ անկեղծության, բաց ու փակ սիրո մասին

«Էն մարդն, ով ջրից ա վախենում, ուրեմն իրանից ա վախենում»,- ասաց տաքսիստը հետո փորձեց ինքն իրեն ուղղել «այսինքն դու քեզ չես վստահում, դրա համար ջրին էլ չես կարում վստահես, հըմ, արդեն շարժվե՞նք տեղից»,- սա ասելով` տաքսիստը նայեց վրաս ու, համապատասխան դրական գլխի տմբտմբոցը ստանալով` շարժվեց գաջի գործարանի մոտ գտնվող «աղի գյոլ»-ից: Տաքսիստը հա նայում էր դեմքիս, մինչև ռիսկ արեց մի անգամ էլ խոսել. «Բալես, ես չեմ սիրում խառնվել մյուսների գործերի մեջ, բայց դեմքիցդ զգացվեց, որ ստեղ էկել էիր ինչ-որ կարևոր բան անելու, եթե ջուրը աղի չլներ կմտածեի գալիս ես քեզ խեղդես, բայց դե ձև չունես՝ ստե աղի ա: Ինչ-որ բա՞ն էիր փորձում ջոկես»:

Ժպտալով նայեցի դեմքին ու գլուխս դրական շարժեցի, ձայնս համարյա չէր լսվում, բայց մի կերպ՝ մի ամիս գործածվող ատամի մածուկի պես, բառերն ինձնից դուրս ճզմեցի «վստահել եմ սովորում»: Էդքանը կարողացա ասել ու գլուխս հետ կախեցի` էլի մխրճվելով անցած շաբաթվա պատմության մեջ, որը երևի էնքան պտտվի ուղեղիս մեջ, մինչև տարրալուծվի ու մարսվի` անցումի տակի կատվամսից պատրաստված լահմաջոների պես:

ՆՐԱ ձայնն էր գլխումս պտտվում՝ «մենք ընդամենը պաչվել ենք, զուտ մարմնական էր, տակն ուրիշ բան չկար»:

Այդ պահին բան չեղավ, սպիտակ գինին հանգիստ գնաց ու հոսեց կոկորդովս, իջավ ներքև՝ թեթև վառելով... գինին խիտ համ ուներ, երևի դրանից էր վառվում... բայց մենակ րոպեներ անց հասկացա, որ գինին չէր՝ խանդն էր:

Վերջապես ինձ այդքան անծանոթ զգացողությունը եկավ նաև իմ ներս, իմ մարմին ու իմ կոկորդ՝ առաջացնելով գոռգռալու ու տարբեր մեղադրանքներ շպրտելու ցանկություններ: Խանդը` ճկուն ու դանդաղ, մտավ կոկորդիս մեջ ու հենա-հենա պոռթկում էր դուրս, բայց գիտակցումը, որ ինքս եմ պահանջել անկեղծություն ամեն ինչում գալիս ու փակում է բերանս` դրան նաև ավելացնելով այն փաստը, որ չեմ կարող զայրանալ մի բանի վրա, որն իմ հետ էլ է պատահել:

«Հին ընկերներիցս է, շատ խմած էինք դրանից եղավ»,- շարունակում էր ՆԱ` փորձելով մաքսիմալ այնպես բացել իրադրությունը, որ վնասազերծի այն, վնասազերծի ինձ, իրեն ու էն աղջկան, որը գիշերել էր իր վրանում,- «թե չէ իրա հանդեպ իմ մոտ ոչինչ չկա, պահն էր այդպես ստեղծվել»:

Գինին գնաց, հասավ տեղ, իսկ խանդը, ԽԱՆԴԸ, ԷԳՈՅԻ հետ թև թևի մտած, դեռ պտտվում էր՝ ժայթքելու տեղեր փնտրելով ու պահանջելով մարդկային զոհաբերություններ …

Զոհե՞ր: Հա, զոհեր...միգուցե սկսենք էդ աղջկանից: Լաաավ, ի՞նչ անենք, պատերով տանք: Ցիանիդով պատված թունավոր շուրթերով պաչենք, որ ընդմիշտ հանգչի ու հեռանա կամ նվիրենք նրան մի վրան, որպեսզի այնտեղ քնի ու ուրիշների մոտ գիշերելու կարիք չունենա՞։ Այլ զոհեր փնտրենք, հըմմ, ո՞ւմ, ՆՐԱՆ հաաա, ՆՐԱՆ մի բան անենք, բայց չէ, ՆՐԱՆ մենք սիրում ենք….հըմ, ԷԳՈ ի՞նչ կասես, իսկ դո՞ւ, ԽԱՆԴ:

Իսկ միգուցե զոհասեղանի՞ն դնենք այն մեկին, ով հենց հորինել է անկեղծության կոնցեպտը հարաբերություններում:

Եթե մեկը, գոնե մեկնումեկը զգուշացներ, որ անկեղծությունը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ ու կստիպի բախվել սեփական խորն ու արմատացած վախերի հետ ու ներարկված անինքնավստահության, կգնայի՞ք դեպի անկեղծություն։

Իհարկե, դա մեծ տառերով գրվում է բոլոր հարաբերությունների վերացական պայմանագրերում՝ ԼԻՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ, բայց փոքր ու գրեթե աննկատ տառերով տակն ավելացվում է. եթե պատրաստ ենք իմանալ այն, ինչի պատրաստ չենք: Փաստացի ու անվանական տոկոսադրույքի պես գովազդի վրա ենք վազում, որը խոստանում է ներսի թեթևություն ու գրավիչ բաներ, բայց արդյունքում` ավել տոկոսներ մուծում, բողոքելով, որ լավ չէինք ծանոթացել պայմանագրին:

Անկեղծանալն ավելի հեշտ է հնչում, քան արվում, ու չգիտես` ինչու ոչ մեկս չենք սպասում, որ դիմացինն էլ հետ կանկեղծանա ու մեր՝ նոր ձեռք բերած թեթևությունը կծանրացնի իր ասածով: Դրան դիմանալու համար երևի պետք է տոննայով «Վալիդոլ» ու մետաղյա ինքնավստահություն: Բայց ինչպե՞ս լինել ինքնավստահ, երբ հասարակությունն ամեն ինչ անում է ռետուշացված վախերով քեզ պարուրելու համար։ Ոնց վստահել առհասարակ, եթե անգամ երկրիդ չես կարողանում վստահել, որն էլ իր հերթին չի կարողանում կողմնորոշվել ԱՄՆ-ին վստահել, թե Ռուսաստանին: Ոնց ...երկրի պես մեծ կոնստրուկտը կասկածում է, իսկ դու չպետք է դա անես: Ո՞նց էդքանից հետո ուրեմն վստահես սիրածդ մարդու քիփլիկ, փոքր վրանում քնած  «Հին ընկեր» պիտակով պաշտպանվող աղջկան, ով մեկումեջ ֆլյուիդներ է արձակում ու կոտրում ընկերական վետոն իր մեկ-մեկ զարթնող սեռական ցանկությամբ ու հավատով, որ այն պետք է ազատորեն ու միշտ ու բոլոր տեղերում բավարարվի։

Իսկ միգուցե վարվես պետության պե՞ս։ Սահմաններ դնես ու Սահմանադրությամբ պաշտպանվող օրենքներ ստեղծես ….Սկզբից փակես ու մշակես, իսկ հետո բացես հարաբերություններդ: Էսպես գոնե օֆիցիալ կասես, որ դուք երկուսով բաց եք, ու ով կուզի թող գա ու մտնի ՔՈ ու ՆՐԱ միջև: Հա ինչ, թող գան ու վերցնեն, տանեն որ հատվածը որ ուզում են՝ որովայն, ձեռքեր, հետույք, առնանդամ, աչքեր ...թող ամեն ինչ հանգիստ տանեն բացի ՍՐՏԻՑ, որովհետև ՍԻՐՏԸ  քոնն է: Քոնն է, որովհետև դու ունես լեգիտիմ ու էքսկլյուզիվ իրավունք բաժանելու, նվիրելու մնացածին իրենց տենչած հատվածները: Եթե այդպես կարող ես անել, ուրեմն դու տիրացել ես հենց ՆՐԱ սրտին, բայց ուրեմն դա էլ քո հատվածն է, իսկ մնացածը` չէ:

Կիսախախտված դինամիկից երևանյան փողոցի աղմկի հետ համատեղվելով` մի կերպ հնչում է Բիլլի Հոլիդեյի ձայնը, որը երգում է «վերցրու ինձ ամբողջությամբ, ինչու չվերցնել ինձ ամբողջությամբ»: Հա էլի, ինչի մենակ սիրտը, բա մնացածը, մնացածն էլ ա կարևոր, ամեն ինչն է կարևոր, ու ամեն ինչ կորցնելուց առաջանում են նաև սիրտը կորցնելու վտանգը, վախն ու կասկածը:

Տաքստիստն ընդհատեց մտքերիս՝ իրար վրա թափվող ու իրար հերթ չտվող հոսքը: Արդեն հասել էր տանս դռան մոտ: Ես դուռը բացեցի, որ դուրս գամ, բայց ինքը ժեստով ինձ կանգնեցրեց, որ ասի.

«Լսի, Աստված էր, թե ով, հիմա չեմ հիշի, ասում էր, որ հավատալ մարդկանց պարտավոր ես, բայց այ վստահելը, ինքդ որոշի: Հա, էդ ինչ էի ուզում ասեի, էս համարս ա, եթե էլի ուզենաս  էդտեղ գնաս, զանգի, կտանեմ ու հա, փող, բան պետք չի, դու վախերիցդ կազատվես, ես էլ գոնե առիթ կունենամ մի քիչ հանգստանալու, թե չէ մենակով ես էլ ոչ մի բան չեմ անում»:

Տես նաև՝  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter