
Պաշտպանի խոսքով՝ իրավապահները Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում «միլիոնավոր դոլարներ» չեն հայտնաբերել, եղել է առօրյա գումար
Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում իրականացված խուզարկության արդյունքում, նրա պաշտպան Երեմ Սարգսյանի գնահատմամբ, չեն հայտնաբերվել այնպիսի առարկաներ, որոնք գործի համար կարող են էական նշանակություն ունենալ կամ անօրինական են: Այս մասին ԱԱԾ-ի շենքի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում: Քննչական գործողությունների ավարտից հետո Խաչատրյանը ձերբակալվել է: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին պարզաբանել է, որ քրեական գործը վերաբերում է առանձնապես խոշոր չափերի վատնմանն ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը: Խոսքն, ըստ Արթուր Վանեցյանի, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրավապահները խուզարկությունների արդյունքում «միլիոնավոր դոլարներ» չեն հայտնաբերել, եղել է առօրյա գումար, փնտրել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, սակայն այդպիսիք չեն հայտնաբերվել, առգրավվել են օրինական զենքեր: Թե որքան է կազմել Խաչատրյանների առօրյա գումարը, պաշտպանը չասաց` նշելով, որ չի կարող հայտնել նմանատիպ անձնական տվյալներ:
Ըստ պաշտպանի` թեև կազմվել է բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրություն` Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու գործողություն, իր գնահատմամբ, չի կատարվել, քանի որ նա առավոտվանից ազատության մեջ է եղել, մասնակցել է քննչական գործողություններին և իր կամքով է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:
Որպես կասկածյալ ձերբակալվելուց հետո Խաչատրյանը, պաշտպանի խոսքով, հարցաքննվել է, սակայն հարցաքննությունը չի ավարտվել, իրենք խնդրել են այն ընդմիջել ու շարունակել առաջիկայում:
Սարգսյանը պատրաստվում է բողոքարկել Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը, քանի որ այն համարում է ոչ իրավաչափ:
Ըստ փաստաբանի` ձերբակալումը կատարվում է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո` փախուստը կանխելու նպատակով, մինչդեռ Գագիկ Խաչատրյանին վերագրվում է նրա ՊԵԿ նախագահ եղած ժամանակ ՝ 2010, 2015, 2016 թվականներին, այդ կառույցում եղած ենթադրյալ անօրինական գործողություններին առնչվող կասկածանք:
Պաշտպանը նշեց, որ, ըստ ԱԱԾ քննիչի` ազատության մեջ մնալու դեպքում Խաչատրյանը կարող է փախուստի դիմել, մինչդեռ այս փուլում ձերբակալությունը չի կարող իրականացվել այդ նպատակով:
Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականին վարույթն իրականացնող մարմնի կանչով, կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը, և իմանալով, որ իր վերաբերյալ քրեական գործ է քննվում, եկել է Հայաստան:
«Եթե անձն ունենար փախուստի նպատակ, չէր ներկայանա»,- ասաց Երեմ Սարգսյանը: Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Հայաստան վերադառնալուց հետո Խաչատրյանը երկիրը լքելու հնարավորություն չի ունեցել, քանի որ ՀՔԾ-ում նրա վերաբերյալ քննվող մեկ այլ գործի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «չհեռանալու մասին ստորագրությունը», Սարգսյանը պատասխանեց, թե անձը կարող է նաև Հայաստանի սահմաններում թաքնվել, եթե այդպիսի նպատակ ունենա:
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին ձերբակալված է նաև Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով, հիշեցնենք, նույնպես եղել է ՊԵԿ պաշտոնյա: Այսօր խուզարկվել է նաև Կարեն Խաչատրյանի բնակարանը:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է Գագիկ Խաչատրյանը Փարիզում` Էյֆելյան աշտարակի մոտ, առանձնատուն գնել, Երեմ Սարգսյանը պատասխանեց, թե լրագրողն իրեն հարց է տալիս հարց տալու համար` խոստանալով պարզաբանումներ տալ այս ամենի մասին այն ժամանակ, երբ տեղեկություն կունենա:
«Չկա որևէ փաստական տվյալ, որ Գագիկ Խաչատրյանի որդիների ընկերությունների միջոցով իրականացվել են չարաշահումներ»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ՀՔԾ-ում յուրացման հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Այս գործով, նշենք, մեղադրյալ է նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: ՀՔԾ-ն հաստատել է նաև, որ քրեական գործի շրջանակներում 800 մլն դրամի վերականգնում է իրականացվել:
Երեմ Սարգսյանը հաստատեց քրեական գործի շրջանակներում վերականգնում իրականացնելու հանգամանքը, իսկ թե ում կողմից է իրականացվել այդ վերականգնումն, առաջարկեց ճշտել ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ «Հետքն» ավելի վաղ գրել էր այս քրեական գործի մասին: ՀՔԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Նախաքննության ընթացքում, մեր աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխհատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ:
Հարցին` քաղաքական ենթատեքստ կա՞ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքում, Սարգսյանը նշեց, որ այս պահին ինքը նման ենթատեքստ չի տեսնում:
Ըստ պաշտպանի` Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրները, որոնց համար բուժում էր ստանում, բավականին լուրջ են: 2015 թվականից սկսած` Գերմանիայում առնվազն 4 վիրահատություն է տարել և հետագա բուժումը չշարունակելը կարող է հաշմանդամության հանգեցնել։
Մեկնաբանել