HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արագած-1» և «Գեղարոտ» փհէկ-երի ջրօգտագործման պայմանների խախտումներ են հայտնաբերվել. կասեցվել են ջրօգտագործման թույլտվությունները

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամաններով կասեցվել է «Վակուֆլօ» ՍՊԸ-ի 2012թ. հոկտեմբերի 12-ի «Արագած-1» և 2017թ. մարտի 2-ին «Գեղարոտ» փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով «Էլ-Կաս» ՍՊԸ-ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները:

Նախարարի հրամանի համաձայն՝ նշված փհէկ-երը ջուրն օգտագործում են թույլտվության պայմանների խախտմամբ: Մասնավորապես՝ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից հետո տեղի է ունենում ջրային ռեսուրսի որակական փոփոխություն, մինչդեռ ջրօգտագործման թույլտվության պայմաններում ամրագրված է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից ջրի որակական փոփոխություն տեղի չի ունենում:

Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ասում է, որ ընկերություններին ծանուցվել է, որ 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնեն խախտումը, ինչը ընկերությունները չեն կատարել:

«Վակուֆլօ» և «Էլ-Կաս» ՍՊԸ-ները օգոստոսի 26-ին, ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության, դիմել են վարչական դատարան: Ընկերությունները պահանջում են անվավեր ճանաչել վերը նշված հիդրոէլեկտրոկայանի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները կասեցնելու մասին նախարարի հրամանները:

Հիշեցնենք, որ «Էլ-կաս» և «Վակուֆլօ» ՍՊԸ-ներն ընդդեմ բնապահպանության նախարարի (այժմ՝ շրջակա միջավայրի նախարար), Արագածոտնի մարզպետի և Ապարանի համայնքապետի ավելի վաղ հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան: Ընկերությունները նշված պաշտոնյաներից պահանջում են ձեռնպահ մնալ «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հէկերի գործունեությունը կամ շահագործումը դադարեցնելուն ուղղված գործողություններ կատարելուց:

Բացի այդ, «Էլ-կաս» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի դեմ: Ընկերությունը պահանջում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 15 մլն 371 հազար 282 դրամ` որպես պատճառված վնաս:

Նշենք, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և կանգնեցնում են հէկերի շահագործումը: Նմանատիպ դեպք եղավ նաև վերջերս: Այդ փաստով դեռևս մարտ ամսին հայտարարություն էր տարածել վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան:

«2018թ. նոյեմբեր ամսին մարզպետ Դ. Գևորգյանը և Ապարան համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանն Արագած գյուղի մի խումբ բնակիչների հետ միասին, չունենալով նման լիազորություններ, կանգնեցրել են Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հէկերի շահագործումը, ինչի մասին պարոն Դ. Գևորգյանը 2018թ. նոյեմբերի 23-ին իր ֆեյսբուքյան էջում և մարզպետարանի կայքում տեղադրել է համապատասխան գրառումներ և լուսանկարներ: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Արագած գյուղի մի խումբ բնակիչներ անհիմն կասկած են հայտնել, իբր փոքր հէկերի աշխատանքի արդյունքում աղտոտվում են Գեղարոտ գետի ջրերը: Այս կասկածներին մեծապես նպաստել է այն, որ նախկինում, մինչև 1988թ. ավերիչ երկրաշարժը, գետում եղել են տարբեր ձկնատեսակներ։ Սակայն երկրաշարժից հետո  երկրաբանական կատակլիզմների հետևանքով տեղի ունեցած ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխության պատճառով վերջիններս իսպառ վերացել են»,- նշված էր հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Զոհրաբ Հովհաննիսյան
Հարգելի Էրիկ Գրիգորյան ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք Կասեցնել ՀՀ- ում գործող ԲՈԼՈՐ փոքր ՀԵԿ-երի գործունեության լիցեզիա-թույլտվությունները, սրանց գործունեության պատճառով Հայաստանի գյուղերին ու քաղաքներին խմելու և ոռոգման ջրամատակարարման սակավություն է ստեղծվել: Նախապես շնորհակալություն ձերա հասկացողության և ձեզանից ակնկալվող համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter