HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Եվրոպայի լուսանցքում 

Ժամանակակից արվեստի ինստիտուտում կազմակերպված «Ես եվրոպացի եմ։ Ո՞ւր է Եվրոպան» բանավեճին (I am a European! Where is Europe? - մայիսի 19, 2019) հրավիրող հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Հայաստանցիներից շատերն են պատմում, որ երբ արտերկրում իրենց հարցնում են, թե որ երկրից են, տրված պատասխանը հաճախ առաջ է բերում թյուրըմբռնում։ Հարցնողներից շատերը «Արմենիան» հաճախ շփոթում են Ալբանիայի կամ Ռումինիայի հետ։ Լրացուցիչ հստակեցումը հարցնողից պահանջում է աշխարհագրական որոշակի գիտելիքներ, որոնք միշտ չէ, որ անհրաժեշտ մակարդակի վրա են»։

Այս տողերն ինձ հիշեցրին Վիրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» վեպը, վեպի մի հատվածը, որտեղ գլխավոր հերոսը՝ Կլարիսան բազմոցին պառկած, աչքերը հառած ամուսնու նվիրած վարդերին սուզվել է մտորումների մեջ։ Նրա «գիտակցության հոսքի» մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվում են պատառիկներ ամուսնու բացատրություններից, որ վերաբերում են հայերին։ Նրա ամուսինը՝ Ռիչարդ Դելոուեյը, Համայնքների պալատի (House of Commons) անդամ է և գնացել է մասնակցելու ինչ-որ կոմիտեի աշխատանքին։ Բերելով բարձ ու ծածկոց և հիշեցնելով Կլարիսային բժշկի հանձնարարությունը մեկ ժամ կատարելապես հանգիստ պառկելու մասին՝ նա հեռացել է․ ««Ինչ- որ կոմիտե՞», - հարցրեց նա, երբ ամուսինը բացեց դուռը։ «Հայեր» ,- ասաց ամուսինը, իսկ գուցե ասաց «ալբանացիներ» (‘Armenians,’ he said; or perhaps it was ‘Albanians’) … Նա արդեն կեսճանապարհին էր դեպի Համայնքների պալատը, դեպի իր հայերը, դեպի իր ալբանացիները, տեղավորելով նրան բազմոցի վրա՝ հայացքը վարդերին։ Մարդիկ կասեն՝ Կլարիսա Դելոուեյը երես առած է։ Նրան ավելի դուր են գալիս իր վարդերը, քան հայերը։ Հալածված, հետապնդված, բզկտված, դաժանության և անարդարության զոհեր (Ռիչարդն ասում էր դա նորից ու նորից)։ Ո՜չ, բացարձակապես նրա վեջը չէին ալբանացիները, թե՞ հայեր էին - բայց նա սիրում էր իր վարդերը … Նա ոչ էլ կարող էր տարբերել հայերին թուրքերից, սիրում էր հաջողությունը, ատում էր անհարմարությունները, սիրում էր դուր գալ, դուրս էր տալիս անհամար անհեթեթություններ, և այսօր էլ հարցրեք նրան՝ ի՞նչ է հասարակածը, նա չի պատասխանի»։ (Թեև վերջին տարիներին Հայաստանում Վուլֆի ինչ-որ տեքստեր թարգմանվել են, բայց վեպը հայերեն լեզվով դեռ չկա, և իմ թարգմանությունը չի հավակնում ճշգրտության։) Թվում է, թե այստեղ նաև որոշ ծաղր կա՝ ուղված ոչ միայն Կլարիսայի անտեղյակությանը քաղաքական անցուդարձից, այլև Բրիտանիայի քաղաքական վերնախավին, նրա անհասկանալի, անարդյունավետ գործունեությանը։

Ինչպես տեսնում ենք, Եվրոպայում հայերին ալբանացիների հետ շփոթելը նոր բան չէ, և անունների նմանությունից ավելի՝ հուշում է միայն Եվրոպայի համար նրանց լուսանցքային նշանակությունը։ Առաջին անգամ այս վեպը կարդացել եմ ռուսերեն թարգմանությամբ։ Պերեստրոյկայի վերջն էր, Խորհրդային Միության վերջին տարիները, երբ գրեթե միաժամանակ տպագրվեցին Ջոյսի «Ուլիսես» և Վուլֆի գործերի ծավալուն ժողովածուն, որը ներառում էր «Միսիս Դելոուեյ» և «Դեպի փարոսը» վեպերը։ Բազմաթիվ այլ տեքստերի հետ միասին այս տարիներին տպագրվող՝ նախկինում արգելված կամ անցանկալի աշխատանքների հրապարակումը նոր շերտ էր ավելացնում խորհրդային քաղաքացու պատկերացրած Եվրոպային, եվրոպական մշակույթին։ Իմիջիայլոց, ռուս թարգմանիչը ստիպված է եղել փոփոխություն կատարել, քանի որ ռուսերեն լեզվում հայերին ավելի հեշտ է շփոթել սլավոնների, քան ալբանացիների հետ («армяне или славяне»)։ Հայերեն թարգմանչի համար այսպիսի զույգ գտնելը, թվում է, էլ ավելի դժվար կլինի։

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 1923 թվականի հունիսյան մի օրվա ընթացքում։ Այդ շրջանում շարունակվում էր Լոզանի կոնֆերանսը, որտեղ պետք է կայացվեր ճակատագրական որոշում Հայկական հարցի վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հայաստանի թեման քննարկվել էր Լոնդոնում (1920), Փարիզում (1921) և այլուր։ Թուրքիայում կոտորածների ու տեղահանության ենթարկված արևմտահայությունը Լոզանում զրկվեց սեփական տարածք և որոշ վարչական միավոր ունենալու՝ մեծ տերությունների կողմից նախկինում խոստացված հնարավորությունից։ Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը ծառայեցրին Հայկական հարցն իրենց նպատակներին, և այս իրադարձությունը մեծ չափով որոշեց երկերեսանի, եթե ոչ՝ դավաճան Եվրոպայի պատկերը հայության համար (դավաճան, քանի որ Թուրքիայի առաջ միայնակ թողեց փոքր քրիստոնյա ժողովրդին)։ Եվրոպան առավելապես այն էր, ինչ պետք է կամ առնվազն կարող էր լինել՝ անօգնական ժողովրդի ակնկալիքների և հիասթափությունների արտացոլումը։

Մի  քանի ամիս առաջ՝ 1923-ի մարտին մահացել էր Հովհաննես Թումանյանը, որը, կարելի է ասել, վերջին հայ մտավորականներից էր, որ հետևողականորեն գրում էր Եվրոպայի, հայության արևմտյան հեռանկարի մասին։ Նրա մոտ Եվրոպան տարուբերվում էր երկու բևերների միջև․ մի կողմում իմպերիալիստական շահերի, քաղաքական ինտրիգների ու պատերազմական վայրագությունների Եվրոպան էր, մյուսում՝ բարձր քաղաքակրթության, Լուսավորության գաղափարների, մեծ մտավորականների ու արվեստագետների Եվրոպան։ Նա մի անգամ ևս արձանագրում է արևելահայության երկակի վիճակը ռուսական  տիրապետության ներքո. «Ինչպես մի ժամանակ հայերը, թեև ենթարկված էին Պարսկաստանի ազդեցությանը, բայց բարձր կուլտուրայի համար դիմում էին հին Հունաստան, այնպես էլ նոր հայությունը, թեև Ռուսաստանի սահմաններում ու նրա կուլտուրայի ենթակա, բայց բարձր զարգացման համար միշտ դիմել է Գերմանիա»։ Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ նույնպես «Եվրոպան» մշտական հղման կետ է։

Խորհրդային շրջանում Եվրոպայի հետ հարաբերությունների թեման, աստիճանաբար ավելի ու ավելի քաղաքականացվելով, դուրս մղվեց հանրային հետաքրքրությունների շրջանակից, և Սառը պատերազմի տարիներին խորհրդահայ մտավորականները, ի թիվս այլ բաների, բոլորովին անտեղյակ էին, թե մշակութային ինչ լեզվով կարելի է հաղորդակցվել Եվրոպայի հետ և նրա մասին։ Եւ եթե 1963-ին Հայաստանում Ժան-Պոլ Սարտրին ու Սիմոն դը Բովուարին երկու օրով հյուրընկալած հայ գրողները չգիտեին, թե նրանց հետ ինչի մասին և ինչպես խոսեն, գլխավոր պատճառը բնավ էլ ԿԳԲ-ի սարսափը չէր կամ «ներքին ցենզորը»։ Այսպիսով, կարելի է ասել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում մարդիկ շատ աղոտ, կցկտուր պատկերացում ունեին Եվրոպայի մասին, և մինչև այսօր այս առումով քիչ բան է փոխվել։ Վերջին 200 տարվա ընթացքում արևելահայության կապը աշխարհի հետ իրականացվել է առավելապես ռուսական միջնորդությամբ և եթե անգամ Խորհրդային կայսրության ծայրագավառին խոսք հասել էլ է, ապա գրեթե բացառապես Մոսկվայի տրամադրած և թույլատրած լեզվով։ Ուրեմն, որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով կարող են գալ նոր լեզուներ, նոր մտածողություն և ըստ այդմ՝ նոր պատկերացումներ Եվրոպայի (և աշխարհի) մասին և նրա հետ նոր հարաբերությունների հնարավորություն։ 

2007-ին ես գրել եմ երեք հոդվածների շարք «Մինչև ո՞ւր են հասնում Եվրոպայի սահմանները» վերնագրով (https://hetq.am/hy/article/21380, https://hetq.am/hy/article/24017, https://hetq.am/hy/article/24018)։ Գրելու խթանը Հայաստանում ծայր առած քննարկումներն էին գլոբալացման և դրա համատեքստում՝ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի մասին։ Քննարկելով տարածաշրջանի երեք խոշոր պետությունների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետզհետե վատթարացող հարաբերությունները Եվրամիության հետ, հոդվածը հանգում է ոչ սփոփիչ եզրակացության Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զագացման մասին։ Այսօրվա դիրքից, կարծում եմ, հոդվածաշարի պնդումները մնում են ճիշտ։ Ահա առաջին հոդվածի մուտքը «Հազիվ թե այսօր որևէ մեկը լրջորեն հարցնի` «Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ ոչ»։ Հարց, որի շուրջ բանավիճում էին անկախության առաջին տարիներին, և որը վաղուց կորցրել է հրատապությունը։ Ավելի թարմ է հետևյալ ձևակերպումը. «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին», որը Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի մի քանի տարի առաջ կազմակերպած միջազգային խորհրդաժողովի (2003) (և այնուհետև տպագրված հատորի) խորագիրն էր։ Ի տարբերություն հարցի, որը ենթադրում էր դրական պատասխան` հիմնված որոշակի պատմական, մշակութային և այլ նախադրյալների վրա, երկրորդը չունի նման հավակնություն, բայց դարձյալ լռելյայն ենթադրում է Հայաստանի` Եվրոպա մտնելու ինչ-ինչ հնարավորություններ»։

Այնուհետև առաջարկվում է փոխարինել Եվրոպա - Հայաստան հարաբերությունները նկարագրող «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» ձևակերպումը մեկ ուրիշով` «Հայաստանը Եվրոպայի լուսանցքում», որտեղ լուսանցքը, լինելով մեկ այլ փոխաբերություն, ունի թե՛ աշխարհագրական, թե՛ սոցիալ-մշակութային իմաստ, բայց ոչ` անպայման բացասական։ Փոխաբերություն, որը չի մատնանշում զարգացման ոչ մի ուղղություն և միաժամանակ զերծ է նախորդի լավատեսական ակնարկից։

Ցանկանում եմ մեջբերել Ռուսաստանին վերաբերող հատվածը. «Ռուսաստանի Եվրամիություն մտնելու մասին անիմաստ է խոսել առնվազն Ռուսաստանի ներկա տարածքի, հավակնությունների և տեղի ունեցող զարգացումների պայմաններում։ Ռուսաստանում առկա իրադրությունը (չեչենական հարցը, ժողովրդավարական ազատությունների հարաճուն սահմանափակումները և այն), որտեղ օրեցօր ավելի ակներև են դառնում և կարևորվում Արևմուտքից ունեցած տարբերությունները, խոսում է Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների բարդացման հերթական փուլի, Արևմուտքից Ռուսաստանի օտարման մասին, և շատ վերլուծաբաններ այս շրջադարձը համարում են անսրբագրելի։ Լավ հայտնի է նաև այն, որ Ռուսաստանը անթաքույց խանդով է վերաբերվում Արևմուտքի հետ նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերությունների բարելավմանը»։ 

Այն որ 2013-ի սեպտեմբերին Հայաստանը «անսպասելիորեն» հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, Հայաստանի վրա Ռուսաստանի ունեցած վերահսկողության ուժի ևս մեկ ապացույց է, և բնավ էլ ակնհայտ չէ, թե Հայաստանի ներկա իշխանությունները կկարողանան նվազեցնել այդ ուժը։ Ռուսաստանի ու Եվրոպայի միջև Հայաստանի երկփեղկվածության թեման ամփոփելու և այս տեքստի համար ընդհանուր եզրակացության հանգելու համար, մեջբերում եմ ևս մի հատված այն մասին, թե դեռ որքան վճռական է խորհրդային ժամանակից ժառանգված փորձառությունը ներկա զարգացումների համար. «Գուցե ավելորդ չէ նկատել, որ Խորհրդային Միությունում սոցիալիստական հասարակության կառուցումը կարող է ընկալվել որպես գլոբալացման նախընթաց փուլ, երբ տեղի էր ունենում ազգերի և մշակույթների միատարրացում, բայց շատ ավելի արմատական ձևերով ու հավակնություններով։ Այսինքն` հայ հասարակության և մշակույթի մերօրյա ճակատագրի համար վճռական գործոն է հենց խորհրդայնացման փորձառությունը։ 1990 թվականին հրապարակված, մշակութային գլոբալացման հարցերին նվիրված մի աշխատանքում Արջուն Ապպադուրային մասնավորապես ընդգծում է, որ գլոբալացումը կարող է լինել ոչ այնքան ամերիկականացում, որքան ճապոնականացում կորեացիների համար, հնդկականացում` շրիլանկացիների, վիետնամացում` կամբոջացիների, ռուսականացում Խորհրդային Հայաստանի համար և այլն։ Այժմ, Խորհրդային Միության փլուզումից մեկուկես տասնամյակ անց (երբ հետազոտողները միաբերան խոսում են Ռուսաստանի ամերիկականացման մասին), այս ենթադրությունը կարոտ է վերապահումների առնվազն Հայաստանի դեպքում։ Իհարկե, մեծ հաշվով, Հայաստանի ռուսականացման մասին պնդումը հիմա էլ անհիմն չէ, բայց, ի թիվս այլ վերապահումների, կարելի է առարկել, օրինակ, թե ռուսականացումը մի բան էր խորհրդային տարիներին և բոլորովին այլ բան` այսօր»։

Այժմ, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դեռ ունի ռազմական, տնտեսական և քաղաքական ուժեղ լծակներ, առկա է ետխորհրդային շրջանում առաջ եկած մի հիմնական տարբերություն՝ ռուսական մշակութային գերիշխանության էական նվազումը։ Ցարական Ռուսաստանում և Խորհրդային Միությունում հայության նկատմամբ ռուսական տիրապետությունն արդարացվել է նաև ռուսական «քաղաքակրթող առաքելությամբ»։ Այսօր ոչ նման առաքելության կարիք կա, ոչ էլ Ռուսաստանն է ընդունակ դրան։ «Ռուս մեծ մշակույթի» և «ռուսաց մեծ լեզվի» հմայքը էապես պակասել է ներկա մշակութային բազմազանության մեջ։

Իհարկե, այսօր Հայաստանը դեռ հեռու է Եվրոպայից, և ռուսական ազդեցությունը աստիճանաբար հաղթահարելու ճամփաներից մեկը Եվրոպային մերձենալն է մշակութային նոր միջավայր ստեղծելու, մտավորական կլիման հետևողականորեն փոխելու միջոցով, հատկապես երիտասարդներին մշակութայի ու կրթական ծրագրերի մեջ ներգրավելով, որ գուցե թույլ կտա մի օր երևակայել նոր հեռանկար Հայաստանի համար։ Բայց, իմ տպավորությամբ, ներկա միտումներն այս առումով լավ բան չեն խոստանում։ Այսօր ավելի հավանական է թվում, որ աշխարհի հետ մշակութային, մտավորական հաղորդակցության ձևեր այդպես էլ չգտած Հայաստանը վերջնականարես հանձնվի Ռուսաստանի շուրջն ուրվագծվող ռեգիոնալացման ընթաքին։

Մեկնաբանություններ (3)

Տիգրան
Ակնկալիքներս պրն. Բայադյանից մեծ էին: Խորին հարգանքներս, բայց հոդվածը բավականին պարզունակ է, նաիվ կիսապրոպագանդիստական միտումով: Չի բացվում կարևոր և հիմնական միտքը՝ ինչ է Եվրոպան? Եվրոպան նույնացվում է Եվրամիություն քաղաքական կոնստրուկտի հետ, որը լիովին նոր և նույն եվրոպացիների համար բավականին վիճահարույց կառույց է: Իսկ Եվրամիության բազմաթիվ երկրների միջև (նույնիսկ երկրների ներսում) մշակութային (և այլ) տարբերությունները ավելի մեծ են, քան Հայաստանի ու Եվրամիության որոշ երկրների միջև: Եվ հետևաբար ինչի և դեպի ուր ենք ձգտում կամ պետք է ձգտենք? Եթե (իբր թե) կարևոր է դրսում մոդել գտնել ձգտելու համար, ապա դա որն է? Երկրորդը՝ չի բացվում մեկ այլ կարևոր հարց՝ այսօր մենք ինչ քաղաքակրթություն էնք, ինչ ժառանգության կրող ենք? Միայն հպանցիկ ներկայացվում է մոդայիկ պոստկոլոնիալ տեսության տրամաբանության համատեքստում: Չնայած անչափ հետաքրքիր և կարևոր թեմային, հոդվածը պարզունակացվում է Կրեմլի և Եվրամիության վերնախավերի բիզնես-քաղաքական, արդեն հոգնացնող ու ծեծված դարձած հակասություններում և այդ համատեքստում մեր "խեղճ ու կրակ, ազատատենչ" կարգավիճակով: Ցավալի է, որ մեր ինտելլեկտուալ դիսկուրսը այսչափ ցածր և կիսապրոպագանդիստական մակարդակի վրա է: Հ.Գ. իհարկե կարելի էր շատ երկար և մանրամասն վերլուծել հոդվածը: Հուսամ պրն. Բայադյանը ժամանակ կգտնի աչքի տակով անցկացնի մեկնաբանությունները:
Հովիկ
Հարգելի հեղինակ, Սարտրի հայաստանյան այցի օրերին բավական էր այցելել Եվրոպայից հայրենադարձված բազմահազար ՍՀ քաղաքացիներին, հնարավոր է նույնիսկ գտնվեոն Սարտրի համաերկրացիներ։ Հայաստանում մինչ օրս չի գնահատվում առկա մշակութային բազմազանությունը, որը շարունակում է համալրվել. մնում է մոմ վառել և փնտրել ինչպես հույն փիլիսոփան։
Վահան Իշխանյան
Հրաչ Բայադյանի այս միտքը վիճահարույց է.«Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը ծառայեցրին Հայկական հարցն իրենց նպատակներին, և այս իրադարձությունը մեծ չափով որոշեց երկերեսանի, եթե ոչ՝ դավաճան Եվրոպայի պատկերը հայության համար (դավաճան, քանի որ Թուրքիայի առաջ միայնակ թողեց փոքր քրիստոնյա ժողովրդին)»։ Կապիտալիստական աշխարհը հիմնված է շահերի վրա, և ոչ թե հավատարմության, մանավանդ երբ ժողովուրդները միմյանց չդավաճանելու ամուսնական պայմանգիր չեն կնքել։ Եվ եթե այդ պարզ ճշմարտությունը չեն գիտակցել հայկական վերնախավերը, որի արդյունքում կորուստներ են ունեցել սպասելով արևմուտքից օգնության, մեղքը իրենցն է, որը ոչ թե միամտության, այլ անմտության արդյունք է։ Եվրոպացի դառնալու հայ մտավորականների մշակութային ձգտումը հաճախ ընկնելով քաղաքկան շահերի մեջ, հակադրվելով Եվրոպայի հետ քաղաքական հակասություններ ունեցող Ռուաստանի հետ, բազմաթիվ կորուստներ է բերել հայությանը։ Այդ նույն անմտությունը այս օրերին էլ է կատարվում՝հայկական շահերի հաշվին հայկական մի շարք շրջանկներ Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնում ու Արևմուտք են խցկում, որը եթե իրականան, ողբերգական կորուստների կբերի, ու կրկին կխոսեն դավաճանության մասին։ Այս գրությունն էլ այդ քաղաքականության արտահայտություններից մեկն է. հակառուսական պրոպագանդա։ Մի՞թե Արևմուտքին նմանակելու տենչը շատ ավելին է քան անվտանգության զգացողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։