HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԴՄ-ների գործով հարցաքննվել է «Հետք»-ի լրագրողը 

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է «Հետք» թերթի լրագրող Դիանա Ղազարյանը։ Վերջինս քրեական գործի շրջանակներում ունեցել է վկայի կարգավիճակ։ Նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված՝ այլ տեղեկություններ չենք հաղորդում։

Հարուցված քրեական գործը վերաբերում է հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերմանը։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) օգոստոսի 7-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով․ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»։

Կոմիտեն հավելել էր նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Այս համատեսքտում պարզվել է նաև, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետեւանքով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել։ Սակայն կոմիտեն չի պարզաբանել, թե ովքեր են ՊԵԿ այդ բարձրաստիճան պաշտոնյաները։

Նշենք, որ այդ գործարքը վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրին, որով մատակարարվել էր 25․000 «Pax S 900» մոդելի ՀԴՄ։

Հավելենք, որ ամիսներ շարունակ «Հետք»-ը չէր կարողանում ՊԵԿ-ից ստանալ հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գնման պայմանագրերը, քանի որ կոմիտեն հղում էր կատարում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին։ Պատճառաբանում էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:

«Հետք»-ն ամիսներ առաջ ՀԴՄ սարքերի գնման մասին հետաքննություն էր հրապարակել։ Հայտնել էինք, որ ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է 70 տոկոս ավելի բարձր գնով, նաեւ՝ որ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70 % ավել։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։