HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ոչ մարտական գործողությունների ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց

Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ։ Նախագծով պատգամավորներն առաջարկում էին փոխհատուցում տրամադրել նաև ոչ մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը։

Նախագծի հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց.

«Անկախ այն հանգամանքից, թե ինչպես է ստացվել կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը, զինծառայողը պետք է ստանա միևնույն փոխհատուցումը»,- ասաց նա՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագիծն օրակարգ ներառելու նախագծին և միասին լուծումներ մտածել խնդրի շուրջ։

«Եթե զինծառայությունը պարտադիր է, ապա դրա բոլոր հետևանքները պետությունը պետք է վերցնի իր վրա, պետությունը պետք է պատասխանատու վարվի այն քաղաքացիների նկատմամբ, ում տարել է պարտադիր զինվորական ծառայության»,- ասաց նա։

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝ հանձնաժողովը կողմ է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի («1000 դրամների», հեղ.) շահառուների թվի մեծացման գաղափարին, սակայն դա պետք է լինի հստակ թվային հաշվարկների հիման վրա։

Պատգամավորը հիշեցրեց, որ հիմնադրամի շահառուներ են համարվում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները, նաև առաջին, երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողները։

«Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, մենք կողմ ենք շահառուների ներկայության ավելացմանը, սակայն դա պետք է լինի հստակ թվային հաշվարկների առկայությամբ, այլապես դա դառնում է բարի ցանկությունների շարադրանք»,- ասաց Մկրտչյանը։

Նախագիծը մերժվեց և օրակարգ չընդգրկվեց 35 կողմ, 71 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ խորհրդարանը նախորդ նստաշրջանում մերժել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հեղինակած նախագիծն օրակարգ ներառել, որով վերջինս առաջարկում էր զորացրվող զինծառայողներին զորացրվելուց առաջ համալիր բժշկական փորձաքննության ենթարկել այնպես, ինչպես զորակոչվելիս։

 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter