HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունից մինչև Ամուլսարի հնարավոր շահագործման ժամկետներ. վարչապետի ֆեյսբուք լայվի գլխավոր ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով կրկին անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային: «Հետք»-ը ներկայացնում է վարչապետի լայվի գլխավոր ուղերձները:

Նոր ՇՄԱԳ կատարելու օրենսդրական մեխանիզմ չկա

Վարչապետը սկզբում հիշեցրեց իր հանձնարարականն՝ ուղղված Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ստուգել ևս մեկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) իրակացնելու անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմ չկա, որ թույլ կտա նոր ՇՄԱԳ կատարելու որոշում ընդունել:

«Բոլոր այն դեպքերում, երբ ծագում է նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն, դրանից առաջ իրականացվում է ստուգումների որոշակի փուլ՝ պարզելու համար այն փաստերը, որոնք կարող են հանգեցնել նոր ՇՄԱԳ-ի: Որոշ դեպքերում դա եռամսյա ժամկետի մասին է, որոշ դեպքերում ուղղակի բնապահպանական տեսչության ստուգմամբ է սահմանափակված, որը 30 օր է և կարող է ձգվել մինչև 70 օր: Այսինքն՝ եթե նույնիսկ արձանագրվի դե յուրե նման գործընթացի անհրաժեշտությունը, ապա այն կարող է լինել հավելյալ ստուգումների արդյունքում, և սա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե ստուգման ընթացքում արձանագրած խախտումները հնարավոր է վերացնել առանց նախագիծը փոխելու, ապա այդ դեպքում նոր ՇՄԱԳ մեր օրենսդրությամբ չի պահանջվում:

«Եթե արձանագրված թերությունները հնարավոր չի լինում վերացնել առանց նախագիծը փոխելու, ուրեմն առաջանում է նոր նախագծի անհրաժեշտություն և նոր նախագծի անհրաժեշտության բերումով արդեն պետք է իրականացվի շրջակա միավայրի վրա ազդեցության գնահատում»,- ասաց գործադիրի ղեկավարը:

«Լիդիան»-ը վարչապետին խոստացել է չաղտոտել շրջակա միջավայրը

Վարչապետը շեշտեց, որ տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ ընկերության ներկայացուցիչները պնդել են, թե ցանկացած գործունեության պատասխանատվությունը կրում է «Լիդիան» ընկերությունը: 

««Լիդիան» ընկերությունն իմ հետ հանդիպումների ընթացքում արձանագրել է հետևյալը. ինքը ասում է՝ ինչպես ես ՇՄԱԳ-ում գրել եմ, ես պարտավորվում եմ էդ հանքը շահագործել 100 տոկոս անվտանգ, ինչը նշանակում է, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա ջրերը չեն աղտոտվի, մակերեսային ջրերը չեն աղտոտվի, շրջակա միջավայրի կենսաբազմազանության հետ պրոբլեմներ չեն առաջանա: «Լիդիան»-ը պաշտոնապես արձանագրում է, որ իրենք ինչ պարտավորվել են, էդ պարտավորություները երաշխավորում են, որ կկատարեն ամենաբարձր մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն իրավիճակի հնարավոր վատթարացման ազդակներ ունի

Վարչապետը նշեց, որ Ամուլսարի թեմայով իր մոտեցումը մնացել է նույնը, ինչ իր նախորդ ֆեյսբուքյան լայվի ժամանակ, այսինքն՝ առնվազն այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա: Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարությունը չի կարող հաշվի չառնել հանրության շրջանում առկա անհանգստությունները: 

«Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունների հետ: Ինչպես գիտեք, վերջերս Moody’s ընկերությունները բարձրացրել է Հայաստանի վարկանիշը, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի մասնավոր բանկերը կարող են ֆինանսական միջոցներ ներգրավվել ավելի էժան, քան երբ որ Հայաստանի վարկանիշն ավելի ցածր էր: Այս պարագայում այդ գումարները, որ բերվում են, դրանք ինչ-որ առումով կանխորոշում են մեր բանկերի կողմից քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսները: Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որ եթե մենք իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, իրավիճակին պետական մոտեցում չցուցաբերենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք բոլորս կարող ենք զգալ»,- ասաց վարչապետը:

Կառավարությանը կմեղադրեն խտրական մոտեցման համար

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե որոշվի պարզապես թույլ չտալ Ամուլսարի հանքի շահագործումը, ապա հարց կառաջանա, թե ինչպես է Կառավարությունը թույլ տալիս շահագործել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքի, Թեղուտի հանքի շահագործումը, արդյոք նրանք համապաստախանու՞մ են միջազգային ստանդարտներին և բնապահպանական հարցեր չե՞ն առաջանում: Այս դեպքում, ըստ Կառավարության ղեկավարի, Հայաստանը կարող է ունենալ միջազգայնորեն շատ լուրջ խնդիր, եթե Կառավարության սխալ որոշման պատճառով ստացվի, որ ցուցաբերվում է խտրական մոտեցում:

«Մենք չենք կարող արհամարհել նաև մեր երկրի տնտեսության անվտանգության և ընդհանրապես մեր երկրի արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իվանյանն իր անմիջական վերադասին զեկուցել է բնապահպանության նախկին նախարարի հետ ազգակցական կապի մասին:

Այս ամենից հետո վարչապետը խնդրեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին Ամուլսարում ստուգումներ սկսել՝ պարզելու Շրջակա միջավայրի նախարարության վեր հանած խնդրահարույց հարցերը, իսկ այն հարցերը, որոնք պարզելու իրավասություն տեսչական մարմինը չունի, դրանց պատասխանները կտա նախաքննություն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, հարուցված քրեական գործի շրջանակներում: Վարչապետն անդրադարձավ նաև Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի և բնապահապնության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի մասին հրապարակմանը: Փաշինյանի խոսքով՝ երբ քրեական գործ է հարուցվել և այն հայտնվել է Իվանյանի վարույթում, վերջինս իր անմիջական վերադասին զեկուցել է իր ազգակցական կապի մասին բնապահապանության նախկին նախարարի հետ:

«Այդ փաստը արձանագրելուց հետո անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ պարզելու, թե դա բացարկման հի՞մք է, թե ոչ: Արդյունքում արձանագրվել է, որ դա դե յուրե բացարկման հիմք չէ, և այդ փաստը Իվանյանի անմիջական վերադասը չի զեկուցել իր վերադասին: Մենք այս պատմության մեջ խնդիր տեսնում ենք, և հիմա քրեական գործը Յուրա Իվանյանի վարույթից վերցվել է ու փոխանցվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է 15 օր առաջ, այսինքն՝ քրեական գործի քննության ողջ ընթացքում այնտեղ չի աշխատել: Կձևավորվի քննչական նոր խումբ, որ կզբաղվի թե՛ նախկինում ի հայտ եկած փաստերի, թե՛ ներկայի փաստերի քննությամբ»,- ասաց վարչապետը:

Վարչապետը խոստանում է հանքի շահագործման դեպքում վերահսկել բոլոր գործընթացները

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարությունը ունի բոլոր լծակները հանքի շահագործման դեպքում ամենօրյա մոնիթորինգներով, որին կներգրավվեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, ազդակիր համայնքների բնակիչներ, վերահսկել գործընթացները, և եթե արձանագրվեն խախտումներ, կկայացվեն համապատասխան որոշումները՝ ընդհուպ մինչև հանքի շահագործման դադարեցում կամ արտոնագրից զրկում:

«Լիդիան»-ը նշել է հանքի հնարավոր շահագործման մոտավոր ժակետները

Կառավարության ղեկավարն ասաց, որ «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում հարց է ուղղել, թե եթե սեպտեմբեր ամսին ընկերությունը հանքի նկատմամբ հասանելիություն ունենա, ապա ինչ ժամկետներում կարող է սկսել շինարարությունը, և հետագայում հանքի շահագործումը: «Լիդիան»-ի ներկայացուցիչներն ասել են, որ շինարարական աշխատանքները ամենաշուտը կարող են սկսել 2020թ. ապրիլին, հանքի շահագործումը լավագույն դեպքում՝ 2020թ. չորրորդ եռամսյակին, իսկ ամենահավանական ժամկետը՝ 2021թ. առաջին եռամսյակին:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ հանք տանող ճանապարհների շրջափակումը միջազգային տնտեսական իմիջի տեսանկյունից Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter