HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Միայն երկուսուկես ամիս սպասել եմ, թե երբ է քննվելու կալանքի հարցը». Ռոբերտ Քոչարյանը ստացել է իր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի քննությունը:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունն ու այլ տվյալներ:

Ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այս պահին մշտական աշխատանք չունի, հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։ Հարցին, արդյոք ունի առողջական խնդիրներ՝ Քոչարյանը պատասխանեց, որ չի ցանկանում դատարանում խոսել առողջական խնդիրների մասին:

Քոչարյանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը  վաղուց է ստացել: Դատարանը ճշտեց՝ երկու ամիս կլինի, ինչ ստացել է եզրակացությունը, ինչին Քոչարյանը դրական պատասխան տվեց:

«Միայն երկուսուկես ամիս սպասել եմ, թե երբ է քննվելու կալանքի հարցը»,– ասաց Քոչարյանը:

Երբ ճշտվում էր Սեյրան Օհանյանի ինքնությունը, դատարանը հայտարարեց, թե նա, առողջական վիճակից ելնելով, կարող է ոտքի չկանգնել, սակայն Սեյրան Օհանյանը հարցերին պատասխանեց ոտքի կանգնած:

Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ բնակվում է Վահագնի թաղամասում, չի աշխատում, կենսաթոշակառու է։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը դատարանի հարցերին պատասխանեց ռուսերենով։ Նա հայտարարեց, որ հայերենին տիրապետում է, սակայն բանավոր խոսքում հնարավոր է՝ սխալներ թույլ տա, դրա համար խոսում է ռուսերենով։ Նշենք, որ նրա համար թարգմանիչ է հրավիրվել դատարան: Խաչատուրովը հայտնեց, որ բնակվում է Ազատության պողոտայում, ազատորեն տիրապետում է ռուսաց գրավոր և բանավոր լեզվին, իսկ մեղադրական եզրակացությունը ստացել է երեք ամիս առաջ։

Արմեն Գևորգյանը նշեց, որ աշխատում է և ծանոթացել է մեղադրական եզրակացությանը:

Նշենք, որ դատական նիստն ընթանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դահլիճի ապակեպատ սրահում, որտեղ դժվարությամբ է լսելի դատավարության կողմերի ձայնը:

Նիստի ընթացքում դատարանը քննարկեց տուժողների իրավաջորդներին ու. ներկայացուցիչներին գործում ներգրավվելու հարցը և փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Արա Ղարագյոզյանին ներգրավվեց որպես ներկայացուցիչներ:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հարց բարձրաձայնեց, թե ինչո՞ւ են Մարտի 1-ի բուն գործով տուժողներն ու նրանց իրավահաջորդների ներկայացուցիչները ներգրավվում 2008-ին սահմանադրական կարգ տապալելու, կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով քննվող քրեական գործում:

«Խորապես վշտակցում եմ բոլորին, բայց պետք է ընդգծեմ մեկ բան. մինչև այսօր որևէ գործ դեռ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողների սպանության վերաբերյալ հարցը: Այս գործը քննվում է, ինչպես բոլորիս հայտնի է 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապակում) և այս գործով չկա մարդ, որը ավելի շատ տուժող է սահմանադրական կարգի տապալման, քան՝ Հայաստանի Հանրապետության 3 միլիոն բնակիչ: Կամ այդ տրամաբանությամբ 3 միլիոն բնակիչ պետք է այստեղ բերել, կամ այստեղ տուժող չպետք է լինի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Տուժողներն ու նրանց ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, ներգրավվեցին գործին:

Մեկնաբանություններ (1)

HAGOP
THERE IS A FAT POLICE MAN WITH A WHITE SHIRT AND HUGE STOMACH IN THE PICTURE ON THE LEFT!!!!!! ARMENIA NEEDS TO PUT POLICE ON DIET!!!!!!! TOO MUCH BARBEQUE AND NOT ENOUGH EXERCISE!!!!!! TURKS WILL ATTACK AND ARMENIA HAS FAT POLICE!!! SAD!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter